ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՚ԽԱՅՏԱՌԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՙ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

[15:11] 08 Սեպտեմբերի, 2008

՚Ընտրություններն անցան խայտառակ ՚թափանցիկՙՙ,- Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի ընտրություններն այսպես է գնահատում թաղապետի թեկնածու Մանուել Գասպարյանը, որ պաշտոնական տվյալներով պարտվել է գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանին մոտ 4000 ձայնով: ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում Գասպարյանն արդեն բողոքարկել է ընտրությունների արդյունքները:

՚Կեղծիքներին մասնակցել է անձամբ Ընտրատարածքային հանձնաժողվի նախագահ Վանուշ Զեյնալյանը: Նա բոլոր տեղամասերում միջամտել է ընտրությունների ընթացքին, քաշքշել է իմ վստահված անձանցից մեկին եւ նրա պայուսակը մի կողմ շպրտելով` ձեռքից վերցրել է իբր անվավեր քվեաթերթիկները: Իսկ այդ ընթացքում քվեատուփը ընկած է եղել գետնին, իսկ քվեաթերթիկները թափառել են գետնին: Այդ կանխվել է միայն իմ միջամտությունից հետո: Ես այդ մասին տեղեկացրեցի նաեւ ոստիկանությանը, եւ մեր տարածքի փոխոստիկանապետի միջամտությունից հետո սաստել են Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին եւ անդամներին, որոնք վեճի էին բռնվում օրվա ընթացքում եւ անօրինական գործողություններ կատարումՙ,- պատմեց Գասպարյանը:

Նա ՚Ա1+ՙ-ին նաեւ հայտնեց, որ տեղամասերից մեկում իր վստահված անձին դուրս են հանել եւ միայն քվեաթերթիկների հաշվարկի ավարտին են ներս թողել: Գասպարյանին հաջողվել է ձեռք բերել նաեւ իմ փաստաթուղթ` ցուցակ, որը ձեռքին ընտրությունների ընթացքում շրջել է գործող թաղապետի ազգական, թիմակից, Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի Մատակարարման բաժնի պետ Ռաֆիկ Զաքարյանը ու համայնքի բնակիչներին գումար բաժանել: ՚Իմ վստահված անձը ասում է, որ 47 անձից բաղկացած ցուցակով յուրաքանչյուր ընտրողի բաժանվել է 5-10 հազար դրամ: Այդ փաստաթուղթը ինձ մոտ է եւ փաստացի ապացույց էՙ,- ասաց Մանուել Գասպարյանը եւ ցույց տվեց փաստաթուղթը: Ընտրությունների ընթացքում արձանագրվել է կեղծ անձնագրերով ընտրության ներկայանալու դեպքեր:

Օրինակ` Քանաքեռ -Զեյթուն համայնքի 3/16 ընտրական տեղամասում մի երիտասարդ ներկայացել էր ընտրական տեղամաս 1961 թ ծնված Ոսկանյան Աշոտի անձնագրով: Նրան դիմավորել է հանձնաժողովի նախագահ Նարինե Եղշատյանը եւ երիտասարդին առաջնորդել է ընտրության: Ընտրական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Գեղամյանը, նկատելով այդ, մոտեցել եւ ստուգել է երիտասարդի անձնագիրը եւ պարզել, որ այն պատկանում է բոլորովին այլ մարդու, որը գրանցված է բոլորովին այլ ընտրական տեղամասում` Մանասյան 1-ին նրբանցք 9 տանը: ՚Ներկայացած ոստիկանը, որին ես հրավիրել էի երիտասարդի ինքնությունը պարզելու համար, երիտասարդին հեռացրեց եւ բաց թողեց: Ես չէի կարող ամեն ինչ թողնել եւ նրա հետեւից վազելՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Ռուզաննա Գեղամյանը: Ի դեպ, ՚Ա1+ՙ-ի տեղամաս ներկայանալու պահին` տարածքում էր գտնվում ԿԸՀ ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանը, որը վերցրեց Աշոտ Ոսկանյանի անձնագիրը, որով փորձում էր քվեարկել ոստիկանների հեռացրած երիտասարդը եւ հեռացավ:

՚Ա1+ՙ-ը զրուցեց նաեւ թիվ 3/16 տեղամասի հանձնաժողովի նախագահի հետ, որը հերքեց, թե ինքն է դիամավորել երիտասարդին եւ ասաց. ՚Ես տեսա, որ տարածքում կուտակումներ կան եւ ընդամենը երիտասարդին ասացի, որը կողմն անցնի: Մատյանի մոտ նստած անձնավորությունը նկատեց, որ սխալմունքն է:Այն կողմից հանձնաժողովի անդամը մոտեցավ եւ լարվածություն սկսվեցՙ: Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրություններին մասնակցել է բնակչության մոտ 30-33 տոկոսը:

՚Պատճառը ժողովրդի անվստահությունն է, որ ընտրությունները կարող են անցնել ազատ, արդար եւ թափանցիկ: Ժողովուրդը չի պատկերացնում, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, նույնիսկ համայնքում: Քարոզարշավի ընթացքում, բնակչության 90 տոկոսը ինձ ասում էր, որ հնարավոր չէ արդար ընտրություններ անցկացնել, իսկ ես նրանց համոզում էի, որ կամքի առկայության դեպքում` հնարավոր է: Այսօր փաստն այն է, որ սեպտեմբերի 7-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցան խայտառակ ընտրություններ, որը պատիվ չէր ոչ մեր համայնքին, ոչ էլ երկրինՙ,-ասաց Մանուել Գասպարյանը:
Աղբյուր՝ Ա1+