Էլիզաբեթը. նյույորքյան փոքրիկ պատմություն
Նյու Յորք գնալուց առաջ մի հասարակական կազմակերպություն էի գտել՝ "Big Apple Greeter", որտեղ նյույորքցի կամավորները, հիմնականում՝ թոշակառու տատիկ-պապիկներ, իրենց քաղաք այցելող հյուրերին մի օր են տրամադրում, էստեղ-էնտեղ տանում: Գրել էի իրենց, թե որ օրն եմ ուզում հանդիպել իմ greeter-ի հետ, ով եմ ինչ եմ, ինչ կուզեի էդ օրն անել և այլն: Գնալուցս մի քանի օր առաջ նամակ եկավ, որ իմ գրիթերը մի ոմն Էլիզաբեթ է, որի հետ պիտի կապվեմ էսինչ հեռախոսահամարով: Իմեյլ չուներ, ինչից արդեն ենթադրելի էր, որ պատկառելի տարիքի տատի է:
Իր հետ դեկտեմբերի 23-ին էի հանդիպելու, ու քանի որ ամսի 21-ից Նյու Յորքում էի, արդեն ինքնուրույն էնքան բան էի հասցրել տեսնել, որ մտածում էի՝ ոչ էլ պետք էր ինձ որևէ գրիթեր: Ամեն դեպքում, փորձեցի զանգել տատիին, բայց իր փոխարեն մենակ ինքնապատասխանիչն էր տեղում, ինչն ինձ ամենևին չէր տխրեցնում:
Մեկ էլ ամսի 23-ին՝ առավոտ շուտ, զանգ եկավ հյուրանոց, Էլիզաբեթն էր: Շատ գործնական տոնով ասեց, որ ժամը տասին գալիս է ինձ հյուրանոցից վերցնի, պատրաստ լինեմ ու հարմար կոշիկներ հագնեմ: Ես անհարմար կոշիկներ ընդհանրապես չունեմ, բայց դե իրեն դա երևի առանձնապես հետաքրքիր չէր, էնպես որ էդ ինֆորմացիան որոշեցի չկիսել իր հետ:
Նշանակված ժամին իջա ներքև՝ հյուրանոցի սպասասրահ (թե ֆոյե կամ ինչ են դրան ասում): Մի շատ պստլիկ տատիկ ներս մտավ, 70-ին մոտ: Ինքն էր որ կար, իմ գրիթեր Էլիզաբեթը: Մոտեցա, ներկայացա, ինքն էլ՝ ոչ բարև, ոչ բարլուս.
"Your hair is beautiful my dear!"
Էստեղ պիտի անպայման նշեմ, որ ես առնվազն մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, մեկը մյուսից ընտիր արժանիքներ ունեմ («որ մեկն ասեմ, որ մեկը» շարքից), իզուր չէր տատս անունս «Չարենցի գյոզալ» դրել, բայց էդ արժանիքները երբևէ էնքան ուշադրության չեն արժանանում, ինչքան մազերս, որոնք իրականում մի քիչ քամոտ եղանակին ինձ "Осторожно, обезьянки!" մուլտի մամայից են դարձնում: Բայց դրա մասին Էլիզաբեթը դեռ ոչինչ չգիտեր ու էդպես քաղցր ողջունեց ինձ: Հետո էլ միանգամից նայեց կոշիկներիս: Հա, հաստատեց, հարմար են: Հետն էլ թե՝ զուգարան չե՞ս ուզում: Ու առանց պատասխանիս սպասելու՝ տեղեկացրեց, որ ինքն ուզում է:
Էսպիսի ալտերնատիվ ողջույն-ծանոթությունից հետո սկսեցի կամաց-կամաց գլխի ընկնել, որ ինձ Էլիզաբեթի հետ շատ հետաքրքիր օր է սպասվում:
Շարունակությունը՝ հաջորդիվ:
Էջանիշներ