Էրեխեքի մասին էս երրորդ մանրապատումն էլ դնեմ, ու էսօր հերիք է:

Իրենք ահագին հնոտ են բայց, բլոգիցս եմ թխում:
***
Արամի մազերը երկարել էին, խտացել, մգացել ու ծածկում էին սպիտակ ճակատը, սև աչքերը ավելի արտահայտիչ ու խոշոր էին դարձել: Նենց սիրուն էր:

Հագին էլ իր տարիքի համար չափազանց ստիլնի շորեր էին` մի տեսակ ռետրո ու ռոքային:
Ոնց-որ յոթանասունականների տղա լիներ:

Նենց երջանիկ զգացի ինձ, որ համարյա ծնված օրվանից գիտեմ իրեն, ու աչքիս առաջ մեծանում և տղայանում է: Շուտով չորս տարեկան կլինի:

Աննան էլ արդեն մեկ ու կես տարեկան է և անընդհատ ասում է.
- Արամինն ա:
Ուրիշ բան ասել դեռ չգիտի: Իր իսպանացի մաման էլ շատ հպարտ է աղջկա հայերենով:

Արամը էդ տարիքում արդեն երեք լեզվով խոսում էր` հայերեն, իսպաներեն, գերմաներեն: Տարբեր են իրենք...
Արամը կամուրջ էր կառուցում, տեսավ, որ էկել եմ, ինձ ներառեց կառուցման մեջ` քթի տակ ասելով.
- Աննայի գլուխը խլելու եմ:
Աննան էլ հա փորձում էր քանդել Արամի սարքածը, ու շատ արագ հասկացա, որ Արամը, խլել ասելով, պոկել նկատի ուներ:
Գնացինք հաց ուտելու: Արամը կերավ վերջացրեց ու ասաց ինձ.
- Հռիփսիմե, շալակը երգի:
Էդ տղու պատվերը ինձ համար օրենք է:

Ու կլկլացրեցի.
Քեռին եկավ մեր բակը,
Դու լու լու, դու լու լու,
Մեր բակը,
Մի մեծ կճուճ շալակը,
Դու լու լու, դու լու լու,
Շալակը,
Կճուճն ընկավ, կոտրվեց,
Դու լու լու, դու լու լու,
Կոտրվեց,
Միջի մածունը թափվեց.
Դու լու լու, դու լու լու,
Ախ, թափվեց...
Աննան երջանկությամբ իր գդալն էր ճոճում օդում` դեմքիս վրա յոգուրտային բրավոներ ցփնելով:
Արամն էլ, որ առաջ երբեք չէր խորացել էդ երգ մեջ, հիմա սկսեց միտք անել.
- Հռիփսիմե, իսկ ինչո՞ւ կճուճն ընկավ:
- Կճուճը պարանով կախված էր քեռու շալակին, պարանը պոկվեց, կճուճն ընկավ:
- Ինչո՞ւ պարանը պոկվեց:
- Կճուճը ծանր էր, պարանը չդիմացավ ծանրությանը ու պոկվեց...
Արամը շարունակեց մտածմունքը.
- Մածունը թափվեց...
- Հա...
- Կատուն էկավ, մածունը կերավ, գնաց տատի մոտ...
Մեկ էլ տեղից վեր կացավ.
- Մի հատ սպասի, հիմա քեզ մի պատմություն եմ պատմելու:
Ու տարավ իր ամանները դրեց լվացարանի մեջ, հետ էկավ նստեց իր տեղում ու շարունակեց.
- Մի պատմություն եմ ուզում քեզ պատմել չար տատիկի մասին: Աղջիկն ու տղան գնում էին անտառով, մեկ էլ մի տուն տեսան` շոկոլադի ու թխվածքի պատերով: Մոտ եկան, որ ուտեն, միջից չար տատին տեսավ նրանց ու ուզեց աղջկան ուտել: Բայց աղջիկը մտավ տուն, ու ինքը կերավ տատիին: Աչքերն էլ կերավ, ականջներն էլ... տուտուզն էլ:
- Էդ չար տատիի անունը Կախարդ Պառավ էր հաստատ,- ասացի ես:
- Հա, էդ չար տատի Կախարդ Պառավը հեքիաթի մեջ ա ապրում, թե չէ ինքը չկա... Տենց բաներ չկան:
Հետո նորից վեր կացավ տեղից, ու կողքովս անցնելիս` առանց ինձ նայելու արտասանեց.
- Արի գնանք սենյակ, քեզ մի պատմություն էլ պիտի պատմեմ:
Երեկոյան` գնալուցս առաջ, մաման խնդրեց, որ Աննայի համար էլ առանձին գամ, երբ Արամը տանը չի լինում, որ Աննան էլ հայերեն սովորի, թե չէ էսպես Արամը ամբողջությամբ վերցնում է ինձ, քուրիկին ինձնից բան չի հասնում:
Դռան մոտ Արամն ինձ ասաց.
- Կոտրելու եմ Աննային:
- Մի կոտրի Աննային,- ասացի ես:
- Ինչո՞ւ:
- Ինքը քո լավ ու բարի քուրիկն է:
- Հա,-համաձայնեց Արամը:
Ու անմիջապես ավելացրեց.
- Բայց չգիտեմ:

Էջանիշներ