Սցենարային տարբերակ N 2 - Ներկայացնում է Mercury-ն:

«Շախմատիստը»

Փոքրիկ քաղաքում տեղի է ունենում հուղարկավորության արարողություն։ Մեծ կադռով տեսնում ենք, թե ինչպես է թափորը փողոցների խաչմերուկում պտտվում և ուղվում դեպի գերեզմանոց։ Դագաղի ետևից քայլում է ոչ մեծ սևազգեստ բազմություն։ Նրանց մեջ առանձնանում են երկուսը, որ շշուկով ֆրազներ են փոխանակում. նրանց գնում են թաղմանը մասնակցողների առջևից։ Նրանցից մեկը բարձրահասակ է, երիտասարդ, մյուսը տարիքն առած տղամարդ է, հնաոճ հագուստով։
Ծերուկ / փոքր ինչ թեքվելով զրուցակցի կողմը և ձեռքով ցույց տալով դագաղը / – Ձեր նախորդը և ես / նա խոսում է դանդաղ, հաճախ դադարներ տալով / սովորություն ունեինք ամիսը մի անգամ շախմատ խաղալ միասին։
Երիտասարդ / շշուկով / – Ես էլ եմ շախմատ շատ սիրում։
Թափորը հասնում է վերջերս փորած փոսին։ Դագաղը հարկ եղած ձևով տեղադրելուց հետո, քահանան սկսում է ճառ-աղոթք ասել՝ օգտվելով ձեռքում բռնած փոքրիկ գրքից։
Քահանա – Ահա մենք հրաժեշտ ենք տալիս մեր պատվարժան դատախազին և հանձնում ենք նրա դին հողին՝ քանի որ հող էր նա և հող էլ դարձավ։ Որպես առաքինի և ազնիվ մի մարդ՝ նա իր ուրույն տեղը կգտնի Աստծո արքայության մեջ …
Մինչ եկեղեցականը աղոթ է կարդում, ծերունին, որ ակամա հեռացել էր զրուցակցից, մոտենում է երիտասարդին՝ մանր և զգույշ քայլերով, մեկ նայելով ոտքերի տակ, մեկ՝ իր նշանակետին։
Ծերուկ – Չե՞ք հրաժարվի արդյոք շախմատ խաղալու առաջարկից։
Երիտասարդ – Իհարկե՝ ոչ։ Իսկ ե՞րբ։
Ծերուկ – Հաջորդ չորեքշաբթի։ Եկեք ձեր կնոջ հետ։ Ես թեև վաղուց արդեն այրի եմ, բայց աղջիկս արդեն մեծ է և նա վարում է ողջ տնտեսությունը։
Չորեքշաբթի՝ մոտավորապես ժամը յոթին, երիտասարդ դատախազը կնոջ հետ բարձրանում է ծերունու տան դեպի դուռը տանող քարե աստիճաններով։ Դռան վրա փակցված է ցուցատախտակ. Դատավոր Վ.Թելունց։ Դուռը բացում է երիտասարդ օրիորդ՝ նրա հագածից և վարվելաձևից բացահայտ երևում է, որ նա դատավորի աղջիկն է։ Նա ներս է հրավիրում հյուրերին / մենք տեսնում ենք միայն քաղքավարի ժպիտը, գլուխների և շուրթերի շարժումները՝ խոսակցության բառերը չտարբերելով՝ երաժշությունը ծածակում է դրանք /
Ընթրիքն ավարտված է։ Ներկաների դեմքերից երևում է, որ ամեն ինչ շատ հաճելի ու հիասքանչ է անցել։ Տղամարդիկ առանձնանում են աշխատասենյակում։ Դատավորը բացում է դուռը և առաջ թողնում դատախազին։ Նրանց հետևը ընթրիքի սեղանն է՝ արդեն կարգի բերված։ Տեսնում ենք նաև, որ կանայք նույնպես հեռանում են ճաշասենյակից։
Աշխատասենյակում վառվում է գրասեղանի վրայի ցածրիկ լապտերը՝ իր շուրջը տարածելով տաք լույս և ստեղծելով մտերմիկ մթնոլորտ։ Մեկ այլ՝ ավելի ցածրիկ սեղանի վրա խաղատախտակն է, կողքը շարած են խաղաքարերը։ Ծեր դատավորը կոնյակ է հյուրասիրում հյուրին, և խաղացողները նստում են դեմդիմաց։
Դատավոր / ձեռքի թույլ շարժումով կանխելով դատախազի խաղաքարերը դասավորելու միտումով արված համարձակ շարժումը / – Նախքան սկսելը / խոսում է նույն անհամարձակ, դանդաղ ձևով ինչ որ նախկինում / ես պետք է ձեզ մի բան խոստովանեմ։ Արդեն քսան տարի է անցել այն օրվանից, ինչ ես ծանոթացել եմ ողորմածիկ դատախազի հետ։ Դիպվածի շնորհիվ մենք հանդիպեցինք հենց այն դատավորի թաղման ժամանակ, որի տեղը ես հիմա զբաղեցնում եմ։ Հուղարկավորության ժամանակ խոսք բացվեց շախմատի մասին, քանի որ լուսահոգի դատախազը նույնպես ամիսը մեկ անգամ շախմատ էր խաղում հիմա արդեն քսան տարի առաջ մահացած դատավորի հետ։ Դա առանձնահատուկ խաղ էր. խաղաքարերը համապատասխանում էին առանձին մարդկանց, որնց որոշում էին հենց խաղացողները։ Թագուհին պետք է լիներ խաղացողին առավել մոտիկ անձնավորություն. այն ժամանակվա դատախազի համար դա քույրն էր, որը նրա կնոջ մահից հետո տան գործերով էր զբաղվում, դատավորի համար՝ կինն էր։ Երկու խաղացողներն էլ փղերով նշանակում էին ծանոթ եկեղեցականներին կամ ուսուցիչներին, ձիերով՝ իրավաբաններին ու զինվորականներին, նավակներ դառնում էին գործարարները կամ քաղաքական գործիչները։ Զինվորները հավաքվում էին հասարակ համաքաղաքացիներից կամ կարող էին լինել, օրինակի համար, աղախինը կամ այգեպանը։
Խաղի կանոնները հետևյալն էին. կորցնելով խաղաքարը խաղացողը պարտավոր էր սպանել նրան, ով դրանով նշանակված էր։ Խաղը վերսկսում էր միայն սպանությունը կատարվելուց հետո։ Իսկ մատ ստացողը պետք է ինքնասպանություն գործեր։ Դա հետևանքն այն էր, որ մի խաղը տևում էր տասնամյակներ։ Հաճախ քայլերի վրա մտմտում էին ամիսներով։ Այդպես օրինակ՝ մահացած դատախազը իմ նախորդի հետ խաղում էր շուրջ տասնհինգ տարի, մինչև նրան մատ չհայտարարեց։ Ի դեպ, մինչ այդ և՛ ինքը, և՛ իր հակառակորդը ստիպված էին սպանել իրենց կանանց։ Անհնար է կռահել, թե ո՞վ է հորինել այս խաղը։ Իմ նախորդը՝ փոխարինելով իր նախորդին, խաղում էր նույն խաղը այն դատախազի նախորդի հետ, որը վերջերս մահացավ ։
Կարծես այս քաղաքում արդեն երկար ժամանակներ է, ինչ դատավորը դատախաղի հետ այս խաղն են խաղում։ Համենայն դեպս այդպես բացատրեց ինձ դատախազը։ Բացատրություններին միանգամից հետևեց սպանությունների խոստովանությունը, որոնք կատարվել էին այժմ մահացած դատախազի և դատավորի ձեռքով։ Առաջին իմ ցանկությունը նրան ձեռբակալելն էր։ Բայց հետո ես չկարողացա զերծ մնալ նոր խաղ սկսելու գայթակղությունից. դատախազը թագուհիով նշանակեց իր ավագ աղջկան, որը տնային տնտեսուհի էր, քանի որ կինը արդեն գնացել էր այն աշխարհ շախմատային պատճառներով։ Իսկ ես նշանակեցի իմ երիտասարդ կնոջը։ / կամաց-կամաց սկսում է խոսել ավելի ու ավելի ոգևորությամբ, շտապելով միտք արտահայտել, կարճ դադարներով / Այդ պահից սկսած կյանքը լիովին ուրիշ իմաստ ստացավ. շախմատի շնորհիվ խաղացողների ձեռքում համարյա աստվածային իշխանություն կար տվյալ մարդկանց վրա։
Քսան տարի մենք այսպես խաղացինք, պայքար էր գնում ամեն մի խաղաքարի համար։ Դա սարսափելի էր և միաժամանակ անհավատալի զգացմունքների ուժգնությամբ այն պահերին, երբ պետք էր զոհաբերել որևիցե խաղաքար։ Եվ ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ փրկվելով մատից, ստիպված էի զոհել սեփական կնոջս։ Դա տևեց այնքան ժամանակ, մինչև անցյալ շաբաթ ծեր դատախազը, մատ ստանալով, ինքնասպան չեղավ։
Կարող է զարմանալի թվալ, թե ինչպես սպանությունները՝ կատարված այս քսան տարվա ընթացքում, այդպես էլ ոչ մի անգամ չեն բացահայտվել։ Բայց մյուս կողմից՝ մենք դրանք ամեն անգամ մեծ նրբանկատությամբ էինք նախապատրաստում, բացի դա ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այդպիսի զարմանալի դրդապատճառը, ինչպիսին շախմատի խաղն է, կարող է հանցագործության հիմք ծառայել։
Երիտասարդ դատախազը սարսափով լսում էր ծեր դատավորի բացատրությունները ։ Դատավորը հենվում է բազկաթոռի հենակին։ Հարևան սենայկից հասնում են երկու կանանց անհոգ ձայները։
Դատավոր / համարձակ, համոզված իր ապահովության մեջ, սպասումով նայում է ուղիղ դատախազի դեմքին / – Վերջ։ Կարող եք ինձ ձերբակալել։
Դատախազը որոշ ժամանակ լուռ տնտղում է սեփական մտքերը։ Ապա մտահոգ տեսքով ձեռքը ձգույմ է դեպի խաղաքարերը։
Դատախազ / Թագուհուն համապատասխան տեղը դնելով / – Նշանակում եմ կնոջս։