«Մաչոն»Նվիրվում է իրենց մաչո երևակայող բոլոր տղաներին
Իտալական ճամփորդություններին, բացի ինձնից ու Սիդից, երկու տղա էլ էին մասնակցում: Մեկը չափած-ձևած, չխմող, չծխող, առավոտից իրիկուն սպոտրով զբաղվող մի ռուս տղա էր` մեր հազար տարվա ծանոթը: Իսկ մյուսը` ծխող, խմող, անգամ երեկոյան արևային ակնոցները չհանող, լոպազ քայլվածքով, իրեն բոլիվուդյան, գուցե նաև հոլիվուդյան աստղի տեղ դրած մի գրեթե անծանոթ հնդիկ: Ու էդ երկուսը իրար հետ առանձնապես չէին շփվում. ոչ մի ընդհանուր բան չունեին, բացի նրանից, որ երկուսն էլ կոնսուլտանտ էին գերմանական հայտնի ֆիրմաներում:
Ու մի երեկո էլ հնդիկը որոշեց իրենց չշփման բացը լրացնել: Վիսկիի հերթական բաժակը մի ձեռքին, սիգարետը` մյուսին, նստեց մեր ռուսի դիմաց, որն այդ ժամանակ գանտելներով (հետը քարշ էր տվել Իտալիա) բիցեպսներն էր դզմզում: Զգալով, որ հնդիկը ինչ-որ շատ մոտ է իրեն նստած` ռուսն իր մարզված բոլոր մկաններով հետ ձգվեց` փորձելով խուսափել ալկոհոլի թունդ հոտից ու սիգարետի ծխից: Մոտ նստածի կատարն էլ արդեն լաաավ տաքացել էր ու հնդկական մուղամներ էր շվշվացնում` ինքն իրեն ծիծաղելով չգիտես թե ինչի վրա: Մեկ էլ ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց.
- Ռուս աղջիկներից լավը չկա:
Ռուսը հայացքը բարձրացրեց ու ուշադիր նայեց հնդիկին:
- Ու ինչո՞վ են էդքան լավը,- հետաքրքրվեցինք մենք:
- Ամեն ինչով, լուրջ եմ ասում, նրանցից լավը չկա:
Ռուսի դեմքին ոչ մի մկան չէր շարժվում, միայն հայացքը ողջ ուշադրությամբ հառված էր ոգևորված հնդիկին:
- Իրիկունը գործից հետո գնում ես մի տեղ նստում, խմիչք վերցնում, աղջիկների հետ ծանոթանում, ու եթե ռուս են, արդեն շահած ես: Գերմանացիները գլխացավանք են. պիտի ամեն ինչ իրենց ուզածով լինի, թուրքերը սիրտդ կկոտրեն. քո հաշվին կուտեն, կխմեն, աչքդ թեքեցիր, փախել են արդեն: Բայց այ ռուս աղջիկները... Հա, շատ են խմում, գրպաններդ դատարկում են, բայց ներդրածդ փողը էդ գիշեր լրիվ փոխհատուցվում է: Ասում եմ` ռուսներից լավը չկա:
Ֆռթացնելով վիսկին ու չնկատելով ռուս տղայի լարված հայացքը` հնդիկը շարունակեց իր «գովքը».
- Խմիչքի մեջ էլ մեծ կտոր լիմոն են գցում, հետո էլ էդ լիմոնը ոնց են քամում շուրթերով, գժվելու բան,- ու ջահելը երևակայական լիմոնով օդում իրականացրեց գժվեցնող գործողությունը և շարունակեց,- բա ո~նց են պարում... ախ... վայրի գազանների նման...
- Չորեքթա՞թ,- հարցրեց ռուսը:
Հնդիկը ձեռքերը ճոճեց օդում` էքստազի մեջ:
- Ու ռուսներին հանգիստ կարող ես տուն բերել: Թուրքերի պես չեն, որ լավագույն դեպքում կփախչեն, չեն գա, վատագույն դեպքում` հետո մի շաբաթ չես կարողանա պոկվել դրանցից: Ոչ էլ քմահաճ ու իրենց կամքը թելադրող գերմանուհիների նման: Ռուս աղջիկը գիտի իրեն ոնց պահել քո տանը: Իր վրա ամբողջ ծախսածդ գիշերը «կվերադարձնի», առավոտն էլ մինչև արթնանալդ կմաքրվի տնից` ոնց-որ սկի չի էլ եղել: Ռուսն ուրիշ է...
Էստեղ մարզվող տղայի համբերության բաժակը լցվեց, թափով վեր կացավ տեղից, ձեռքը կտրուկ շարժեց հնդիկի կողմն ու ասաց.
- Ամեն ինչ պարզ է:
Ուզում էր գնալ, բայց հնդիկը շարունակեց.
- Ռուս աղջիկնեն ինձ շատ են սիրում, ես իրենց հետ խնդիր չունեմ` երբ ուզեմ, ինչքան ուզեմ: Դու հետս արի, կգնանք լավ-լավ տեղեր, կխմենք, կուրախանանք, հետո թե կուզես, բնակարանիս բանալիները կարող եմ մի գիշերով քեզ տալ, ես շատ մեծ ու հարմար անկողին ունեմ:
- Ես տուն էլ ունեմ, մահճակալ էլ,- ասաց ռուս տղան ու դուրս եկավ սենյակից:
Հնդիկը շրջվեց իմ ու Սիդի կողմը, թե.
- Զարմանալի տղա է, հեչ հետաքրքրված չի ռուս աղջիկներով... Երևի իրեն գերմանուհիներն են դուր գալիս:
...
Բախտի բերմամբ, թե պատահմամբ, հաջորդ օրը Գերմանիայից մեզ միացան Սիդի ու ռուս տղայի ծանոթների մի այլ խումբ, որտեղ երկու ռուս աղջիկներ կային: Էն ինչ տիպեր էին, պա~հ, լիմոն էլ կքամեին, վայրի գազանների նման էլ կպարեին, դու ասա` պարացնող լիներ: Մեր քաջ հնդիկը, որ նախորդ գիշերը կտրիճ էր դարձել, էդ ռուս աղջիկների ներկայությամբ դարձավ կուռկուռի ձագ, կուչ եկավ, քաշվեց, սկի ծպտունը դուրս չէր գալիս:
Մոտեցա իրեն, թե.
- Բա ասում ես` ռուսների հետ լավ ես, հրեն, իրենց ոտքով եկել են քո սիրելի աղջիկները:
Հնդիկն ավելի կուչ եկավ ու կամաց ասաց.
- Լավն են ռուս աղջիկները... շատ ընկերական են:
Ու ինքն իր ասածին գլխով անելով` դուրս եկավ ծխելու:
Էջանիշներ