ՀԱՄԱԺՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն երրորդ օրն է, ինչ վրաց-հարավօսեթական հակամարտության գոտում տեղի են ունենում ըստ էության պատերազմական գործողություններ: Ռազմական կոնֆլիկտը շարունակվում է, զոհերի թիվը, մեծագույն մասը քաղաքացիական բնակչութունից, տարբեր տվյալներով անցնում է 2000-ի սահմանը:
Հայաստանի Համաժողովրդական շարժումն իր խորը անհանգստությունն ու ցավակցությունն է հայտնում ծավալված ողբերգական դեպքերի ու մարդկային զոհերի առիթով` համարելով որ այդօրինակ հակամարտությունները պետք է կարգավորվեն միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Պատերազմական գործողությունները դուրս են եկել հակամարտության գոտու սահմաններից: Վտանգի տակ են Հայաստանի Հանրապետություն մտնող կարեւոր ճանապարհները եւ կոմունիկացիաները, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի անվտանգության համար: Անապահով վիճակում են հայտնվել վրացական հանգստավայրերում եւ այլ վայրերում գտնվող Հայաստանի 10.000-ից ավելի քաղաքացիներ, ինչպես նաեւ ողջ վրացահայությունը:
Այս պայմաններում, երբ յուրաքանչյուր ժամը կարող է ճակատագրական լինել, ՀՀ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը իր շքախմբով անվրդով շարունակում է օլիմպիական հանգիստը եւ զվարճանքները Չինաստանում: Սերժ Սարգսյանի` երկրի ղեկավարի համար արտառոց այս պահվածքը, ցավոք, բնական ու բնութագրական է նրա համար: ՄԵնք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի` ազգային անվտանգության եւ երկրի քաղաքացիների ճակատագրի նկատմամբ դրսեւորած հանցավոր անտարբերությունը: Երկրի իշխանություններից պահանջում ենք իրավիճակից թելադրված համարժեք միջոցներ ձեռնարկելª համապատասխան օգնություն ցուցաբերելու մեր քաղաքացիներին, ինչպես նաեւ ռուսական եւ վրացական իշխանությունների հետ անհրաժեշտ կոնսուլտացիաներ անցկացնել` Հայաստանի անխափան մատակարարումն ապահովող կոմունիկացիաների գործունեությունը չվտանգելու նպատակով:
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
09.08.2008
Էջանիշներ