Խլուրդը, որն ուզում էր իմանալ, թե ով է արել իր գլխին
Այ էսպիսի մի լավ գիրք կա մեր մանկապարտեզում: Ճստոների կես բոյին է` սիրուն նկարազարդած, հիմնականում` շագանակագույն երանգների: Պատկերազարդ գրքի վերնագիրը արդեն իսկ ահագին բան է ասում միջի պատմվածքի մասին: Բայց դե մի քիչ մանրամասնեմ:
Ուրեմն մի խլուրդ է լինում, մի օր իր համար ման է գալիս, մեկ էլ վերևից գլխին` հոպ, մի կլոնձ թարմ արտաթորանք: Էս խլուրդը խառնվում է իրար, թե ով արեց իր գլխին: Ու գլխի նոր զարդով սկսում է շրջել և հանդիպած կենդանիներին հարցուփորձ անել.
- Դո՞ւ ես արել իմ գլխին:
- Ե՞ս,- զարմանում է ծիտիկը,- հլը նայիր` ես ոնց եմ անում:
Ու հավեսով ծրտում է խլուրդի կողքին: Տուժածը հասկանում է, որ սա էն չի:
- Դո՞ւ ես արել իմ գլխին,- հարցնում է կովին:
- Ե՞ս, ի~նչ ես ասում, հլը նայիր` ես ոնց եմ անում:
Ու մի գունդ թրիք է շպրտում հաստլիկ հետույքից:
Հերթը հասնում է խոզին.
- Դո՞ւ ես արել իմ գլխին:
Խոզն էլ իր հոտավետ զանգվածն է հրամցնում` չլմփոցով ու մնացած երաժշտական ձայնակցությամբ:
Էդպես գրքում հանդիպում ենք նաև այծի, ձիու և այլ կենդանիների հետույքների, որոնցից տարբեր տեսակի կակաշկաներ են թափվում, ու համեմատության կարգով հասկանալի է դառնում, որ դրանցից ոչ մեկը խլուրդի գլխինի ընկերը չի:
Խեղճ տուժածը իր կակաշկայով էնքան է շրջում մինչև հանդիպում է թարմ արտաթորանք խժռող երկու տռուզ ճանճի, ու հասկանում է, որ սրանք հաստատ գործի վարպետ են, կիմանան թե իր գլխի վրայինը ում շնորհքն է: Էդպես էլ լինում է, ճանճերն ասում են.
- Շունն է արել, պարզ բան:
Խլուրդը գնում, գտնում է շանը: Տեսնում է սա կերած-խմած քնած է: Վրեժի ծարավը համակում է մեր հերոսին: Բարձրանում է շան վրա ու նրա ճակատի մեջտեղում անում իր գորշ անելիքը: Առը քեզ, շան լակոտ:
Ու իր գլխի զանգվածով հեռանում է տխուր խլուրդը:
Այ էսպիսի գերմանական պատմվածք երեխաների համար:
Միշտ ուրիշներն էին կարդում էրեխեքի համար, ես էլ կողքից ականջ էի դնում: Էնքան լսեցի էդ ք.-ոտ պատմությունը, վերջն իմ հավեսն էլ տվեց: Էսօր էլ ես կարդացի, ճտերս էլ ոգևորությամբ լսում էին ու երևի փորձում պարզել` կարո՞ղ է իրենք են արել խլուրդի գլխին: Հոտը աշխարհ էր կապել...
Էջանիշներ