Հ Ր Ա Շ Ա Լ Ի Վ Ե Ց Յ Ա Կ ԸՕլիմպիադայի ամբողջ ընթացքում «Առավոտը» մանրամասն լուսաբանել է մեր գրոսմայստերների փայլուն մրցելույթները: Հիմա, երբ ամեն բան արդեն ետեւում է եւ մեր հրաշալի վեցյակը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է Օլիմպոսի գագաթ, «Հրաշալի է, կեցցեք, տղաներ» բառերից բացի, գնահատանքի այլ խոսքեր դժվար է գտնել: Ասենք միայն, որ այսուհետեւ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Սմբատ Լպուտյան, Կարեն Ասրյան, Արտաշես Մինասյան անունները ոսկե տառերով են գրվելու հայկական սպորտի տարեգրությունում:
Որ Հայաստանի տղամարդկանց հավաքականն այլեւս անհասանելի է մրցակիցների համար, պարզ դարձավ արդեն 11-րդ տուրից հետո, երբ մեր ընտրանին 3:1 հաշվով պարտության մատնելով Չեխիայի թիմին, ամբողջ 3,5 միավորով առաջ պոկվեց մոտակա մրցակիցներից: Սակայն առջեւում դեռ երկու տուր կար եւ, ինչպես ասում են, աչքով չտալու համար մերոնց նախապես հաղթող չէինք հռչակում, այլ սպասում էինք չեմպիոնական տիտղոսը պաշտոնապես ձեւակերպելուն:
Ունենալով միավորների անհրաժեշտ պաշար, վերջին երկու տուրերում մեր հավաքականից պահանջվում էր ավելորդ ռիսկի չդիմել: Եվ նրանք հենց այդպես էլ վարվեցին: 12-րդ եւ 13-րդ տուրերում ոչ-ոքի անելով, համապատասխանաբար, Ֆրանսիայի եւ Հունգարիայի հավաքականների հետ՝ Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց 36,0 միավոր եւ անկախ մյուս հանդիպումներում գրանցվելիք արդյունքներից, իր համար ապահովեց օլիմպիական «ոսկին»: Ասենք նաեւ, որ Հայաստանը մասնակից 150 երկրներից միակը եղավ, որ անցկացված 13 տուրերում թիմային ոչ մի պարտություն չկրեց:
Եվ այսպես, շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի ամփոփիչ մրցաշարային աղյուսակի լավագույն տասնյակը հետեւյալ տեսքն ունի.
Հայաստան 13 10 3 0 36,0
Չինաստան 13 8 1 4 34,0
ԱՄՆ 13 9 3 1 33,0
Իսրայել 13 9 3 1 33,0
Հունգարիա 13 7 4 2 32,5
Ռուսաստան 13 7 2 4 32,0
Ֆրանսիա 13 7 5 1 32,0
Ուկրաինա 13 8 2 3 32,0
Բուլղարիա 13 7 2 4 32,0
Իսպանիա 13 7 4 2 32,0
Մենք օլիմպիադայի երկու հանգստյան օրերին շախմատասեր ընթերցողներին ներկայացրել էինք, թե տվյալ փուլում հայ գրոսմայստերներից ով ինչպիսի մարզական արդյունք է ցույց տվել: Ստորեւ ներկայացնում ենք նրանց վերջնական ցուցանիշները:
Լ. Արոնյան 11 4 6 1 7,0
Վլ. Հակոբյան 12 6 6 0 9,0
Կ. Ասրյան 10 1 8 1 5,0
Ս. Լպուտյան 3 2 1 0 2,5
Գ.. Սարգսյան 13 7 6 0 10,0
Արտ.Մինասյան 3 2 1 0 2,5
Թուրինում իրեն լիովին արդարացրեց նաեւ մեր աղջիկների՝ Լիլիթ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Նելլի Աղինյան, Սիրանուշ Անդրիասյան քառյակը, որը նախորդ՝ Կալվիայում կայացած համաշխարհային օլիմպիադայում զբաղեցրած 11-րդ տեղից չորս քայլ վեր բարձրացավ ու 24,0 միավորով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/2006/aravot_arm/June/6/u07.htm
Էջանիշներ