Ի տարբերություն Անկապ Օրագրի, էստեղ տվայտանքներից գրել չկա: Կոնկրետ փոքրիկ պատմություններ ենք գրում: Սկսում եմ
Հետը ծանոթացա չատով, երբ հանկարծակի սկսեց խոսել ինձ հետ, երբ մայրը հեռացել էր համակարգչի մոտից: Անունը` Դավիթ է, յոթ տարեկան, հետս խոսում է անգլերեն, թեև հայ է, ուղղակի հայերենին այդքան լավ չի տիրապետում, ինչքան անգլերենին, դե, Հայաստանում չի ապրում:
-Ինձ կուղարկե՞ս նկարդ:
Ուղարկում եմ մի նկար, որտեղ ձեռքիս կիթառ կա: Հիանում է:
-Օ~, դու կիթառ ես նվագում, երանի ես էլ կիթառ ունենայի:
Չէի ուզում ինձանից հիասթափվեր Դավիթը, դրա համար էլ չասացի, որ նվագել չգիտեմ: Երեխայի աչքում հերոս երևալը հաճելի է շատ:
-Եթե երբևէ հանդիպենք, ես քեզ կիթառ կնվիրեմ, Դավիթ ջան:
-Լու՞րջ, (ու ուրախություն արտահայտող մի քանի տող անկապ հնչյուններ):
-Դե իհարկե, Դավիթ, դու իմ ընկերն ես, չէ՞:
-Ահա:
Էլի ենք խոսում, գրեթե ամբողջ օրը, մինչև հասնում է Դավթի քնելու ժամը:
-Դե գնա, Դավիթ ջան, քեզ բարի գիշեր ու անուշ երազներ:
-Եթե երբևէ հանդիպենք, ես քեզ 7 դոլլար կնվիրեմ:
-Ինչու՞, Դավիթ ջան:
-Որովհետև դու իմ ընկերն ես: Բարի գիշեր:
Էջանիշներ