ԱՐԵՎԱՅԻՆ ՏՂԱՆ. ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ
Մի քիչ մանրամասն մեր շախմատային առաջատարի, մեր ժամանակի եզակի շախմատային արտիստներից մեկի՝ Լևոն Արոնյանի մասին: Մոտեցող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին ընդառաջ շախմատային փորձագետներից շատերը հենց նրան են համարում հաղթողի հիմնական հավակնորդը: Հպանցիկ ակնարկ նրա շախմատային անցյալին.
Լևոն Գրիգորի Արոնյանը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում: Միջազգային մրցահարթակում ներկայացնում է Հայաստանը: Շախմատ խաղալ սովորել է քրոջից ինը տարեկան հասակում: Միջազգային վարպետ է 1996 թ.-ից, միջազգային գրոսմայստեր՝ 2000 թ.-ից: 2010 թ.-ի նոյեմբերին առաջին անգամ հաղթահարեց 2800 միավորի սահմանը (2801) և դարձավ աշխարհում վեցերորդ շախմատիստը, որին հաջողվեց հաղթահարել անհատական վարկանիշի այդ գերգրոսմայստերական նիշը: 2011թ.-ի հունվարի 1-ի դրությամբ վարկանիշով աշխարհի 3-րդ շախմատիստն է (2805 ELO): 2000թ.-ից Արոնյանն ապրում է Գերմանիայում, սակայն մարզումները մեծամասամբ անցկացնում է հայրենիքում:
Լևոնի անհատական վարկանիշի փոփոխման գրաֆիկը (2000-2011):
Հիմնական նվաճումների համառոտ ցուցակը.
- 1994թ.-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն:
- 1995թ.-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում դարձել է մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոն:
- 1997թ.-ին հաղթել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում ու նվաճել պատանիների կարևորագույն շախմատային մրցաշարերից մեկի՝ Մոսկվայում անցկացվող «Կասպարովի գավաթ»-ի առաջին մրցանակը:
- 1999թ.-ին հռչակվել է Հայաստանի չեմպիոն ու Հայաստանի հավաքականի կազմում Բաթումում դարձել Եվրոպայի չեմպիոն:
- 2002թ.-ին կրկին դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն, այս անգամ Հնդկաստանում:
- 2003թ.-ին դարձել է Ֆիշերի շախմատի (շախմատ 960) գծով Մայնցի մրցաշարի հաղթող:
- 2005թ.-ին առաջին տեղն է զբաղեցրել Ջիբրալթարի ու Ստեփանակերտի գերմրցաշարերում:
- Նույն 2005թ.-ին Վարշավայում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 3-րդ տեղը: Նույն տարվա դեկտեմբերին Խանտի-Մանսիյսկում նվաճել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը:
- 2006թ.-ի մարտին փայլուն ոճով հաղթել է 20-րդ կարգի Լինարեսի գերմրցաշարում՝ շրջանցելով ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Թոփալովին: Իսկ նոյեմբերին առաջին տեղն է զբաղեցրել Մոսկվայում կայացած Տալի հուշամրցաշարում:
- Նույն թվականի հունիսին Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Սմբատ Լպուտյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձել է Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:
- 2008թ.-ին Հայաստանի հավաքականը Դրեզդենում կրկնել է իր հաջողությունը` դառնալով 37-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Այդ հաղթանակի համար Արոնյանը և թիմի մյուս անդամները` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը, պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
- Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի», Բիլբաոյի «Մեծ սաղավարտ» (2009), Նիցցայի «Ամբեր» (2008, 2009) գերմրցաշարերի, արագ (2009) և Ֆիշերի (2008, 2009) շախմատի աշխարհի առաջնությունների հաղթող է:
- 2010թ.-ի նոյեմբերին Մոսկվայում դարձել է Միխայիլ Տալի հուշամրցաշարի հաղթող, մի քանի օր անց կրկին Մոսկվայում՝ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:
- 2011թ.-ի մայիսին Լևոնը կմասնակցի Կազանում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: Առաջին ռաունդում նա մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը:
Արոնյանն ու Կրամնիկը աշխարհի 9-րդ չեմպիոնի քննական հայացքի ներքո:
Արոնյանը աներևակայելիորեն տաղանդավոր ու ծույլ տղա է: Նրան տրված է ավելին քան շատերին: Եվ նա հաջողությամբ օգտագործում է հնարավորությունների անհավասարությունը՝ առանց շատ ջանքեր գործադրելու:
Հաճախ Լևոնի խաղը շատ պարզ է, ինչպես ամեն հանճարեղ բան: Երբ նայում ես նրա պարտիաները, թվում է, թե ինքդ էլ կարող ես այդպես: Բայց չգիտես ինչու Արոնյանի մոտ այդպես է ստացվում 10-ից 9-ը պարտիայում, իսկ այլ շախմատիստների մոտ չի ստացվում անգամ այն մնացած մեկում: Երբեմն Լևոնի խաղը անհասականալի է, և հակառակորդի ցանկացած հակաքայլին նա, իբրև իսկական շախմատային աճպարար, հակադրում է իր հերթական հաղթաթուղթը: Շատերն են նրա նման վարվում, ուղղակի գրեթե բոլորի մոտ, ի տարբերություն Լևոնի, այդ հաղթաթուղթը «վեցանոց» է դուրս գալիս:
Իսկական հայը պպզում է նաև Անդալուզիայում:ճճճ.
Լևոնն ու ընկերուհին Լինարեսում:
Արոնյանը շատ հաջողակ մարդ է: Նրա բախտը բերում է պարբերաբար ու արդարացիորեն: Հաղթանակները նրա համար այնքան սովորական են դարձել, որքան այլոց համար պարտությունները: Թեթևությունը, որով Լևոնին տրվում են հաղթանակներն առանձին պարտիաներում ու նաև ընդհանրապես վերցրած մրցաշարերում, հիացնում է հասարակ շախմատասերին: Բայց դա նաև արջի ծառայություն է մատուցում մեր առաջատարին: Նա սովոր է ամեն ինչին հասնել արագ ու առանց առանձնակի ջանքերի: Բայց պետք չէ մոռանալ, որ բարձրանալուն զուգընթաց ճանապարհը դառնում է ավելի ու ավելի զառիթափ: Ու բարձրակետին հասնելու համար պիտի մի փոքր ավելի աշխատել: Օրինակ` սկզբնախաղում: Պետք է աշխատել նախօրոք՝ «տանը»: Ռազմաճակատի գիծը կարճացնելը, սիրելի ու ծանոթ սկզբնախաղերով սկսելը ու դեբյուտային խաղացանկը տարիների ընթացքում պահպանելն ընդունելի ու արդյունավետ մեթոդ է: Բայց դա թույլ չի տալիս Արոնյանի շախմատային տաղանդին դրսևորվել ամբողջությամբ:
Արոնյանը պարտիաների ընթացքում հաճախ է ուշադրություն դարձնում կողմնակի բաներին:
Համոզված եմ, որ նաև այլ սկզբնախաղերում, այլ տիպային իրավիճակներում Լևոնը կարող է խաղալ բարձր մակարդակով՝ 2800-ի կարգի: Ուղղակի պետք է մի քիչ ցանկություն ու ժամանակ: Այն ինչ այլոց տրվում է տարիների քրտնաջան աշխատանքով, Լևոնին հասանելի է մի քանի ամսում: Ու այդ ժամանակ կարելի կլինի վստահ լինել նրա չեմպիոնական հավակնություններում, չէ որ հավակնորդների մրցաշարում առավելություն ունի նա, որ իրեն լավ է զգում շախմատային տախտակի ցանկացած հատվածում, ցանկացած պահին: Ու էական է սկբնախաղային անկանխատեսելիությունը:
Արոնյանն իրոք շատ պայծառ շախմատիստ է: Բոլոր շախմատային լրագրողներն ու խաղացողները միաբերան փաստում են, որ նա այն եզակիներից է, ով երբեք զրույցի ընթացքում բացասական լիցքեր չի հաղորդում: Արևային տղա. այդպես էին կոչում պատանի Լևոնին: Ու հիմա էլ, դառնալով տղամարդ, նա չի կորցրել բնութագրական լույսն ու դրական էությունը:
Հայազգի ուժեղագույն 2 շախմատիստները Մայնցում.
Լևոն Արոնյան և Սերգեյ Մովսիսյան:
Հ.Գ. Երբ 1996թ.-ի վերջին Օմսկում աթոռին կիսաթեք նստած 14-ամյա Լևոնը մրցակիցներին մեկը մյուսի հետևից հաղթելուն զուգահեռ երգում էր, ներկաներից շատերի մտքով անցավ, որ տղային չեմպիոնության փառավոր ուղի է սպասվում: Կարծես թե նրանց կանխատեսումն իրականանում է: Առայժմ Արոնյանը հաջողությամբ մագլցում է շախմատային Օլիմպոսն ի վեր... հուսանք, որ գագաթի նվաճումն էլ հեռու չէ:
Էջանիշներ