User Tag List

Էջ 51 51-ից ԱռաջինԱռաջին ... 414748495051
Ցույց են տրվում 751 համարից մինչև 761 համարի արդյունքները՝ ընդհանուր 761 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #751
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սթիվենին հրաժեշտ չէի տվել, և կարծում էի, որ լավ էր էդպես: Ու հիմա՝ երեք ամիս անց, կանգնած էր ինձ դեմ-դիմաց Փազինգ կայարանում: Ինձ էր նայում ու ծիծաղում: Դեռ երբևէ չէր եղել, որ որևէ մեկն ինձ տեսնելու ուրախությունից ծիծաղեր: Տեղից էլ չէր շարժվում, միայն ձեռքերը վեր էր բարձրացրել ու ծիծաղում էր լիաթոք: Մոտեցա, գրկեցի առանց երկար մտածելու. նախկինում երբևէ կպած չկայի իրեն՝ որպես աշխատանքային դիստանցիայի անհրաժեշտություն: Բայց նա այլևս դուրս էր իմ աշխատանքից:
    -Գտա քեզ, ոնց էի քեզ կարոտել, ամեն տեղից փորձում էի ինֆորմացիա գտնել քո մասին:
    Չգիտեր, որ Թիերնոն ուներ տվյալներս. նա միակն էր, ում աշխատանքս փոխելուց առաջ տվել էի անձնական համարս, այլ կերպ անել չէի կարող, պատասխանատու էի զգում ինձ իր համար, և ինքս ինձ խոստացել էի, որ շարունակելու եմ աջակցել իրեն, ինչքան որ ունենա իմ կարիքը: Իսկ Սթիվենն ինձ ավելի ամուր էր թվում, գոնե առանց հոգեկան առողջության խնդիրների, առանց սուիցիդալության, գերբնականի հանդեպ մեծ հավատքով, որն իրեն ուժ էր տալիս՝ դիմակայելու և առաջ գնալու:
    Եվ հիմա էլ կանգնած Փազինգի կայարանում՝ նա բարձրաձայն շնորհակալություն էր հայտնում երկնայինին, որ օգնեց ինձ գտնել:
    Չգիտեմ՝ կողքից ինչ տպավորություն էինք թողնում, բայց ինձ անհասկանալի էի զգում տվյալ իրավիճակում, ու չգիտեի՝ «գտնելը» հիմա ինչ շարունակություն պիտի ունենար: Կարող էի ուղղակի գնալ դեպի գնացքս ու նորից կորչել՝ մինչև հերթական պատահական հանդիպումը, ինչն իրականում շատ հազվադեպ երևույթ է Մյունխենում:

    Իզայն ասում է՝ ինչ եկել եմ իրենց մոտ, հա աֆրիկյան երկրներից միգրանտներ են գալիս խորհրդատվության, թեև մեր պրոյեկտը էդ երկրները չի ընդգրկում:
    -Չեմ հականում, հե՞տդս ես բերել,- ասում է ծիծաղելով:
    -Չէ, բայց ես իրենց կընդունեմ, դու մի անհանգստացիր:
    -Մեր պրոյեկտից դուրս են, շեֆը որ իմացա՞վ:
    Ինձ անծանոթ մարդիկ են բոլորն էլ, ու ամեն անգամ էն հարցին, թե ինչու են մեր մոտ եկել, ասում են՝ լսել ենք, որ էստեղ օգնում են: Իրենց հետ շփվելիս միշտ «իմոնց» եմ մտաբերում, մտածում, թե ոնց են: Միայն Թիերնոյից էի տեղյակ:

    Ու հիմա Սթիվենն էր, որ գերբնականին իր երախտագիտությունը հայտնելուց հետո պատմում էր իրենից՝ տեղեկացնելով բոլոր վերջին իրադարձությունների մասին:
    Պիտի խոստովանեմ, որ կուզեի չլիներ էդ հանդիպումը, որովհետև նորից պատասխանատվության զգացում էր առաջացնում, որի համար այլևս չունեի անհրաժեշտ ռեսուրսներ: Ու գիտեի, որ հենց էնպես շրջվել-գնալ չեմ կարող, թեև դա գուցե լավագույնը լիներ երկուսիս համար էլ: Հեռախոսահամարս տվեցի բաժանվելուց առաջ, որ կապվի, եթե ինչ-որ բանի կարիք ունենա:

    Բայց Սթիվենի ամենամեծ կարիքը մարդկային շփումն էր կամ ուղղակի մոտ գտնվելը՝ թեկուզ և առանց խոսելու:
    Սթիվենն էն միակն էր, որ ամեն օր գալիս էր իմ աշխատասենյակ ու մնում ժամերով, և հաճախ ստիպված էի լինում կլիենտներին հարցնել, թե արդյոք օքեյ է, որ Սթիվենը մնա սենյակում, երբ իրենք խորհրդատվության են: Սովորաբար ոչ ոք դեմ չէր լինում. արդեն սովորել էին, որ ինքն իմ սենյակի անբաժան մասն է:
    Երբ նոր էի հայտնվել իերնց կացարանում, ահավոր վիճակի էր. Դուբլինի օրենքով ուզում էին ուղարկել Իտալիա, նպաստը կտրել էին. ոչ ուտելու բան ուներ, ոչ հույս: Իտալիան աֆրիկյան երկրներից եկածների համար սարսափելի երազ էր, եթե հասցրել էին որոշ ժամանակ մնալ էնտեղ: Ոչ ոք չէր ուզում նորից հայտնվել էդ կողմերում՝ որպես փախստական:
    Դուբլինի օրենքը լավ ուսումնասիրելուց հետո լիքը ճեղքեր էր հնարավոր գտնել ու դրանք օգտագործել ըստ նպատակի: Օրենքը ուժի մեջ էր ուղիղ վեց ամիս, և Bundespolizei-ը սովորաբար վերջին մի շաբաթն էր գալիս փախստականի հետևից՝ նրան ուրիշ եվրոպական երկիր տեղափոխելու համար, որտեղ առաջին անգամ դրվել էին իր մատնահետքերը: Դաշնային ոստիկանությունը այցելում էր ուշ գիշերը, երբ մարդը խաղաղ քնած պիտի լիներ և փախչելու հնարավորություն չունենար: Դուբլինի օրենքի անհեթեթությունից մեկն էն էր, որ եթե վեց ամիսը լրանալուց հետո ինչ-որ պատճառով հնարավոր չէր եղել տվյալ փախստականին տեղափոխել կոնկրետ երկիրը, ապա ժամկետը լրանալու առաջին իսկ պահից Գերմանիան դառնում էր պատասխանատու էդ մարդու համար: Սթիվենի վեց ամիսը հաշվարկելով՝ անհրաժեշտ էր միայն, որ վերջին մի շաբաթը կացարանում չգիշերի: Բայց միայն էդ մի շաբաթը, եթե երկու շաբաթ տևեր բացակայությունը, կկորցներ իր տեղը կացարանում: Ու իմ զգուշացնելուց հետո, էդ մի շաբաթը Սթիվենը «տանը» չէր. ոստիկանությունը երկու անգամ եկել էր այդ օրերին ու հենց գիշերվա կեսին, բայց Սթիվենին չէին գտել: Դրանով անցավ վեց ամսվա դեդլայնը. Սթիվենն այլևս Գերմանիային էր «պատկանում»: Անձնագիրը վերականգնեցին, ինչպես նաև նպաստը, ու ամեն ինչ իր տեղն եկավ: Հետո պիտի էս տրյուկը նաև ուրիշ փախստականների համար օգտագործեի, որ մնային Գերմանիայում. եթե միայն իմանար կառավարությունը, թե ինչեր էի անում: Ֆիլիպին պատմեցի մի անգամ. ապշած վրաս էր նայում: Բայց դե գոնե ինքն էլ սովորեց դուբլինյան օրենքից խուսափելու տրյուկը. գուցե մի օր որոշեր օգտագործել մեկի համար:

    Իսկ էն օրերին, երբ Սթիվենը դեռ վտարման օրենքի տակ էր և նպաստից կտրված, իրար հետ գնում էինք զբոսնելու ու ձեռքի հետ մի սուպերմարկետ մտնում, որտեղից ինձ կարծես մի բան էր պետք, բայց արդյունքում վերցնում էի հնարավորինս մեծ քանակությամբ մթերք ու կենցաղային իրեր, որոնք հետո թողնում էի Սթիվենի մոտ: Գերմաներենի դասերն էլ էին դե կտրել. տնից մանկական գրքեր ու ինքնուսույցներ էի բերում, քիչ-քիչ սովորում էր կարդալ, հասկանալ:
    Դաբլինի բեռից ազատվելուց հետո Մարիանեի օգնությամբ (մի հրա՜շք կամավոր) փայտային արհեստի կուրսերի դասավորեցինք Սթիվենին: Շտանբերգի լեզվի դպրոցի հետ էլ հնարավոր եղավ պայմանավերվել, որ լեզվի կուրսերի այցելի՝ առանց վճարի: Իսկ աշխատանքի իրավունքը միևնույն է մերժում էին: Բայց էստեղ էլ էր հնարավոր ճեղքեր գտնել: Փոքրիկ աշխատանքի տեսակներ կային, որոնց համար հնարավոր էր աշխատանքային իրավունք ստանալ՝ միայն դրանց սահմաններում մնալու դեպքում: Միխիի հետ խոսեցի, իմ ու իրենց սենյակին մաքրող էր պետք, որը բնույթով ու ժամաքանակով Սթիվենի համար մտում էր «իրավական սահմաների մեջ»: Մեծ բան չէր, բայց լավ էր, քան ոչինչ: Ու Սթիվենն անցավ գործի:
    Հետո կոնֆլիկտներ սկսվեցին նույն սենյակում ապրող տղաների հետ, բայց դա էլ հնարավոր եղավ հարթել:
    Երևի նաև Սթիվենի հավատքն էր, որ օգնում էր իրեն, չգիտեմ: Բայց ամեն ինչ իսկապես լավ էր ընթանում: Ու հենց էդ ժամանակ էլ ես գնացի: Առանց հրաժեշտ տալու:

    Ու հիմա Փազինգում հանդիպելուց չէի կարող համարս չտալ. իրեն ոչինչ պետք չի, բացի կողքին մտերիմ մարդ ունենալու զգացողությունից:
    Առավոտյան բարի լույս-եր եմ ստանում և ուրիշ մաղթանքներ: Մեկ-մեկ էլ հասցնում եմ պատասխանել ու իմանալ, թե ոնց է: Լավ է ամեն ինչ: Ու դեռ ավելի լավ է լինելու:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.08.2018), Sambitbaba (01.11.2018), Բարեկամ (09.08.2018), Գաղթական (10.08.2018), Ուլուանա (16.08.2018), Ռուֆուս (10.08.2018)

  3. #752
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դանիայում մեր հետազոտության մասնակիցներին վճարելը շատ հեշտ մի բան ա. վերցնում ես իրանց սոցապահովագրության համարը, մի հատ թուղթ ստորագրել տալիս, ուղարկում քարտուղարուհուն, ու իրանք մնացած հարցերը լուծում են։ Նորվեգիայում դա իսկական գլխացավանք ա։ Քանի որ Դանիայից Նորվեգիա վճարումներ անելը հսկայական բյուրոկրատական մղձավանջ ա, մեզ հանձնարարվել էր կանխիկ վճարել։ Նախորդ անգամ Քրիստինան ու Ֆաբիոն իրենց գրպանից էին վճարել, հետո համալսարանից հետ ստացել գումարը։ Էս անգամ ես հաջողացրել էի համալսարանի կրեդիտ քարտ ստանալ. դրանով գումար կհանենք, կվճարենք։

    Առաջին օրը Քրիստինայի հետ գնում ենք գումար հանելու։ Պարզվում ա՝ բանկոմատը 2000֊ից ավել չի տալիս։ Առաջին օրվա համար նորմալ ա, բայց երկրորդ օրը 2500 ա պետք։ Դա դեռ հերիք չի, 500֊անոցներ ա տալիս, իսկ մեզ մանր ա պետք. ամեն մասնակցի 250 ենք վճարելու։ Քրիստինան գնում ա բանկ, մանրում ա։ Էստեղ մի խնդիր կա. բանկը 9֊ից 5֊ն ա բաց, իսկ մեր հետազոտությունները 9֊ից 5֊ն ենք անում։ Էդպես որոշում ենք, որ ես ամեն առավոտ հանում եմ գումարը, գնում մանրելու, իսկ Քրիստինան լաբում ընդունում ա մասնակիցներին, մինչև ես կհասնեմ։

    Բայց առաջին շաբաթվանից հետո Քրիստինան գնաց, մնացի մենակ։ Սկսեցի ուղղակի առավոտվա առաջին հետազոտությունը 9:30 նշանակել, իսկ մանրելու հարցն էլ փորձում էի շաբաթ օրերը նախապես լուծել. բանկը բաց էր շաբաթ օրերը։ Հա, ու բանկոմատից էլ միշտ էնպիսի գումարներ էի ուզում, որ ստիպված 200֊անոցներ տար։ Էդպես երկրորդ շաբաթն էլ անցավ։ Ու շաբաթ օրը գնացի երրորդ շաբաթվա համար գումար հանելու։ 600 ֊ից շատ չտվեց։ Ի՞նչ անել։ Շաբաթ օր։ Համալսարան բողոք ուղարկել հնարավոր չի։ Երկուշաբթի էլ թարսի պես առաջին հետազոտությունս 9֊ին ա նշանակված։ Իմ սեփական միջոցներից հանեցի գումար՝ որոշելով, որ երկուշաբթի օրը էդ հարցով կզբաղվեմ։

    Երկուշաբթի նորից փորձեցի։ Էլի քարտը չաշխատեց։ Էլի իմ սեփական միջոցներից հանեցի ու ջղային նամակ գրեցի քարտուղարուհուն, թե՝ քարտը գումար չի տալիս, ստիպված մասնակիցներին իմ գրպանից եմ վճարում, ես գիտեմ, որ իմ ամսական լիմիտը 50 000 ա, էս ինչ հաշիվ ա։ Քարտուղարուհին մոտավորապես պատասխանեց, որ հաշվիս վրա 30 000֊ի լիմիտ ա դրած երեք տարվա համար ու որ ոչնչով չի կարող օգնել, մի ուրիշ մեյլի հասցե տվեց։ Մի խոսքով, ուշադիր չէր կարդացել նամակս, կարծում էր՝ ճամփորդական ծախսերի մասին եմ ասում։ Էդ ուրիշ հասցեին գրեցի, իրանք ասեցին, որ ճիշտ ա, ամիսը 50 000 ա, բայց օգնել չեն կարող, ուրիշ մեյլի հասցե տվեցին։ Էդ ուրիշ հասցեին նամակ գրեցի։ Պատասխանեցին, որ քարտի տվյալները ուղարկեմ (համարն ու անուն֊ազգանունս)։ Ուղարկեցի ու հետն էլ ասեցի, որ անուն֊ազգանունս էս ա, բայց քարտիս վրա տառասխալով ա, էս ու էս ա։

    Էսօր երեկոյան էդ վերջին տեղից նամակ էկավ, թե ներողություն են խնդրում տառասխալի համար, իմ համար նոր քարտ են թողարկել, որը ճամփին ա։ Ընտիր ա։ Իսկ ես հետազոտությունս արդեն վերջացրել եմ, ու ուրբաթ տուն եմ գնում։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (01.11.2018), Ձայնալար (03.11.2018)

  5. #753
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,192
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող սա էլ ստեղ մնա․․․
    Վարպետն ու Մարքրիտը

    Ասում էին Հըբըլի տղեն Մարքրիտի հետ ման կըգա։ Շատ հայտնի համբավ ուներ։ Հըբըլի տղեն, ոչ թե Մարքրիտը։ Ոչ մեկ լուրջ չէր ընդունում, բան էր ասում էին, բայց ասում էին։ Մարքրիտը ամուսնացած չէր, իսկ Հըբըլի տղեն ընտանիքմը ուներ, որ երկու ձեռքի մատներն հերիք չէին անի, եթե մեկը որոշեր համրել։
    Մի անգամ էս Հըբըլի տղեն գալիս ա քրոջ տուն այցի, տեսնում ա Մարգրիտը նստած ա։ Թաց մազերը փարթամ ուսին գցած, շարվաղ կուրծքը բացած․․․ մարմինը շքեղ, աչքերը կանթեղ, ոնց որ Շերամը կասեր։ Գնում տեղավորվում ա բազմոցին, նենց որ, Մարգրիտը մնա տեսադաշտում։
    Քրոջ հնգամյա երեխան թուղթ ու գրիչը ձեռքը գալիս ա մոտը․
    - Քեռի ինձ համար նկար նկարի, - ասում ա գիրկը նստելով։
    - Էս քո մազերն էլ ա թա՞ց, Նարո ջան։
    - Հա, գնացել էինք Մարքրիտ տոտայի հետ լողանալու, իրանց բաղնիքում։
    Էն ժամանակ ամեն ինչը կիսովի էր, մարդիկ իրար հետ էին հաց թխում, իրար բաղնիքներում լողանում։ Դժվար ա երևի պատկերացնել, ցիվիլիզացիայից փթոթած սերունդների համար։ Բայց այդ մարդիկ կարոտով են հիշում շփման դարաշրջանը։
    - Ի՞նչ ես ուզում նկարեմ, ասա՛։
    Նարոն մատը ծնոտին ա դնում, մտածում ա երկար։
    - Չգիտեմ, մի բան նկարի։
    Հըբըլի տղեն գծագրում ա կանացի մերկ մարմին, կլորիկ փարթամություններով, լիքոտ, բայց սլացիկ ազդրերով, վարսերը ուսից թափվող։
    - Բայց սա ոնց որ Մարքրիտ տոտան լինի, - ոգևորված գոչում ա ճիժը։
    Մարքրիտի դեմքը վայրկյանական շիկնում ա ու մի քիչ հապաղելուց հետո, դուրս ա նետվում տանից։ Էդ պահին սենյակ ա մտնում քույրը, սուրճը ձեռքին։
    - Իյա, ես արդեն գնո՞ւմ ես, նոր էկար այ տնաշեն։
    - Իջնեմ, Վալոդն ա կանչել։ Հետո կգամ։

    Դրանից տարիներ անց, իր տաղանդի ժառանգին վզին դրած թաղում էր տարել։ Թաղման տեղը հարյուրավոր մարդիկ կային, ծանոթ, անծանոթ։ Հետ գալուց նույն քրոջ հետ էին, ասեց․
    - Մարքրիտիքն տեսա՞ր։ Էդ ի՞նչ օրն ա ընկել, - ափսոսանք էր, որ թափվում էր։
    - Պա, Մարքրիտն ո՞վ ա։
    - Ոչմեկը, բալա․․․ ուղղակի ծանոթ կին։

    Ավելի ուշ Մարքրիտին նվիրված քառատողը կգտնի ժառանգը՝

    Նայվածքով բազե հոգի կհանե
    Չսիրող մարդուն մոտից կվանե,
    Հեռու մի գնա մոտս ման արի,
    Որ սիրող սիրտս նորից չմարի։
    LiBi

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.11.2018), ivy (24.11.2018), Progart (24.11.2018), Sambitbaba (03.12.2018), Հայկօ (24.11.2018)

  7. #754
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ գնում էի "Fantastic Beasts"-ի երկրորդ մասը նայելու, ու S-Bahn-ի չորս տեղանոց հատվածում մենակ էի նստած։ Եսիմ որ կանգառում երեք ջահել աղջիկներ ներս մտան (քսաների սկիզբ), եկան իմ նստարանի մոտ, մեկը կողքս նստեց, երկուսը՝ դիմացս։ Ու սկսեցին երեքով իրար հետ զրուցել «նոր սովորած», ոչ վարժ գերմաներենով։ Հետն էլ ահագին բարձր էին խոսում ու հենց ականջիս տակ․ իրենց զրույցից անջատվելը դժվար էր, հատկապես որ ականջակալներս էլ տանն էի թողել։ Կողքիս նստած աղջիկը բողոքում էր, որ փող չունի տոներին ընտանիքի մոտ՝ Կոլումբիա գնալու։ Կողքինիս դեմքը չէի տեսնում, իսկ դիմացիս երկու աղջկանից հեչ հասկանալի չէր, թե ինչ ազգության են։ Գուցե իրենք էլ էին էդ կողմերից, գուցե և ոչ։ Համենայնդեպս շատ հավես, ազատ ու մի քիչ էլ աղքատ ջահելության տպավորություն էին թողնում․ մոտս նույնիսկ նոստալգիա առաջացավ Գերմանիայում լինելուս առաջին մի երկու տարվա հանդեպ, երբ աղքատ ուսանող էի ու տներ էի մաքրում։
    Առջևումս նստած երկու աղջիկները քաջալերում էին կողքինիս ու ապագայի ինչ-որ պլաններ քննարկում, մեկ էլ ոնց եղավ, կտրվեցին երրորդին գոտեպնդելու զրույցից ու իրար հետ մի քանի նախադասություն փոխանակեցին։ Մի քանի վայրկյան հետո միայն ուղեղիս հասավ, որ հայերեն խոսք էր։ Անսպասելի էր շատ, որովհետև հայաստանցիներին հիմնականում դեմքից տարբերում եմ, իսկ իրենց դեպքում մտքովս սկի չէր անցել։ Էս նոր սերունդը լրիվ ուրիշ դեմքի արտահայտություն ունի, աչքերից բռնած՝ ամեն ինչ ուրիշ է, հեչ իմ իմացած հայկական դեմքի արտահայտությունները չեն։
    Հաջորդ կանգառին կողքիս նստած կոլումբացի աղջիկը հրաժեշտ տվեց իրենց ու դուրս եկավ․ իրենք էլ երկուսով մնալուց հետո արդեն լրիվ անցան հայերենի։
    Նստած մտածում եմ՝ ձայն հանեմ, թե չէ։ Զգացվում էր, որ հազիվ մի տարի լինի-չլինի, ինչ Գերմանիայում են, գուցե օգնության կարիք ունեն կամ գոնե խորհրդի ու աջակցության։ Բայց հետն էլ ինչ-որ բան հետ էր պահում հետները խոսելուց․ էնպիսի քնքուշ կոնտակտի մեջ էին իրար հետ՝ ինչ-որ անտեսանելի շրջանով փակված, ի՞նչ գործ ունեի ես իրենց աշխարհում։
    Իմ կանգառին իջա, գնացի կինոյիս, բայց ճամփին հա մտածում էի՝ իզուր չխոսեցի հետները, գուցե իսկապես ինչ-որ բանով կարող էի օգտակար լինել։ Մոտս սկսեց մեղքի զգացում առաջանալ։ Հիմա ես որտեղի՞ց գտնեի էդ աղջիկներին։ Ինտերնետից, էլ որտեղից։ Երկու ջահել հայ աղջիկ՝ Մյունխենի մետրոյում, մեկի անունը՝ Աննա (մի շատ հազվադեպ անուն), դե արի ու գտի։ Բայց ես հին «վիրտուալ խուզարկու» եմ՝ մանյակության էլեմենտներով։ Ու ինչքան էլ անհավանական թվա, գտա իրենց։ Մոտ մի ժամ փորփրելուց հետո՝ ֆեյսբուքում (ու էն պարագայում, որ ոչ մի ընդհանուր ընկեր չունեինք)։
    Նկարով անիմիջապես ճանաչեցին ինձ և շատ զարմացան։ Բայց հավես խոսեցինք, առաջարկեցի օգնությունս, եթե որևէ բան պետք լինի։ Իրենք էլ առաջարկեցին հենց էսօր երեկոյան հանդիպել։ Էսօր արդեն չի ստացվի, բայց մոտ օրերս անպայման կհանդիպենք ։)
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.12.2018), erexa (03.12.2018), Freeman (03.12.2018), LisBeth (02.12.2018), Sambitbaba (03.12.2018), StrangeLittleGirl (02.12.2018), Tiger29 (02.12.2018), Աթեիստ (03.12.2018), Անվերնագիր (02.12.2018), Արշակ (04.12.2018), Բարեկամ (04.02.2019), Գաղթական (03.12.2018), Հայկօ (02.12.2018), Ներսես_AM (05.12.2018), Շինարար (02.12.2018), Ռուֆուս (02.12.2018)

  9. #755
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրուն փեսան

    Վերջերս մեր ազգի «սիրուն փեսան» էր միտս եկել, չգիտեմ էլ, թե ինչի էի հիշել էդ մարդուն։ Բայց դե որ մտաբերել էի, հիշողության ճամփեքով ահագին հետ գնացի՝ դեպի 80-ականներ, երբ փոքր երեխա էի ու իմ մանկական աչքերով հետևում էի մեծերի աշխարհում կատարվող տարօրինակ երևույթներին։
    Պապայիս ազգուտակը մի անթիվ-անհամար շիլաշփոթ էր, որովհետև, ինչպես մամաս էր ինձ բացատրել, էդ պտղաբեր ցեղում հարսերն ու սկեսուրները միաժամանակ երեխաներ էին ունենում, և հերթ ու հաշիվը խառնվում էր՝ ով ում ինչն էր, ու ինչու էին նույն տարիքի։
    Ու քանի որ շնից շատ էին և անհասկանալի արյունակցական կապերով միավորված, ինձ համար դժվար էր տարբերել՝ ով ով է, ու միայն էն գիտեի, որ պապիկիս ցեղից են։ Մի բան հաստատ էր․ էդ ցեղում ծնված բոլոր կանայք՝ անկախ նրանից, թե որ հարսից կամ սկեսուրից էին լույս աշխարհ եկել, համարվում էին մի ընտանիքի աղջիկներ, իսկ նրանց ամուսինները՝ էդ ցեղի փեսաներ։

    Էդպիսի փեսաներից մեկն էլ Համլետն էր, որը պապիկիս ցեղի ինչ-որ աղջկա ամուսինն էր․ էդ աղջկա ու մեր արյունակցական կապը էդպես էլ լավ չէի հասկանում, բայց կարևորն էն էր, որ պապիկիս ցեղից էր, ուրեմն Համլետն էլ, կամա թե ակամա, պապիկիս փեսան էր։
    Պապս էդպիսի շատ փեսաներ ուներ, բայց Համլետի հետ մի արտառոց ջերմությամբ էր կապված։ Հետաքրքիրն էն էր, որ Համլետի կինը՝ էսպես կոչված «մեր ընտանիքի աղջիկը», վաղուց մահացել էր, բայց Համլետը շարունակում էր մեր ցեղի փեսան մնալ, և որ ամենակարևորն էր՝ պապիկիս սիրելին։
    Նույնիսկ հատուկ անուն ուներ նրա համար՝ «սիրուն փեսա», թեև ինձ համար անհասկանալի էր, թե վերջինս ոնց էր արժանացել էդ անվանը։ Մի պստիկ-մստիկ, կլոր մարդ էր՝ զարմանալիորեն մոտ տեղադրված աչքերով, ինչը շլության պատրանք էր ստեղծում։ Կենսուրախության մեջ եռացող մի առողջ ծիծաղ ուներ, որից մարդու տրամադրություն էր բարձրանում։ Մեկ էլ լավ հիշում եմ, որ երեխաներիս համար թղթով իրար արագ հաջորդող օրիգամիներ էր սարքում ու իր սարքած ամեն առարկայի վերաբերյալ մի հումորային տող ասում, անցնում մյուսին։

    Տոն լիներ, թե անառիթ մի օր, սիրուն փեսան հաճախ էր մեզ այցելում, պապիկիս հետ նարդի-շախմատ-շաշկի խաղում և աշխարհի բանուգործից զրից անում։
    Իսկ էն օրերին, երբ պապիս հյուր էին գալիս իր մյուս «փեսաները»՝ եսիմ որ կողմից փեսայացած, իսկ Համլետը ինչ-որ պատճառով ներկա չէր լինում, սկսվում էր ամենահետաքրքիրը՝ տղամարդկանց բամբասանքը մեկ այլ տղամարդուց։ Հարցն էն էր, որ Համլետը, «մեր ընտանիքի աղջկա» մահից հետո հանդգնել էր նոր կին բերել, և դա էլ դեռ քիչ էր՝ շարունակում էր մեր ցեղի փեսան մնալ, էն էլ՝ պապիկիս սիրելին։
    - Այ գեդինը մտնես, տղերքիդ ամուսնացնեիր, հարս բերեիր, քո ինչ թազա ամուսնանալու տարիքն էր։
    - Ու հլը էս օջախ էլ ոտ ա դնում՝ իրա կնգա հետ։
    - Չի էլ ամաչում, խի չէ՞ր կարա սիրած պահեր, ամուսնանալը ո՞րս ա։

    Սիրած պահելը, անկախ նրանից՝ կինդ կենդանի է, թե էն աշխարհում, ինչքանով որ հասկանում էի, համարվում էր իսկական տղամարդուն վայել գործ (ու մամաս ասում էր, որ խելացի կանայք դրա վրա աչք են փակում), իսկ նորից ամուսնանալը՝ թուլություն և ամոթ։
    Բայց արի ու տես, որ պապս, ով սիրած պահելու գործում վաստակավոր ուստա էր, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, պաշտպանում էր իր սիրուն փեսայի նոր ամուսնությունը․
    - Հիմար-հիմար դուս եք տալիս։ Կնգա քաղցրությունն ուրիշ ա։ Հրեն, ես իմ Շուշիկի մազը աշխարհի հետ չեմ փոխի։ Սիրածը լավ բան ա, բայց տղամարդուն տանը կնիկ ա պետք, որ ցերեկը ծեծես, գիշերը սիրես։
    Փեսաները, ինչքան էլ հարգեին պապիկիս խոսքը, միևնույն է, չէին համաձայնում հետը, ու Համլետի քարկոծումը շարունակվում էր նոր թափով։ Եվ էսպես՝ ամեն հանդիպմանը։ Իրենք տաք-տաք վիճում էին, ես էլ, ականջներս սրած, սերտում էի էս անհասկանալի աշխարհի տարօրինակ օրենքները։

    Եղավ էնպես, որ Համլետի նոր կինը, որն իսկապես մեր տուն ազատ ելումուտ ուներ և իմ մանկական աչքին՝ Համլետից իր չնաշխարհիկ գեղեցկությամբ հետ չէր մնում, մի պայծառ օր թողեց ու հեռացավ սիրուն փեսայից։ Շատ տեղյակ չեմ, թե ինչ էր եղել, ով էր էդ կնոջ հավին քշա ասել, թե աչքի վերևի ունքին կպել, բայց դե սա իր խուրջինը հավաքել ու գնացել էր։ Եվ սրանով պիտի որ նոր կին բերելու մասին բոլոր խոսակցությունները դադարեին, բայց Համլետ դու Համլետ, սա վերցրեց ու նորից ամուսնացավ։ Երրորդ անգամ։
    Արդեն 90-ականների «ցուրտումութ»-ն էր, լավ հիշում եմ։ Համլետի ամուսնության լուրը եկել հասել էր մեր տուն, պապս իհարկե հավանություն էր տալիս, որ սիրուն փեսան իր տղամարդկային հիմնական պահանջների՝ ցերեկվա ծեծի ու գիշերվա տաք ծոցի հարցերը նորից բարեհաջող լուծել է։
    - Մալադեց տղա, ասում են՝ լավ էլ կնիկ ա բերել, գեղի եղումածուն կերած, կլոր թշներով։

    Շատ չանցած՝ Համլետը մեզ հյուր եկավ՝ իր նոր կնոջ հետ, որը քառասունն անց մի թմբլիկ, թեթևախոս կին էր, և մեր տուն ոտք դնելուն պես՝ ջանք չէր խնայում, որ պապիկիս վրա լավ տպավորություն գործի։ Մի պահ էլ, երբ կանայք առանձնացել էին խոհանոցում, ու պապս մենակ էր մնացել իր սիրուն փեսայի հետ (դե ինձ չհաշված, ես ոչ էլ թե հաշիվ էի), և սրանք լուռումունջ նստած էին մի քանի վայրկյան՝ բազմանշանակ լռության մեջ իրենց տղամարդկային հույզերը հայացքների խորությամբ փոխանակելով, Համլետը ցածր ձայնով արտասանեց․
    - Աղջիկ էր։
    Պապիս դեմքը էնպես պայծառացավ, կարծես երկնայինի կամքով լույսերը տվեցին։ Նա ձեռքը դրեց սիրուն փեսայի ձեռքին ու տվեց իր օրհնությունը․
    - Ուրեմն իսկական քու կինն ա։
    Մինչև իմ դեռահաս ուղեղը ճռռում էր՝ վերջին ինֆորմացիան համապատասխան դարակներում տեղավորելու հույսով, կարմրաթշիկը արդեն սուրճ էր մատուցում պապիկիս ու կատարում թազա հարսի բոլոր պարտականությունները։

    Իսկ թե ինչպիսի նոր թափով վերածնվեցին մյուս փեսաների բամբասանքները, դա արդեն հավես չարեցի վերահանել հիշողությանս գրպաններից։
    Միայն էն եմ հիշում, որ 2006-ին, երբ արդեն հեռանում էի Հայաստանից, տղամարդկային բամբասանքի մի նոր զրույցից ականջիս հասավ, որ տարիքն առած Համլետը դեռ հետն էլ սիրած էր պահում։
    Ինչպես երևում էր, պապիս տված դասերը լավ էր սերտել սիրուն փեսան։ Կարծում եմ, ահագին էլ երջանիկ կյանք ապրեց։ Իսկական տղամարդուն վայել։
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.02.2019), CactuSoul (08.02.2019), John (05.02.2019), StrangeLittleGirl (07.02.2019), Tiger29 (04.02.2019), Աթեիստ (03.02.2019), Բարեկամ (04.02.2019), Ներսես_AM (05.02.2019)

  11. #756
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի անգամ թանգարանում․․․

    Կոմիտաս վարդապետի թանգարանում (այդպես է կոչվում) գիդ վերցրինք։
    Սրահները, որով անցնում էինք, դատարկ էին (մեզնից մի երկու սրահ ավելի հետ դպրոցականների խումբ էր՝ էքսկուրսիայի)։
    Մեր գիդը սիրունատես, կիրթ ու համարձակ մի աղջիկ էր՝ շեշտված դիմագծերով ու նույնատիպ դիմահարդարանքով։ Պատմում էր՝ ձայնին տալով խորություն, գիտեր այնքան, ինչքան սերտել էր։

    Ինչ-որ պահից մեզ կամացուկ ու աննկատ սկսեց հետևել մոտ քսանչորս տարեկան մի աղջիկ։ Այցելու է, մտածեցի, ուզում է օգտվել ուրիշի վարձած գիդից (ես երբեմն անում եմ այդպես, ուրիշ երկրներում)։
    Աղջիկն ինչ-որ պահից դադարեց աննկատ լինելուց (այդքան էլ հեշտ բան չէր երկար աննկատ մնալը դատարկ սրահում), ու ինչ-որ պահից էլ ես հասկացա, որ նա ևս թանգարանի աշխատող է, սկսնակ գիդ, որ սովորում է։ Հագել էր սպիտակ բաճկոն, կոկիկ հարդարված էր, բայց շարժուձևի մեջ ու դեմքի վրա զգացվում էին անփորձությունն ու կրավորականությունը։

    Երկար միջանցքի սկզբում, որից պիտի անցնեինք մյուս սրահը, կանգ առանք մի քանի րոպե, և գիդը սկսեց պատմել, որ Գերմանիայում ուսանելու տարիներին երիտասարդ Կոմիտասը, երբ ինչ-որ պատճառով դադարում է ստանալ Մանթաշովի հատկացրած դրամը Էջմիածից, սկսում է քաղցել՝ օրական ուտելով միայն մեկ անգամ՝ մի վտիտ ապուր, ոտքի վրա հազիվ էր կանգնում թուլությունից, նիհարել էր, դարձել կաշի-ոսկոր, ու մի անգամ էլ իր գերմանացի ուսուցիչի ներկայությամբ ուշաթափվում է, մինչև որ ուսուցիչը որոշում է հետևել իր աշակերտին և, պարզելով պատճառը, իր վրա է վերցնում Կոմիտասին սնելու հարցը։
    Քաղցածության նկարագրության ժամանակ նկատեցի, որ սպիտակ բաճկոնավոր աղջիկը շրջվել էր։ Ամաչելով, շտապ-շտապ սրբում էր թաց, կարմրած աչքերն ու չգիտեր ինչպես զսպեր իր այդ հանկարծակի թուլությունը։
    Մտածեցի՝ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, մինչև պատմողի դեր ստանձնելը։ Իսկ գուցեև ոչ։ Գուցեև հենց դա է պետք՝ այդ սերը, իսկ այս թանգարանում բոլորը սիրում են Նրան մի տեսակ ուրիշ, յուրահատուկ սիրով․ խորն ու պատկառանքով, բայց և՝ հարազատի որպես, որպես Իրենցը, սեփականը։ Ես սա գիտեմ։ Սա իմ երկրորդ այցն էր։ Առաջինը երեք ամիս առաջ էր ու նորից գիդով․․․
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.04.2019, 17:30:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2019), ivy (03.04.2019), Progart (03.04.2019), Գաղթական (03.04.2019), Յոհաննես (03.04.2019), Շինարար (04.04.2019), Ուլուանա (03.04.2019)

  13. #757
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր

    ...բայց շարժուձևի մեջ ու դեմքի վրա զգացվում էին անփորձությունն ու կրավորականությունը։
    Էս արտահայտությունը երբևէ չէի լսել. «կրավորականություն» բառի էս իմաստը/գործածությունն անծանոթ էր։
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (04.04.2019)

  15. #758
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր



    Էս արտահայտությունը երբևէ չէի լսել. «կրավորականություն» բառի էս իմաստը/գործածությունն անծանոթ էր։
    Վաղուց հանդիպել եմ գրականության մեջ մի երկու տեղ. կրավորական անձնավորություն։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.04.2019), Շինարար (04.04.2019)

  17. #759
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղուց հանդիպել եմ գրականության մեջ մի երկու տեղ. կրավորական անձնավորություն։
    Հա, նայեցի բառարանում, նշանակում է՝ հնազանդ, պասիվ. նոր բառ սովորեցի
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  18. #760
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, նայեցի բառարանում, նշանակում է՝ հնազանդ, պասիվ. նոր բառ սովորեցի
    Կրավորականը, լինելով բայի երեք սեռերից մեկը, ենթադրում է ենթակայություն, ենրթարկվող բնույթ, որը բնորոշվում է "վ"-ի ավելացումով բառամիջում․ սպառել - սպառվել, սիրել - սիրվել, ․․․
    Էդ առումով ահագին հետաքրքիր է լեզվական քերականության կիրառումը երևույթների բնութագրի մեջ նաև` համարյա այլաբանորեն

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (04.04.2019)

  20. #761
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հնարքներ

    Կարելի է երևի սվաղել սեփական ուղեղը և չնկատելու տալ այն, ինչը դուրս է մնում իսկականության մեր սահմանումներից, բայց մի բան քոր է գալիս, ուզում եմ պատմել սրա մասին, թեև, անկեղծ, չեմ ուզում վատը խոսել։

    Շաբաթ օրը մասնակցում էի լեզվի ուսուցիչների մի տարեկան կոնֆերանսի, որտեղ կային զանազան սեմինարներ։ Հատկացված յուրաքանչյուր ժամի համար 7-8 սեմինար կար․ դու ես ընտրում, թե որին մասնակցել։ Ընտրություններիցս մեկը հավաքական գիրք գրելու մասին էր։ Հետաքրքրեց, թե ինչ մեթոդներ կարող են առաջարկել աշակերտների համար։ Դասասենյակում ահավոր տոթ էր, հովացուցիչ չկար, մի քանիսը չդիմացան ու մի քանի րոպեից լքեցին դասասենյակը։ Մեծ մասը, սակայն, մնաց, այդ թվում և չադրաների մեջ պինդ կապկպված մուսուլման կանայք։

    Սեմինարավարը բրոնզագույն դեմքով մի պորտուգալուհի էր՝ բարակ, դալուկ-մեղրագույն մազերը հետևում կոս հավաքած, թափանցիկ, երկնագույն աչքերով, ոտաբոբիկ։ Նա բարակ շուրթեր ուներ և խոսում էր հատու ու արտահայտիչ։ Խոսելիս գնում-գալիս էր սենյակով, առատ ժեստեր անում, ծիծաղում էր, հեգնում, երկխոսում ինքն իր հետ, այդ ամենով՝ պահանջում համակ ուշադրություն։ Էֆեկտիվ էր, ինչ խոսք, և ընդհանուր գրավչությունից բացի, պատմածներն ինչ-որ չափով սնունդ էին տալիս մտքին (տեղում սկսեցի մտքիս եկած մի քանի գաղափարները խմզմել նոթաթղթիս վրա)։

    Սկզբում սեմինարավարն ինձ դուր եկավ, ընդհանուր առմամբ։ Բայց ահա թե ինչն էր ուշագրավ։ Թեմայի շուրջ իր պատմածների մեջ հնարամտորեն խառնում-լուծում էր սեփական հեղինակային գրքի գովազդը, որը սովորական մանկական պատկերազարդ գիրք էր՝ մի քանի էջանի։ Սենյակում կանգնած էր մի հսկայական վրան՝ գագաթին լուսային էֆեկտով օրնամենտ, շուրջը կտորե մեծ տիկնիկներ և այլ առարկաներ, որ պորտուգալուհին ինքնաթիռով բերել-հասցրել էր Արևաշող Ափ կոչվող իր պրովինցիայից, և լսարանը երկար ժամանակ չէր հասկանում, թե դրանք ինչ կապ ունեն հավաքական գիրք գրելու հետ (կողքիս հնդկուհին նույնիսկ շշնջաց ականջիս՝ սրանք ինչի՞ համար են, մի բան բա՞ց եմ թողել), մինչև որ հետզհետե պարզ դարձավ, որ այդ ամենը իր այդ գրքի սյուժեի հետ էին կապված։ Ապա կինը էջ առ էջ բացում էր գիրքը, պատմում դրա գրման ողջ տանջանքները (սկզբում գրել էր պորտուգալերեն, հետո թարգմանել անգլերեն, հետո լեզվակիր-անգլագետը սխալ էր հանել թարգմանությունը և վերաթարգմանել)։ Հենց առաջին էջի նկարում, այնպես իմիջիայլոց, ծովափի ավազների մեջ խաղացող աղջկա կողքին դրել էր հաշմանդամի սայլակ։ Կինն ասաց, որ սայլակը չի դրել գրքի կազմի վրա, որպեսզի գիրքը գնորդների կողմից ավտոմատ չդասվի հաշմանդամության հետ կապված մանակական գրքերին։ Բայց սայլակը հայտնվել էր առաջին էջում, որի իմաստը, ըստ հեղինակի, հավասարեցնելն էր ավազների մեջ խաղացող աղջկան ցանկացած այլ աղջկա հետ, որ կարող էր խաղալ ավազների մեջ (հետագա պատմության մեջ սայլակը դեր չխաղաց - հայտնվեցին ինչ-որ ջրահարսեր ու չգիտեմ ինչ եղավ)։ Հնարքը գուցեև լավն էր, բայց գրքի հրատարակման մեջ կանաչ ճանապարհ հարթելու հարցում է՞լ էր դեր ունեցել արդյոք։

    Երբ սեմինարն ավարտվեց, հիջաբավոր մի հսկա, զգաստ կեցվածքով կին, որ անցյալ դարի խրոխտ վերակացու էր հիշեցնում, բամբ ձայնով համարյա գոռաց․ կարո՞ղ ես մեզ տալ էդ գրքերից։ Քսան դոլար, նետեց պորտուգալուհին՝ առանց նայելու հարցնողի կողմը։

    Հ․Գ․ Պրեզենտացիաների ընթացքում պատմած նյութը (այն, ինչ տեսնում ես էկրանի վրա) սովորաբար տպված բաժանում են լսարանին։
    Եթե ուզում եք ստանալ հենդաուտները, ասաց կինն ամենավերջում, ինձ իմեյլ գրեք։ Ու բաժանեց իր այցեքարտերը։ Այցեքարտի վրա միայն իր անունն էր և կայքը։ Այստեղ իմեյլ չկա, ասացի։ Որ մտնեք կայքը, կգտնեք իմեյլս, եզրափակեց իր սեմինարը պորտուգալուհին։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 15.04.2019, 11:42:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (15.04.2019), Ուլուանա (15.04.2019)

Էջ 51 51-ից ԱռաջինԱռաջին ... 414748495051

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •