Երբ որ լատինո ու պարահանդեսային պարի էի գնում, մոտ տարիուկես առաջ, միշտ պարելուց առաջ մարզանք էինք անում: Կես ժամի չափ ընդհանուր մարզանք, ոտքի թաթերից մինչև վիզը մարզող/բացող, թևերը մեջքը հետևը ճտտացնելով ու այլ ցավոտ բաներ անելով:
Հետո տրենաժ էինք անում մի 15-20 րոպե, որը փաստացի պարի շարժումներով մարզանքն էր:
Հետո սկսում էինք պարել՝ ամեն պարապմունքին մի երեք-չորս պարից հիմնական քայլեր սովորելով:
Էլ չասեմ՝ ինչքան սիրով էի գնում... Աղջիկներից շատերն օրինակ մարզանքի ժամանակ "սաչկավատ" էին անում, իսկ իմ մտքով էլ չէր անցնում... մինչև վերջ ինձ կոտորում էի, քամվում, լիցքաթափվում...
Ու էդ ամենի հետ մեկտեղ, մեկ էլ, ամենահետաքրքիր ու ոգևորվածս պահին հորանջս գալիս էր: Հո չէր գալիս... Սենց մի՜՜ կերպ փորձում էի թաքցնել...գլուխս էի թեքում, միթոմ ձեռքս էի պահում դեմքիս մոտ պատահաբար, որ դասատուս չտեսնի... հիմնականում առաջին շարքում էի պարում:
Ու նենց էի ամաչում ու չէի հասկանում ինչ ա կատարվում...ախր էդքան դուրս գալիս էր: Ինչի՞ պետք ա քունս տաներ: Շիվարել էի:
Մի օր նայում եմ դասատուիս դեմքին, ինչ-որ բան էր ասում շարժումը ցույց տալուց առաջ, մեկ էլ որ չհորանջեց...սենց ջիգյարով, առանց թաքցնելու:
Երևի շատ զարմացած նայեցի: Ասեց՝
- Լիլ ջան, էդքան վատ չեք պարում, քունս չի տանում, ուղղակի էս զալի առաստաղը սենց տեղի համար ցածր ա, իսկ լուսամուտ շատ չենք կարա բացենք, որովհետև չի տաքացվում նորմալ: Օդի պակասության պատճառով հորանջելու պահանջ ա առաջանում:
Ոնց էի ուրախացել...
Էջանիշներ