Հայկական ջազի պատմությունը
Ջազային առաջին նվագախումբը համարվում է 1938 թ.-ին ՀՀ կառավարության անմիջական հրահանգով ստեղծված Հայաստանի պետական ջազ նվագախումբը կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմ Այվազյանի ղեկավարությամբ և Ցոլակ Վարդազարյանի խմբավարությամբ: Այդ ժամանակ երևանյան ջազը դարձավ առաջինը Կովկասում:
Արտեմ Այվազյանը ծնվել է 1902թ.-ին իրավաբանի, երաժշտական քննադատի, թարգմանչի` ի դեմս մեկ անձի, և դաշնակահարուհու ընտանիքում: Մայրն ուսուցանել էր որդուն տիրապետել գրեթե բոլոր երաժշտական գործիքներին, ինչը հետագայում օգնեց նրան նվագախմբային և կոմպոզիտորական գործունեության ընթացքում: Պատանին 21 տարեկան էր, երբ ավարտեց կոնսերվատորիայի թավջութակի բաժինը, այնուհետև, շարունակելով կրթությունը, կոմպոզիցիա ուսանեց կոմպոզիտոր Ա. Սպենդիարովի մոտ: 1932 թվականին նա ավարտում է նաև Մոսկվայի կոնսերվատորիան և մեկ տարի անց մասնակցում է կատարողների Համախորհրդային I մրցույթին և արժանանում դափնեկրի կոչման: Հայաստան վերադառնալուց մի քանի տարի անց նրան առաջարկում են ղեկավարել նորաստեղծ նվագախումբը:
Կարճ ժամանակահատվածում նվագախումբը հռչակ ձեռք բերեց ողջ Միությունում և համարվեց խորհրդային լավագույն նվագախմբերից մեկը: Դա մարդկանց ստեղծագործական բույլ էր, որն աչքի էր ընկնում ղեկավարի հմտությամբ ու երաժշտական նուրբ ճաշակով: Պատահական չէ, որ Այվազյանի ստեղծագործությունների և բարձր կատարողականության շնորհիվ հռչակ ձեռք բերած նվագախումբը դարձավ միակը Միությունում և չխամրեց 40-ականների վերջին ջազի հանդեպ հալածանքների ժամանակ, թեև "սաքսոֆոնի ուղղման"-ը և Արևմուտքի առջև խոնարհության դեմ պայքարի ընթացքում նվագախմբի "ջազային" անվանումն այնուամենայնիվ վերածվեց "էստրադային"-ի:
Նվագախումբն իր առաջին մկրտությունն ստացավ 1939 թվականին Մոսկվայում կայացած Հայկական արվեստի տասնօրյակի ժամանակ: Նվագախումբը մյուսներից հիմնականում տարբերվում էր հնչող երաժշտության ազգային մեղեդայնությամբ: Նվագախումբը ներկայացնում էր քաղաքային ֆոլկլորի, հայկական ժողովրդական երգերի, ինչպես նաև` այդ ժամանակահատվածում արդի կոմպոզիտորների սրամիտ գործիքավորումներ: Նվագախումբը ներառում էր 5 սաքսոֆոն, 3 շեփոր, 2 տրոմբոն, 3 ջութակ, ակուստիկ կիթառ, կոնտրաբաս, թմբուկ և Օրդոյան եղբայրների պարային եռյակը: Որպես բոլոր համերգների տպավորիչ բացում` նվագախումբը կատարում էր Այվազյանի հանրահայտ ՙՀայկական ռափսոդիան¦: Այսպես շարունակվեց մինչև 50-ականները…
Կոստանդինի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան վաղ մանկուց: Ընդունակ տղան սովորում էր հատուկ շնորհալի երեխաների դպրոցում: 1942 թվականին 14 ամյա Կոստանդինին ընդգրկեցին 8-րդ օդաչվական նվագախմբում` որպես դաշնակահար և ակորդեոնահար: Հյուրախաղերի ժամանակ Երևանում տաղանդավոր երաժիշտը գրավեց Արտեմ Այվազյանի ուշադրությունը, որը և որոշեց ընդգրկել նրան իր նվագախմբում: Երիտասարդ Օրբելյանն այնտեղ լավ դպրոց անցավ: Հենց այդ ժամանակ ամուր հիմք դրվեց իր հետագա գործունեությանը: Նվագախմբի համար նա կատարում էր ժողովրդական երգերի մշակումներ, ինչպես նաև ստեղծագործում էր: Որպես ջազային լավագույն կատարողներից մեկը` Կոստանդինը հռչակ ձեռք բերեց ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում: 1948 թվականին նվագախմբի հետ հյուրախաղերի ժամանակ Մոսկվայում Օրբելյանն ստանում է հանրահայտ Ուտյոսովի ջազային գործունեության մեջ ընդգրկվելու առաջարկը: Չնայած գայթակղիչ հեռանկարներին, Կոնստանդինը հրաժարվեց` հօգուտ Այվազյանի առաջարկի` ստանձնել Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորի պաշտոնը: Սակայն 1952 թվականին Օրբելյանը հեռանում է նվագախմբից և ընդունվում է երաժշտական ուսումնարան` կոմպոզիտոր Է. Միրզոյանի դասարան: 1954թ.-ն գերազանց առաջադիմությամբ ավարտում է ուսումնարանը և ընդունվում է կոնսերվատորիա:
Նույն թվականին Օրբելյանը կազմակերպում է ռադիոյում գործիքային հնգյակ, որը քայլ հանդիսացավ ջազի սիրելի աշխարհ վերադառնալու համար:
1956 թվականին նվագախմբի ստեղծագործական վերակենդանացման նպատակով` ֆիլհարմոնիայի ղեկավարության կողմից Կոստանդին Օրբելյանին առաջարկվեց ղեկավարել նվագախումբը, որտեղ նա բազում տարիներ աշխատում էր` որպես դաշնակահար: Երկարուձիգ վարանումներից հետո Կոստանդինը համաձայնեց և նշանակվեց որպես Հայաստանի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր: Նրան հաջողվեց առաջինն իրականացնել ժամանակակից ջազի և ազգայինի համադրման սկզբունքները: Հայկական ջազը սկսեց դուրս գալ միջազգային բեմահարթակ: 1966 թվականին կայացավ առաջին արտերկրյա ուղևորությունը Չեխոսլովակիա Խորհրդային Միության օրերին նվիրված մշակութային ծրագրի շրջանակներում: Հաջորդ տարի նվագախմբին բուռն ողջունեցին Լեհաստանում…
70-ականների սկզբից Հայաստանի նվագախումբը փայլուն հռչակ ձեռք բերեց ԽՍՀՄ-ում և արտերկրում: 1975թ.-ին Հայաստանի էստրադային նվագախումբը խորհրդային ջազային նվագախմբերից առաջինն էր, որ մեկնեց ջազի հայրենիք` ԱՄՆ: Հայ ջազմենները 25 համերգներով հանդես եկան Ամերիկայի խոշորագույն քաղաքներում: Եզրափակիչ համերգը կայացավ Նյու Յորքի "Լինքոլն-Ցենտր"-ում: Առաջին իսկ համերգից հետո նվագախմբի մասին լուրերն անմիջապես տարածվեցին ողջ երկրով: "Հայկական նվագախումբը հերքում է խորհրդային ջազի արգելումն ու ստվերային գոյությունը": Կ. Օրբելյանի ղեկավարությամբ նվագախումբը մենակատարների հետ ցուցադրեց երաժշտական բարձրակարգ ներկայացում սեփական ստեղծագործության հարուստ երգացանկով, ինչպես նաև կատարելով համաշխարհային հռչակ վայելով ջազային այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են Էլինգթոնը, Բեյսին և այլք: "Բիգ-բենդ-ջազի ինքնատիպ գործիքավորումները բոլոր առումներով չեն զիջում այն լավագույններին, որոնց հետ մշտապես առնչվում են Վուդի Հերմանի, Սթեն Քենթոնի, Քաունթ Բեյսիի կամ Թեդ Ջոնսոնի – Մել Լյուիսի նվագախմբերը",- գրում էին ամերիկյան թերթերը: Հանրահայտ ջազ քննադատ Ջոն Վասերմանը հայ երաժիշտների ելույթն անվանեց "արևելյան հմայքով համեմված ջազ":
Հայաստանի պետական էստրադային նվագախումբը 36 տարի ղեկավարելու ընթացքում Կոստանդին Օրբելյանը ոչ միայն պահպանեց երկարակյաց-նվագախումբը: Անցած տարիների բիգ բենդից Հայաստանի նվագախումբը վերածվեց ջազային ժամանակակից նվագախմբի` մշտապես նրբորեն զգալով այնպիսի անորսալի և փոփոխական ուղղությունը, ինչպիսին ջազն է:
1979 թվականին խորհրդային երաժշտության զարգացման խնդրում ունեցած իր նշանակալի ներդրման համար` Կոստանդին Օրբելյանն արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Այնքան էլ դյուրին չէր աշխատել 90-ականներից ի վեր. փլուզվեց ԽՍՀՄ-ն` ստեղծելով հանգամանքներ, որոնց դեմ դժվար էր պայքարել: Այսպիսով` 1992 թվականին Կոստանդին Օրբելյանը մեկնեց Սան Ֆրանցիսկո: Սակայն մշտապես հավատարիմ մնաց երաժշտությանն ու իր հայրենիքին: Կրկին երիտասարդ երաժիշտներից կազմված նվագախումբը "Պետական ջազ նվագախումբ" անվամբ 1997 թվականին ղեկավարեց տաղանդավոր կոմպոզիտոր և վիրտուոզ դաշնակահար Արմեն Մարտիրոսյանը: Նվագախմբի հետվերածննդյան ժամանակահատվածում նվագախումբը բազմիցս հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում, նվաճեց ազգային պարգևներ, թողարկեց երկու լազերային ալբոմ և ներկայացրեց ջազի երկրպագուներին մի շարք յուրատիպ ծրագրեր:
Օրբելյանի կվինտետը հիմք հանդիսացավ Պետհեռուստառադիոյի, ներկայումս` Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի, էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման համար: 1966-1972թթ. նվագախումբը ղեկավարում էր հանրապետությունում ջազային շարժման հիմնադիրներից մեկի` Ց. Վարդազարյանի որդին` հանրահայտ ստեղծագործությունների հեղինակ, դաշնակահար, արդի գործիքավորող և նույն նվագախմբի խորհրդատու-դիրիժոր, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Նրանից հետո նվագախումբը ղեկավարեց Մելիք Մավիսակալյանը: Իսկ 1986 թ.-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր դարձավ հայկական ջազի փորձառու վարպետ Երվանդ Երզնկյանը: 50-ականների վերջում և 60-ականների սկզբին Հայաստանում սկսվեց ջազային տենդ: Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում, ձեռնարկությունում և այլուր հայտնվել էին ջազային փոքրիկ կոմբոներ: Առավել ակտիվ և հայտնի դարձավ Լեզուների ինստիտուտին կից ստեղծված քառյակը Լևոն Մալխասյանի ղեկավարությամբ: Երիտասարդ երաժիշտները` դաշնակահար Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը (թմբուկ), Արթուր Աբրահամյանը (կոնտրաբաս) և Ալեքսանդր Զաքարյանը (սաքսոֆոն) բազմիցս ելույթ էին ունենում Երևանում երիտասարդական երեկութների ժամանակ, կազմակերպում էին ջազային երեկոներ, ստեղծում էին ջազային ակումբներ, մեկնում էին ջազ փառատոնների Միության զանազան քաղաքներ, ուր մշտապես առանձնանում էին մյուսներից: Նրանք արձանագրել են ելույթներ և հաղթանակներ Կույբիշեվում, Յարոսլավլում, Վորոնեժում կայացած փառատոնների ժամանակ: 70-ականների կեսերին հայտնվեցին ևս երկու հրաշալի դաշնակահարներ` Դավիթ Ազարյանը և Արտաշես Քարթալյանը: Առաջինն իր եռյակի հետ աշխատում էր ժամանակակից ջազի ոճում, մինչդեռ երկրորդի եռյակում գերակշռում էր ազգայինը:
Նույն տարիներին ջազային բեմում հայտնվեցին սքանչելի կիթառահար Բորիս Անդրեասյանը, քնարական դաշնակահար Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը, անսամբլը` Էդուարդ Բախչինյանի ղեկավարությամբ:
Տաթևիկ Հովհաննիսյանը 10-12 տարի շարունակ համարվում էր ԽՍՀՄ անգերազանցելի երգչուհի: 11 տարեկանում երգելով ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբում` 17 տարեկանում նա դառնում է Օրբելյանի նվագախմբի մենակատար: Նրան անվանում էին ոչ այլ ինչ, քան "Էլլա Երևանից" և տարեցտարի Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհու կոչում էին շնորհում:
Այսօր Հայաստանում գործում են մի քանի` ամենատարբեր ոճերի և ուղղությունների ջազ կատարող հետաքրքիր նվագախմբեր` "Time Report" էթնո-ջազ կվինտետը, "Katuner" ջազ- ռոք սեպտետը, ավանդական ջազ կատարող "Chiko & Friends" քառյակը, ֆյուժն "Art Voices" երիտասարդական խումբը և հիասքանչ "Armenian Navy Band"-ը: Ակումբներում ելույթ է ունենում նաև երիտասարդական ջազային շատ խմբեր: Այսօր Երևանում գործում են բազմաթիվ ջազ ակումբներ, ուր այդ ժանրի կենդանի երաժշտությունը մշտական բնույթ է կրում, կայանում են միջազգային ջազ փառատոններ, բազում հեռուստա և ռադիոալիքներ թողարկում են ջազին նվիրված մշտական հաղորդումներ, և նույնիսկ գործում է առանձին "Ռադիո Ջազ" ռադիոկայանը, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանում մեծ համբավ վայելող այս ժանրին:
Էջանիշներ