շարունակություն
Ցանկացած հասարակություն, ինչքան էլ փայլուն, կարճ ժամանակ հետո սկսում էր ճնշել ինձ, մինչդեռ ես երբեք չեմ ձանձրացել ինձ դուր եկող կանանց հետ: Ցավում եմ խոստովանել, որ տասը զրույց Էյնշտեյնի հետ կտայի մի սիրունիկ մաքուր աղջնակի հետ առաջին հանդիպման համար: Ճիշտ է՝ տասներորդ հանդիպման ժամանակ արդեն սկսում էի կարոտել Էյնշտեյնին կամ մի լուրջ գիրք… Կարճ ասած, երբեք լրջորեն մտահոգված չեմ եղել լուրջ խնդիրներով, բացառությամբ իմ փոքրիկ արկածների արանքում ընկած ընդմիջումներին: Եվ որքան հաճախ է եղել, երբ փողոցում կանգնած, ընկերներիս հետ ինչ-որ բան քննարկելիս, կորցրել եմ խոսակցության թելը, երբ այդ պահին մի շլացուցիչ կին անցնելուց է եղել փողոցով:
Այսպիսով, ես խաղ էի խաղում : Ես գիտեի, որ ոչ մեկի դուր չի գալիս , երբ նպատակներդ վաղ ես բացահայտվում: Նախ, պետք է լինեն զրույցներ, հատուկ ուշադրություն՝ ինչպես իրենք են ասում: Լինելով հումանիտար՝ խոսելն իմ համար խնդիր չէր, ոչ էլ անհրաժեշտ հայացքներ սարքելը. այդ խաղին էլ վարժվել էի զինվորական ծառայությանս տարիներին: Ես հաճախ էի փոխում դերերս, բայց խաղը միշտ մնում էր նույնը: Օրինակ, անհասկանալի գրավչության մի փոքրիկ խաղ՝ "խորհրդավոր ինչ-որ բան" կամ "անմտություն է, ես չէի էլ ուզում տարվել, անգամ հոգնել եմ սիրուց…" և այլն, միշտ աշխատում էր, չնայած դա խաղացանկումս հնագույններից մեկն էր:
Գործողության գլխավոր, էական մասը պնդման մեջ էր՝ ցավագար ու հաշտված, որ ես ոչինչ եմ, որ արժանի չեմ ինձ հետ շփվեն, որ իմ կյանքը այլ տեղ է և առօրյա երջանկության հետ կապ չունի - երջանկություն, որը ես գուցե գերադասեի ամեն ինչից, բայց հիմա էս եմ, արդեն շատ ուշ է… Իսկ այդ համոզված վճռականության հետևում թաքնված պատճառները ծածկում էի գաղտնիության քողով, քանի որ միշտ էլ ավելի հետաքրքիր է ինտիմ ունենալ առեղծվածի հետ: Ավելին, ինչ-որ առումով ես հավատում էի ինքս իմ ասածներին. ես ապրում էի իմ դերը: Զարմանալի չէ, որ զուգընկերներս խանդավառությամբ էին դա ընդունում: Նրանցից ամենազգայունները փորձում էին հասկանալ ինձ, և այդ ջանքը նրանց տանում էր դեպի մելանխոլիա: Մյուսները, բավարարվելով, որ ես հարգում եմ խաղի կանոնները և տակտ եմ ունեցել խոսելու այդ մասին մինչև գործողությունը, առանց հապաղելու էին անցնում գործողության: Դա նշանակում էր, որ ես հաղթել էի, անգամ կրկնակի, քանի որ բացի նրանց նկատմամբ ունեցած իմ ցանկությունից, ես բավարարում էի նաև նրանց սերը՝ ապացուցելով իմ հատուկ զորությունները ամեն առիթով:
Դա այնքան շատ էր, որ անգամ նրանց հետ, որոնք թեթև հաճույքներ էին ինձ պարգևել, ես այնուամենայնիվ աշխատում էի վերականգնել հարաբերությունները, երկարատև ընդմիջումների հետո, առաջնորդվելով այն տարօրինակ ձգտմամբ, որը բացակայությունն է խթանում, ու նաև համոզվելու համար, որ մեր կապերը դեռ գոյություն ունեն, ու ես արտոնություն ունեմ կրկին կապելու դրանք
Երբեմն ես գնում էի ավելի հեռու՝ երդվել էի տալիս նրանց երբեք չտրվել ոչ մի այլ տղամարդու, որպեսզի այդ առումով անհագստություններս հանդարտվեին: Եվ պետք է ասեմ, որ սիրտս չէր խաղում այդ անհանգստությունը, ոչ էլ երևակայությանս արդյունքն էր: Մի որոշակի տեսակի պահանջատիրություն այնքան անձնականացված էր իմ մեջ, որ դժվարանում էի պատկերացնել, չնայած փաստերին, որ ինչ-որ կին, որը երբևէ իմն է եղել, կարող է երբևէ պատկանել մեկ ուրիշի: Բայց երբ նրանք երդման ուխտ էին տալիս, դա ինձ ազատագրում էր, մինչդեռ կապում էր նրա՛նց: Ու հենց որ ես վստահ լինեի, որ նրանք արդեն ոչ մի ուրիշի չեն պատկանելու, կարող էի արդեն համոզված խզել նրանց հետ, ինչը մինչ այդ համարյա միշտ անհնար էր լինում ինձ համար:
Քանի դեռ նրանք կապվածության մեջ էին, ես ապացուցած ունեի իմ դիրքերը և հաստատած իմ հզորությունը՝ երկարատև: Տարօրինակ է, այնպե՞ս չէ: Բայց դե դա է, սիրելի հայրենակից: Ոմանք լացում են՝ "Սիրի՛ր ինձ", մյուսները՝ "Ինձ մի՛ սիրի": Բայց որոշ հանճարներ՝ վատագույններն ու ամենադժբախտները, գոռում են՝ "Մի՛ սիրի ինձ և եղիր ինձ հավատարի՛մ":
Մնացած էլ կա, բայց...
Էջանիշներ