Ո՜նց էս թեման չէի տեսել:
Մի կողմ թողնելով քերականական կաղապարների ու լեզվաարտասանական նմանությունները՝ ուզում եմ անդրադառնալ թուրքերենի բառաֆոնդի ազդեցությանը հայերենի վրա:
Մեր լեզվի վրա թուրքերենի ազդեցության մասին խոսելիս պիտի առանձնացնենք դրա ազդեցությունը միջին հայերենի ու բարբառների (և որպես ուղղակի հետևանք մեր խոսակցականի) և առանձին վերցրած գրական լեզվի վրա: Հր. Աճառյանը նշում է («Թուրքերեն փոխառյալ բառերը հայերենի մեջ», Մոսկուա, 1902թ.), որ միայն հայ բարբառներում թուրքերենից փոխառյալ (նույն թվում միջնորդավորված ու անմիջական) բառերի քանակը հասնում է 4000-ի (!): Նույն տեսակետից այլ պատկեր է ներկայացնում հայոց գրական լեզվի արևելահայ և արևմտահայ տարբերակները: Գրական հայերենը սկզբունքորեն (ու մեր մեջ ասած արդարացիորեն) մերժում է թուրքական փոխառությունները: Ժամանակակից գրական հայերենում գործածվում են մոտ երեք տասնակ թուրքական փոխառություններ (Հ. Աճառյան, «Հայոց լեզվի պատմություն, Բ մաս, Երևան, 1951թ., էջ 602), որոնք գրական լեզվին են անցել բարբառներից: Ընդ որում այդ բառերի որոշ մասը միջնորդավորված փոխառություններ են և արաբական ու պարսկական (հիմնական ուշ շրջաններում) ծագում ունեն.
- աթաբեկ - թագաժառանգի խնամակալ
- ալոճ - հատապտուղ՝ Crataégus
- աղութ - հակինթ
- արխ - առու
- բաբան - պարսպաքանդ
- բեղ - ընչացք
- բեկ - իշխան, ամիրա
- բիճ - ապօրինի զավակ
- բուխարի - ծխաքար
- դդմաճ - մակարոն
- դում - բթամիտ
- ելակ - հատապտուղ՝ Fragária moscháta
- երշիկ - աղիքի մեջ լցված համեմված միս
- զիլ - բարձր ձայն
- զմրուխտ - թանկարժեք քար՝ Be3Al2(SiO3)6
- թաղար - ծաղկաման
- թոզ - փոշի
- թուման - թիվ, որ համարժեք է հայկական բյուրին՝ 10,000
- խաթուն - տիկին
- խամաճիկ - տիկնիկ
- խամութ - ձիու թամբման օժանդակ սարք /упряжь/
- խանութ - վաճառատուն
- խոտոր - ծուռ, շեղ
- խորոտ - գեղեցիկ
- ճոթ - ծայր
- մասուրա - մաքոք
- յարդ - հարդ
- յոլա - յոլլա գնալ
- չոբան - հովիվ
- չոլ - անբնակելի տարածք
- չոքել - ծնկել
- ջիգր - քեն
- վառոդ - բարութ
- տոպրակ - մախաղ
- փուր - կեղև
- քութեշ - վարակիչ հիվանդություն՝ Streptococcus pyogenes
- օջախ - կրակարան
Թվարկված բառերի մեծ մասը գրական լեզվի ժողովրդական բառապաշարին է պատկանում, որոշներն էլ չնայած իրենց «գրականացվածությանը» հազվադեպ են գործածվում: Ճնշող մեծամասնության դեպքում թուրքերենից փոխառյալ ձևերին զուգահեռ հայերենն ունի իր հոմանիշներ. աղութ - հակինթ, տոպրակ - մախաղ, փուր - կեղև ևն, իսկ այն դեպքերում, երբ թուրքերեն փոխառությունը չունի հայերեն համարժեք, հարելի է եզրակացնել, որ անվանյալ անձը/իրը մինչև թուրքերի գալն անծանոթ է եղել հայերին:
Դիտարկենք նման դեպքերից մեկը.
դդմաճ բառը մակարոն, լապշա բառերի «հայերենացված» համարժեքն է: Այն Աճառյանի մոտ նկարագրվում է, որպես «մի տեսակ թուրքական կերակուր»: Պողոս Տարոնեցին գրում է. «Թուրքին դդմաճը լաւ է, քան զայն պատարագն» (ըստ Հացունի, «Ճաշերը» էջ 116): Գավառներում այն զուգահեռվում է թուրքական էվրիշթէ/էրիշթային: Հաճախ նման կերպ են անվանել tussilago farfara բույսը՝ ելնելով տերևների արտաքին նմանությունից:
Բառի ծագումը Աճառյանի մեկնաբանմամբ («Հայերենի արմատական բառարան», հատոր Ա, Երևան, 1926թ.) հետևյալն է.
«Թրքական tutmaj [թութմաժ] կամ tudmaj [թուդմաժ] «քառանկիւնի կտրուած մի տեսակ թելահայս և նրանով պատրաստված ապուր» (Будаговъ, 1, 342), «pate en forme de fils (թելահա՞յս)», որից փոխառեալ են հայերէն, պարսկերէն, ռուսերէն և քրդերէն նոյնիմաստ բառերը» - էջ 643-644:
Էջանիշներ