Թոնին ու իր տղաները
Թոնին մանկապարտեզի ամենաֆավորիտ աղջիկն է: Հինգ տարեկան է, բայց ինչպես բնորոշ է գերմանացիներին, արդեն իսկ կարգին կազմավորված մարդ է և շատ հետաքրքիր աղջիկ: Մանկապարտեզի բոլոր մեծ տարիքի էրեխեքը` հատկապես տղաները, ուզում են Թոնիի կողքին լինել: Թոնին ոնց-որ կատվիկ լինի` փայլուն աչքերով, խաղացող ժպիտով և կոկետ պահվածքով:
Էդ օրը Թոնին հեչ չէր ուզում երկար մնար մանկապարտեզում ու համարյա լացը գալիս էր էն մտքից, որ մաման էդքան ուշ է գալու իր հետևից: Մտածում էի` ինչով ուրախացնեմ և զբաղեցնեմ Թոնիին. ինչ առաջարկում էի, գլխով չէ էր անում:
- Արի բոլորի համար արագ մի բան պատրասենքք ուտելու, հիմա խանութ կգնանք, կառնենք ինչ պետք է ու կսարքենք: Մենակ ես ու դու, համաձա՞յն ես:
Թոնին ոգևորվեց առաջարկց, ու երկուսով վազեցինք խանութ: Մի ժամ կար մինչև երեկոյան նախաընթրիքը, որի ժամանակ էրեխեքը սովորաբար կտրտած մրգեր-բանջարեղեն ևսենդվիչներ են ուտում: Մտածեցի` ինչ սարքենք սենդվիչների փոխարեն, բայց նման: Ու որոշեցի:
Խանութից ձու առանք ու շտապեցինք հետ:
- Ի՞նչ ենք պատրաստելու,- հետաքրքիրվեց Թոնին:
- Ձվով հաց: Ձուն հարելու ենք, հետո հացերը թաթախենք մեջը ու տապակենք թավայի վրա:
Գերմանացիները էդ հեշտ ուտելիքը ոչ գիտեն, ոչ փորձել են:
Ու անցանք գործի: Թոնին ձուն էր հարում, հացերը կտրտում ու մեջը թաթախում, ես տապակում էի: Շատ ոգևորված էինք մեր փոքրիկ խոհարարությամբ: Հետո էլ միրգ ու բանջարեղեն կտրտեցինք, ու սուփռա-սեղան քցեցինք:
Նստեցինք ուտելու: Նախադպրոցական տղերքը` Ադրիանը, Պաուլը ու նրանցից մի քիչ փոքր Լուիզը, սկսեցին զննել սեղանը ու թերահավատորեն իրար նայել:
- Ես եմ պատրաստել,- տղաներին հայտնեց Թոնին:
- Իսկ սա ի՞նչ :
- Ձվով հաց,- վստահությամբ ասաց աչոնը` կարծես ամբողջ կյանք ձվի մեջ թաթախած հաց էր տապակել:
Տղաները վերցրեցին դանակ-պատառաքաղը ու անցան գործի:
- Ե՞վ, համո՞վ է ստացվել,- հարցրեց Թոնին:
Առաջինը Լուիզը խոսեց.
- Տարօրինակ ուտելիք է, բայց մի՞թե մենք այսօր այլընտրանք ունենք:
Հարցը հռետորական էր:
Ադրիանը ու Պաուլը, որ արդեն դանակով կտրել էին իրենց հացից մի մասնիկ ու պատառաքաղով զգուշությամբ համտեսել, բազմանշանակ իրար էին նայում, հայացքներում մի բան էր գրված` սա ուտելու բան չի, բայց մեր Թոնիի սիրտը չենք կոտրի:
- Ինչ կասե՞ք,- նորից հարցրեց Թոնին:
- Հմմ... Անկեղծ ասած` համը բավականին անսովոր է, բայց ինձ դուր է գալիս,- հանգիստ ասաց Ադրիանը ու նորից նայեց Պաուլին:
Պաուլը.
- Ես նախընտրում եմ այլ կարգի ուտելիք, բայց սա էլ վատ չի:
Լսելով իր տղաների կարծիքները` Թոնին վերջապես իջավ ասեղների վրայից, ու ինքն էլ ափսե վերցրեց.
- Ես էլ կվերցնեմ մի կտոր:
Պաուլը Ադրիանին թաքուն ժպտաց ու նորից լուրջ դեմք ընդունելով` շրջվեց իր ափսեին:
Կողքից նայում էի ու մտածում...
Աստված իմ, սրանք մանկապարտեզի էրեխե՞ք են:![]()
Էջանիշներ