Վերջերս մեր մոտ Խանջյանի «Ավերակների Պահապանը» բեմադրությունն էին կազմակերպել: Վաղուց հայկական բեմադրություն չէի տեսել ու հավեսով տոմսերը նախորոք պատվիրեցի: Հետո պարզվեց, որ բեմադրությունը ոչ թե ինչ-որ թատերոնում էր, այլ մի ծերանոցում, բայց այնուամենայնիվ որոշեցի գնալ: Հասանք ծերանոց, պարզվեց, որ մուտքը հետևի դարպասների կողմից է: Մոտեցանք, դարպասները փակ էին. մենակ մի փոքր ճեղք էին թողել: Ինչևէ, ներս խցկվենք, մեր հանդիսատեսի տուրքը կատարեցինք՝ վճարվեցինք ու դեռ չէինք հասցրել առաջ անցնել, երբ զգում եմ, որ մի բերետավոր պստո եկել թևիցս քաշում է, ինչ-որ անհասկանալի բառեր մրթմրթում ու ինչ-որ տեղ փորձում տանել: Հենց նույն պահին մի չքավոր կին մոտեցավ՝ գլուխը պինդ լաթերով փաթատված և սկսեց փող մուրալ: Փոքրիկից մի կերպ ազատվելով՝ ինձ ի մի բերեցի ու հայտարարեցի, որ եթե գումար են ուզում, ուրեմն ինչ-որ ծառայություն պիտի մատուցեն, ու առաջարկեցի երգել: Չքավոր կինը մի էնպիսի աններդաշնակ հնչյուներ սկսեց արձակել, որ ականջներս հետս թարսվեցին, իսկ ես լրիվ քոռ ու փոշման մնացի: Իսկ մի ուրիշ չքավոր ինչ-որ կիսախարխուլ սայլակ առաջ բրդելով պե՜պսի՜ կոկա՜կոլա՜ էր գոռում: Կարծես էս ամենը քիչ էր, մեկ ուրիշ ծխախոտավոր չքավոր էլ մյուս կողմից ինձ որոշեց իր թիրախը դարձնել, և մոտենալով սկսեց պիվի փող ուզել: Լավ էր, որ կողքից ինձ քաշեցին տարան, թե չէ ծխի հոտից հաստատ անխոհեմ բաներ էի աելու: Ինչևէ, բակի ծայրում բեմահարթականման ինչ-որ բան տեսանք, դիմացն էլ աթոռների մի կույտ: Լավ էր, որ պատի տակ մի առանձնացած բիլիարդի սեղան կար, որտեղ էլ տեղավորվեցինք: Բեմադրությունը բավականին սահուն ընթացավ, չհաշված չղջիկների ու մլակ-մոծակների աննախադեպ հարձակումները: Հետաքրքիր, անսպասելի, փախած միջավայր էր, դերասաններն էլ լավ էին խաղում, մենակ թե ափսոս ներկայացվող նյութը կարգին նյութ չէր...
Էջանիշներ