՚
ԳՈՂԻ ՁԵՌՔԸ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԲՌՆԻՙ
[13:01] 23 Սեպտեմբերի, 2008
՚Բոլոր ընտրություններն էլ կարեւոր են: Տեղական ինքնակառավարման ընտրություններն առավելապես, որովհետեւ տեղական ինքնակառավարումը ժողովրդին ամենամոտ իշխանությունն է եւ ժողովուրդը սովորաբար դատում է տեղական ինքանկառավարման մարմինների միջոցով: Նրանց հետ է ժողովրդի ամենօրյա գործըՙ,- սեպտեմբերի 28-ին Երեւանում նախատեսված ՏԻՄ ընտրությունների` հատկապես Կենտրոնի թաղապետի ընտրության առիթով ՚Ա1+ՙ-ին ասաց Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Կարեւորելով ՏԻՄ ընտրությունները` Առաջին նախագահն ասաց. ՚Ես երջանիկ կլինեի, եթե ՏԻՄում մշտապես ընտրվեին ազնիվ, բանիմաց եւ ժողովրդի նկատմամբ հոգատար մարդիկ: Այս պարագայում խոսքը Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունների մասին է, Արարատ Զուրաբյանը հենց այն մարդն է, որը համապատասխանում է իմ ասած պահանջներին, որը նա ապացուցել է իր աշխատանքովՙ:
Խոսելով կոնկրետ Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արարատ Զուրաբյանի մասին` ՀՀ առաջին նախագահը ընդգծեց. ՚Արարատ Զուրաբյանն ավելի լայն` հանրապետական մասշտաբի գործիչ է, եւ դեռ պատանի հասակից` 1988թ.-ից եղել է այս շարժման մեջ: 20 տարի է անցել եւ նա այն հազվագյուտ մարդկանցից է, որ երբեք չի դավաճանել ոչ շարժմանը, եւ ոչ էլ շարժման գաղափարներին: Այսօր մեր ժողովրդի վերաբերմունքն էլ շարժման նկատմամբ ցույց է տալիս, որ այդ շարժումն իրեն արդարացրել է` իր բոլոր թերություններով հանդերձ, որոնք բնորոշ են ցանկացած իշխանության: Շարժումը բռնել է ժամանակի փորձը, քննությունը: Կարծում եմ` ժողովրդի ընտրությունը պետք է կանգ առնի Արարատ Զուրաբյանի նման մարդկանց եւ ոչ թե պատահական մարդկանց վրա, որոնց համար համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ թե պետական գործ է, այլ սեփական բիզնեսը զարգացնելու միջոցՙ:
Հաշվի առնելով Երեւանի մյուս համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնք ուղեկցվեցին կեղծիքներով, կաշառքի բաժանմամբ, բռնություններով, ընդհուպ դանակահարությամբ, ՚Ա1+ՙ-ը Առաջին նախագահից հետաքրրքվեց, թե արդյոք սեպտեմբերի 28-ին Կենտրոն համայնքում չի կրկրնվելու նախորդ ՏԻՄ ընտրությունների սցենարը:
՚Ինձ հենց դա է ցավ պատճառում: Ես հասկանում եմ, որ խրհրդարանական, նախագահական ընտրություններում իշխանությունները փորձում են եւ ամեն ամեն ինչ անում են իրենց իշխանությունը պահպանելու համար: Բայց որ նույնը կատարում են նաեւ ՏԻՄ ընտրություններում, դա արդեն ՚բեսպրեդել էՙ: Այն սահմանազանցությունն է, որի մասին ես խոսել եմ: Ի՞նչ էր իրենց խանգարում մի քանի ՏԻՄ ընտրություններում իսկապես արդար ընտրություններ անցկացնել: Ի՞նչ վնաս կարող էր հասցնել ընդդիմադիր թաղապետը իրենց իշխանությանը: Սրանք ոչ միայն դա չեն հանդուրժում, այլեւ չեն հանդուրժում, որ ժողովուրդը ընտրի իր գյուղապետին: Սա ցավով եմ ասում: Սա ոչ միայն իշխանատենչություն է, բռնատիրություն է, այլ գավառականության չափազանց ծայրահեղ արտահայտություն, որ ոչ մի այլախոհություն, ոչ մի օրինական բան չլինի այս երկրում: Մարդիկ այս հարցում ՚տաղանդՙ ունեն, ՚հանճարեղՙ ենՙ: Չեն ուզում, որ այս երկրում որեւէ օրինական պաշտոնի լինի, ուզում են բոլորին իրենց նմանեցնելՙ:
Տեր-Պետրոսյանը գտնում է, որ անգամ այս իրավիճակում ՀՀ շարքային քաղաքացին միշտ էլ արել է այն, ինչ պետք է անի. ՚Համարյա բոլոր ընտրություններում էլ հաղթել է ոչ իշխանական թեկնածուն: Բայց գիտենք, որ արդյունքները այլ կերպ են հրապարակվում: Փակում են ընտրական տեղամասերը եւ գրում ցանկացած արդյունքՙ:
Անկախ հանգամանքներից`
Տեր-Պետրոսյանը ժողովրդին կոչ է անում բոլոր ընտրություններում լինել ավելի ակտիվ եւ գնալ քվեարկության.՚Ոչինչ, թող էլի գողանան: Բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է կատարի իր պարտքըՙ: Իսկ մինչեւ ե՞րբ պետք է գողանան. ՚Ա1+ՙ-ի հարցին` Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. ՚Մինչեւ նրանց ձեռքը բռնող լինի: Ես միայնակ քիչ եմ, ամբողջ ժողովուրդը պետք է նրանց ձեռքը բռնիՙ:
Էջանիշներ