Մեջբերումներ Ալբեր Կամյուի «Հույսը և աբսուրդը Ֆրանց Կաֆկայի երկերում» էսսեից
(Ճիշտ է՝ էսսեն նվիրված է կոնկրետ Կաֆկայի ստեղծագործությունների քննարկմանը, բայց հատվածները, որ ընտրել եմ ավելի ընդհանուր ընդգրկում ունեն)
***
Անշուշտ, ընդհանրապես խորհրդանշական երկից դժվար ընկալելի ոչինչ չկա, խորհրդանիշը միշտ գերազանցում է հեղինակին, ասում ավելին, քան նա ցանկանում էր: Այս առումով խորհրդանիշն ընկալելու լավագույն միջոցն այն չտրոհելն է, կանխակալ բանաձևերով տեքստը չընթրցելն ու թաքուն իմաստներ չորոնելը:
***
Անշուշտ, դժվար է այն երկի խորհրդանիշների մասին խոսել, որի հիմնական հատկանիշը բնական պատումն է: Կան այնպիսի ստեղծագործություններ, ուր տեղի ունեցող բոլոր իրադարձություններն անխտիր ընթերցողին բնական են թվում: Կան նաև այնպիսիները, ճիշտ է, համեմատաբար քիչ, ուր հերոսին է բնական թվում այն, ինչ կատարվում է իր հետ: Պարադոքս է, բայց փաստ. որքան հերոսի արկածներն արտասովոր են, այնքան ակնառու է պատումի բնականությունը: Սա ուղիղ համեմատական է մարդկային կյանքի անակնկալներին և այն պարզասրտությանը, որով մարդը տանում է դրանք: Թվում է՝ սա հենց Կաֆկային բնորոշ բնականությունն է:
***
Մարդկային ճակատագրում, և սա ընդհանուր է բոլոր գրականությունների համար, կա մի հիմնարար աբսուրդություն, միժամանակ անսահման վեհություն: Բնական է, այս երկուսը համընկնում են: Երկուսն էլ, կրկնենք, ի հայտ են գալիս այն ծիծաղելի երկպառակտումից, որը բաժանում է մեր հոգու ձգտումները՝ մարմնական անցավոր ուրախություններից: աբսուրդ է, իհարկե, որ հոգին պատկանում է ծավալումներով իրեն գերազանցող մարմնին: Նա, ով ցանկանում է պատկերել այս աբսուրդությունը, պիտի դրան հասնի հակադրությունների զուգահեռ խաղի միջոցով: Այդպես է Կաֆկան ողբերգականը պատկերում առօրյայի, աբսուրդը՝ տրամաբանականի միջոցով:
Դերասանը որքան քիչ է ծայրահեղությունների մեջ ընկնում, այնքան ողբերգական դերը հաջող է ստացվում: Հենց չափավորությունն է առաջացնում չափազանց մեծ սարսափ: Հունական ողբերգություններն այդ իմաստով ուսուցողական են: Ողբերգական գործերում ճակատագիրը շատ ավելի հեշտ է բացահայտվում տրամաբանական, բնական դիմանկարով: Էդիպի ճակատագիրը հայտնի է նախօրոք: Ի վերուստ որոշված էր, որ նա սպանություն և արյունապղծություն պիտի կատարի: Ողջ դրաման հանգում է մի տրամաբանական սիստեմ ստեղծելուն, որը փուլ առ փուլ խորացնում է հերոսի ողբերգությունը: Մեզ ներկայացված այս ճակատագիրը, սակայն, կարծես սարսափելի չէ, որովհետև անհավանական է: Բայց եթե անհրաժեշտ լիներ այդ նույն ճակատագիրը ներկայացնել մեր առօրյա կյանքի, հասարակության, պետության, մեզ անծանոթ մարդկային զգացումների շրջանակներում, սարսափը բոլորովին այլ բնույթի՝ հարազատ կդառնար: Այն ընդվզման մեջ, որը ցնցում է մարդուն և ստիպում նրան ասել «Դա անհնարին է», արդեն կա հուսահատ համոզվածություն, որ «դա» հնարավոր է:
***
Մարդկային սիրտը ցավալի հակում ունի ճակատագիր կոչելու միայն այն, ինչն իրեն կործանում է:
***
Հայտնի է այն խելագարի պատմությունը, որը լողասենյակում ձուկ է որսում: Հոգեկան հիվանդներ բուժելու ուրույն մեթոդներ ունեցող մի բժիշկ նրան հարցնում է՝ «Հը՞, կտցու՞մ է» և ստանում է այսպիսի կոպիտ պատասխան. «Ո՛չ: Հիմա՛ր, չե՞ս տեսնում, որ սա լողարան է»: Սա, իհարկե, ընդամենը անեկդոտ է, բայց ակներև ձևով ցույց է տալիս, թե աբսուրդն իր բնույթով որքան է կապված տրամաբանության փայլատակման հետ: Կաֆկայի աշխարհն իրոք մի աննկարագրելի տիեզերք է, ուր մարդը տրվում է լողասենյակում ձուկ որսալու տանջալից հաճույքին, իմանալով հանդերձ, որ ջրից ոչինչ չի հանելու:
Էջանիշներ