ՀՈՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱՐԱԲԿԻՐՑԻՆԵՐԻՆ
Արաբկիր համայնքի հարգելի բնակիչներ,
Շնորհակալություն եմ հայտնում անցած երեք տարիներին ինձ վստահելու և համատեղ աշխատանքի համար: Աշխատանք, որը կշարունակվի նաև մինչև հոկտեմբերի 1-ը, մինչ իմ լիազորությունների ժամկետի ավարտը: 2005 թվականին ես ընտրվել եմ Արաբկիր համայնքի բնակիչների կողմից` ստանալով 18 հազար 315 վստահության քվե: Ուստի, հարգելով մեր բնակիչների ընտրությունը, ես կղեկավարեմ Արաբկիրի թաղապետարանը մինչ օրենքով նախատեսված ժամկետի ավարտը: Բոլոր արաբկիրցիներին շնորհակալություն եմ հայտնում նաև սեպտեմբերի 7-ին կայացած համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններում սադրանքներին չենթարկվելու, այդպիսով նաև` ավելի անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Որևէ պաշտոն ինքնանպատակ չէ և նույնիսկ ամենաբարձր պաշտոնը չի կարող արժենալ գեթ մեկ մարդու կյանք: Իսկ կիրակի օրը մեր համայնքում տեղի ունեցած իրադարձությունները հղի էին նման հետևանքներով: Բարեբախտաբար, մենք կարողացանք խուսափել նման անցանկալի ելքից. ինձ համար կիրակի օրը խնդիր դարձավ ոչ թե ընտրություններում իմ մասնակցությունը, այլ համայնքի բնակիչների կյանքի անվտանգությունը: Եվ ես իմ խնդիրը լուծած ու ինձ հաղթանակած եմ համարում: Սեպտեմբերի 7-ը ցույց տվեց, որ ընտրություններն առանց մարդկային զոհերի անցկացնելն արդեն հաղթանակ է:
Արաբկիր համայնքի ղեկավար
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ
Էջանիշներ