ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿՈՒՆԵՆԱ 3G ՑԱՆՑ:
Հոկտեմբերի վերջին հայտնի կդառնա Հայաստանի բջջային կապի շուկայում 3-րդ օպերատորի անունը, որին գործունեության լիցենզիա կտրամադրվի 15 տարի ժամկետով: Բջջային կապի ծառայություններ մատուցելու համար նոր օպերատորին կտրամադրվեն 055 եւ 095 կոդերը:
Համաձայն առաջադրված պայմանների` նախաորակավորման փուլն անցնելու համար մրցույթին մասնակից ընկերությունը պետք է հավաստեր, որ ի վիճակի է Հայաստանի բջջային կապի շուկայում 2 տարվա ընթացքում իրականացնել առնվազն 200 մլն եվրոյի ներդրումներ: Ընդ որում, շահագործման համար նախատեսվող տեխնոլոգիաների եւ սարքավորումների որակը պետք է ընդունելի լիներ Հայաստանի կառավարության համար:
Բացի դրանից` հաղթող ընկերությունը ոչ միայն 2 տարվա ընթացքում պետք է կարողանար բջջային կապի ծառայություններ մատուցել Հայաստանի գրեթե բոլոր խոշոր բնակավայրերում, այլեւ պետք է կարողանար 3G ծառայություններ ապահովել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: Իսկ գործունեության արդեն 3-րդ տարում նոր օպերատորը բջջային կապի ծածկույթ պետք է ունենա առնվազն 200 գյուղերում եւ Երեւան-Վրաստան-Իրան տրանսպորտային մայրուղու 85 տոկոսում:
Բնականաբար, մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած ոչ բոլոր ընկերություններն էին պատրաստ նման ծավալի ներդրումների` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մեր երկրում արդեն իսկ գործունեություն են իրականացնում 2 բավական հայտնի ընկերություններ:
Թեեւ ի սկզբանե բջջային կապի երրորդ օպերատորի հիմնական հավակնորդը համարվում էր ռուսական «Մեգաֆոն» ընկերությունը, այնուհանդերձ, վերջինս չմասնակցեց մրցույթին: Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած 2 ռուսական ընկերություններից միայն մեկը ներկայացրեց իր փաթեթը: Սակայն հանձնաժողովը դա բավարար չհամարեց 2-րդ փուլ անցնելու համար:
Հանձնաժողովը իրականում այնքան էլ նպատակահարմար չէր համարում բջջային կապի շուկայում երրորդ ռուսական ընկերության հայտնվելը, քանի որ, չնայած գործող մրցակցային բարենպաստ հարաբերություններին, սա կարող է նաեւ վտանգ ներկայացնել շուկայի համար: Նկատի ունենալով այս հանգամանքը հանձնաժողովը հատուկ պահանջ էր ներկայացրել մրցույթի մասնակիցներին, ըստ որի` նրանք պետք է կապ չունենային շուկայի այսօրվա մասնակիցների հետ:
Աղբյուր` yekir.am։
Էջանիշներ