ՀԱՂԹԵՑ ORANGE-Ը

Հայաստանում շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորին գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող ճանաչվեց ֆրանսիական Orange ընկերությունը, որը պատկանում է France Telecom-ին: Ինչպես Panorama.am-ին հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյան, այսօր նման որոշում կայացրեց մրցութային հանձնաժողովը: Հայաստանում իր գործունեությունը սկսելու համար այս ընկերությունն ամենամեծ գումարային առաջարկն էր ներկայացրել` 51 մլն 500 հազար եվրո:

Հիշեցնենք, որ նախօրեին բացվել էին այն երեք ընկերությունների առաջարկները, որոնք անցել էին նախաորակավորման փուլ: Բացի Orange-ից, Շվեդական Tele-2 ընկերությունն առաջարկել էր 45 մլն 600 հազար եվրո, իսկ Digicell CEO Blackrock Communications անգլոիռլանդական կոնսորցիումը` 31 մլն 660 հազար:

Ըստ հաստատված կանոնների, Orange-ը պետք է այսօրվանից, այսինքն մրցույթում հաղթողի հայտը հրապարակելուց հետո, 10 օրվա ընթացքում գրանցի տեղական ընկերություն և մի շարք այլ ընթացակարգեր անցնելուց հետո, մինչև դեկտեմբերի 15-ը ստանա վերջնական լիցենզիա:
Նշենք, որ Orange ընկերությանը կտրամադրվի հանրապետության տարածքում հեռահաղորդակցության ցանցի տիրապետման և շահագործման, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառում ցանկացած տեսակի ծառայությունների` ներառյալ շարժական կապի գլոբալ համակարգի` GSM ծառայությունների, 3G համակարգի և ձայնային կամ տվյալների փոխանցման այլ ծառայությունների մատուցման լիցենզիա` համաձայն կիրառվող օրենսդրության:

Բացի այդ, ընկերությանը կհատկացվեն ռադիոհաճախականությունների որոշ տիրույթներ և կտրամադրվեն + 374 (0)55 և + 374 (0)95 կոդերը: Ընկերությունը լիցենզիայի տրման պահից պետք է ունենա 2 տարվա ընթացքում ՀՀ-ում 200 մլն եվրո գումար ներդնելու հնարավորություն, իսկ շահագործման համար նախատեսվող տեխնոլոգիայի և սարքավորումների որակը պետք է ընդունելի լինի ՀՀ կառավարության կողմից:

Աղբյուր` Panorama.am