ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐԱՐԱՏ ԶՈւՐԱԲՅԱՆ

Սեպտեմբերի 28-ին տեղի են ունենալու Կենտրոնի եւ Նոր Նորքի համայնքապետերի ընտրությունները: Կենտրոնում սպասվում է թեժ պայքար, քանի որ "մենամարտում" են իշխանության եւ արմատական ընդդիմության կարկառուն դեմքերը, կամ` հին ու նոր թաղապետերը: Այս ընտրություններին մասնակցելու է նաեւ Եւրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը:

Համայնքային ընտրությունների մասին կարծիք են հայտնել կուսակցական եւ ոչ կուսակցական քաղաքական գործիչներ:

Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյան

"Չեմ կարծում, որ փոփոխություններ կլինեն, դրա համար նախադրյալներ չկան: Հերթական բախումների առիթ են: Որակական փոփոխություններ չեմ ակնկալում, սա հերթական խեղկատակությունն է լինելու: Որպես անկախ քաղաքական գործիչ, ելնելով այսօրվա իշխանության քաղաքականությունից, կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կհաղթի գործող թաղապետը":

Երեւանի նախկին քաղաքապետ, "Հանրապետություն" կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյան


"Ինչ-որ մի բան էս երկրում փոխվե՞լ ա: Իշխանության հույսին մնալով` ոչ մի լավ բան չի կարելի ակնկալել: Կոնգրեսի մասնակցության պայմաններում պայքարի սրությունը եւ, առհասարակ, հսկողությունը ուժեղ կլինի: Ընդդիմության ճնշումն ավելի մեծ է լինելու, որովհետեւ Արարատ Զուրաբյանը մեծ ընտրազանգված ունի եւ կարող է տոնել հաղթանակ: Իսկ Կենտրոնի ընտրությունները ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլեւ քաղաքական առումով` վստահ եմ, որ տարբերվելու է, փողի եւ այլ ֆակտորները չեն գործելու: Իսկ իշխանության հույսը, երեւի, հանձնաժողովներն են: Թվում է` թեժ պայքար է լինելու, եւ ես ակնկալելու եմ Արարատ Զուրաբյանի հաղթանակը":

"Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության" նախագահ Խոսրով Հարությունյան


"Ես կարծում եմ, որ այս ընտրությունները, իրոք, տարբերվելու են: Ես կարող եմ նշել երկու պատճառ: Առաջինը, որ ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը լրացուցիչ վերահսկողության հնարավորություն կտա: Երկրորդը, անցած ընտրությունները հասարակության գիտակցության մեջ կոշտ ու կոպիտ խախտումների նստվածք են տվել: Իսկ հիմա թեկնածուներն աշխատում են սիրաշահել ընտրողներին, վստահություն ձեռք բերել: Երկու թեկնածուներն էլ շեշտը դնում են իրենց կողմնակիցների մասսայականության վրա: Հույսը դնում են ոչ թե նախկին ընտրական տեխնոլոգիաների վրա, այլ` ընտրողների բարի վերաբերմունքի: Հաջողությունը պայմանավորված է ընտրող եւ ընտրվող հարաբերություններով: Արարատ Զուրաբյանի եւ Գագիկ Բեգլարյանի ջանքերն այս առումով ես տեսնում եմ: Երկուսն էլ աշխատել են թաղապետ, բայց Գագիկ Բեգլարյանի գործերի տպավորությունները դեռ թարմ են, իհարկե, թերություններ էլ կան: Ես կցանկանայի, որ այս ընտրությունները լինեն մեկ քայլ առաջ: Մնում է ստանալ ընտրողների աջակցությունը":

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյան

"Ես գիտեմ, որ տարբերություն այս անգամ կլինի, որովհետեւ ընդդիմությունն ամբողջ ուժով պայքարելու է: Ինչքան ազնիվ, ինչքան արդար անցնի` այնքան լավ: Թե ով կընտրվի, չեմ կարող ասել, բայց ուղղակի մտածում եմ, որ ընդդիմությունը կհաղթի: Կոնգրեսն ունի ներուժ` մի թաղամաս պահելու համար: Ընտրակեղծիքներ որոշակի կլինեն, բայց ոչ էն թափով, որ միշտ կա":

ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյան


"Ոչինչ էլ չեմ ակնկալում: Ընտրակեղծիքներ միշտ էլ կարող են գործել, բայց ցանկալի է, որ չլինի: Չեմ կարող ասել` ինչպիսի պայքար կլինի, կպայքարեն` կտեսնենք: Ով էլ ընտրվի, ինձ համար մեկ ա, միայն թող արդար լինի":

Մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյան

"Եթե ընտրություններն ընթանան արդար, ուրեմն, Արարատ Զուրաբյանն անպայման կհաղթի: Նա բավական երկար ժամանակ եղել է այդ պաշտոնում, եւ իր աշխատանքը մենք տեսել ենք: Ներկայիս պայմաններում Կենտրոնի թաղապետ ընտրվելու նրա շանսը մեծ է: Իշխանությունն իր հույսը ամբողջովին դրել է կեղծիքների ու բռնությունների վրա: Ընտրակեղծիքների հարցում իրենց սեւ գործը կանեն: Նրանք վախենում են որեւէ պարտությունից, որովհետեւ դա կլինի նրանց իշխանության վերջին ազդանշանը: Ինչ վերաբերում է ԵԽ դիտորդներին, ես հարգում եմ արեւմտյան քաղաքակրթությունը, բայց, դժբախտաբար, ներքին հարցերում, չպետք է ուշադրություն դարձնեն մեր ներքին հարցերի վրա":

"Ժառանգություն" խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյան


"Կարծում եմ, որ Արաբկիրն իր օրինակով ցույց տվեց, որ թեկնածուները կարող են ստանալ իրենց ընտրողների ճիշտ հաշվարկը եւ բացառել կրկնակի ընտրություններ ու լցոնումներ: Կենտրոնում ընդդիմադիր ուժերը կարող են վերահսկել: Արաբկիրի փորձը ցույց տվեց, որ հաղթանակը պայմանավորված է լինելու քաղաքացիների մասնակցությամբ: Եթե Կենտրոնի բնակիչները գնան ընտրությունների, ուրեմն, Արարատ Զուրաբյանը կհաղթի, եթե ոչ, ուրեմն, ադմինիստրատիվ ռեսուրսը քվեները տեղափոխելու է ընտրական տեղամաս: Բախումներ, հուսով եմ, չի լինի":

"Սահմանադրական իրավունք միության" նախագահ Հայկ Բաբուխանյան

"Ճիշտն ասած` որեւէ ակնկալիքներ չունեմ: Ովքեր մասնակցում են, պարտավոր են ապահովել արդար եւ թափանցիկ ընտրությունները: Ովքեր հպարտանում են, թե ժողովուրդն իրենց թիկունքին է, թող ապացուցեն: Երկու թեկնածուներից էլ, որպես գործող թաղապետ, դժգոհ ենք: Ես հիմա Կենտրոնում եմ եւ պատուհանից տեսնում եմ մի աղբակույտ, որը եթե զբոսաշրջիկներն էլ տեսնեն, կփախչեն: Այդպիսին էր վիճակը նաեւ նախորդի ժամանակ: Որպես քաղաքականացված ընտրություններ` երկուսին էլ հնարավորություն է տրված ապացուցելու իրենց հեղինակությունը եւ ցույց տալու իրենց քաղաքական պլատֆորմը: ՀՀՇ-ն ամեն տեղ հպարտանում է, թե ժողովուրդն իր թիկունքին է, դե, ուրեմն, թող ապացուցի, որ այդպես է":

www.hraparak.am