4 համայնքներ ունեցան նոր թաղապետեր՝ բոլորն էլ իշխանական


Երևանի 4 համայնքներում՝ Արաբկիրում, Քանաքեռ–Զեյթունում, Նուբարաշենում և Էրեբունիում երեկ տեղի ունեցան թաղապետերի ընտրություններ։ Չորս թաղերից 3–ում ընտրվել են Հանրապատեկան կուսակցության հավանությունը ստացած թեկնածուներ, մեկում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։

Արաբկիր համայնքում առաջադրված 4 թեկնածուներից ընտրվել է «Հայր և որդի Երիցյաններ» ընկերության նախագահ Ալբերտ Երիցյանը՝ 16591 ձայնով։ «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված և ընդդիմության աջակցությունը վայելող Զոյա Թադևոսյանը ստացել է 5608 ձայն, գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը ստացել է 7172 ձայն, իսկ ՀԱԿ փոխնախագահ և ընտրությունից օրեր առաջ ավտովթարի ենթարկված Աշոտ Մնացականյանը՝ 181 ձայն։

Հիշեցնենք, որ Ալբերտ Երիցյանը ՀՀԿ անդամ չէ։ Սա միակ համայնքն էր, որտեղ ՀՀԿ–ն իր կուսակից՝ ՀՀԿ–ական գործող թաղապետ Հովհաննես Շահինյանին սատարելու հայտարարություն չէր արել, սակայն անդրկուլիսային խոսկացություններից հայտնի էր, որ ՀՀԿ համակրանքը Ալբերտ Երիցյանի կողմն է։

Քանաքեռ–Զեյթուն համայնքում, ինչպես և սպասելի էր, ընտրվել է գործող թաղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արայիկ Քոթանջյանը, ով ստացել է 12042 ձայն։ Այս համայնքում գործող համայնքապետի լուրջ մրցակիցն էր ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանի որդին՝ Մանուել Գասպարյանը, ով վայելում էր ընդդիմության աջակցությունը։ Ինչպես տեղեկացրել էր Tert.am–ն իր ընթերցողներին, Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբը սեպտեմբերի 5–ին այրվել էր։ Այս թեկնածուի օգտին քվեարկել են 8046 մարդ, իսկ անկուսակցական Վարուժան Մկրտչյանը ստացել է 682 ձայն։

Էրեբունի համայնքում ընտրվել է միակ թեկնածու՝ ՀՀԿ–ական Արմեն Հարությունյանը, ում օգտին քվեարկել են 21184 էրեբունցիներ։ Հիշեցնենք, որ այս համայնքում առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ գործող թաղապետ Մհեր Սեդրակյանն ու նրա տեղեկալ Արմեն Հարությունյանը։ Առաջադրվելուց հետո սակայն գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը հետ էր վերցրել իր առաջադրման հայտն ու իր անկանկալ քայլը մեկնաբանել նրանով, թե ցանկանում է ճանապարհ տալ երիտասարդներին ու վստահ է, որ իր տեղակալը կարող է լավագույնս ղեկավարել համայնքը։ Սա նախկին թաղապետի պաշտոնական մեկնաբանությունն էր, սակայն ոչ պաշտոնական զրույցներում Մհեր Սեդրակյանի ինքնաբացարկի բացարձակ այլ պատճառաբանություններ են շրջանառվում։

Նուբարաշեն համայնքում ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մհեր Հովհաննիսյանն, ում օգտին քվեարկել է 3290 մարդ։ Այս համայնքում սա միակ թեկնածուն էր։

Երեկ որոշ համայնքներում տեղի են ունեցել նաև ավագանու ընտրություններ։ Ընտրությունների ժամանակ գրանցվել են նաև միջադեպեր։ Մեր՝ դեռևս չճշտված տեղեկություններով դանակահարության դեպք է գրանցվել Արաբկիր համայնքում։ Մեկ այլ միջադեպ է արձանագրվել նաև Քանաքեռ–Զեյթուն համայնքի ընտրատեղամասերից մեկում, ուր երեկոյան այցելել էին մի քանի ոստիկանական մեքենաներ և շտապօգնություն։ Այս միջադեպերի մասին այլ մանրամասներ կհաղորդենք օրվա ընթացքում։
www.tert.am
...