«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԱՌԱՅԺՄ ՉԻ ՄԻԱՆՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ»
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել առայժմ ձեռնպահ մնալ համաժողովրդական շարժման կենտրոնի կողմից նախաձեռնած «Հայ Ազգային Կոնգրեսի» (ՀԱԿ) մեջ մտնելուց և ՀԱԿ-ի ծրագրային և աշխատակարգային փաստաթղթերի ընդունումից հետո միայն քննարկել նրա հետ համագործակցության և գործընկերության բոլոր հնարավոր ձևերը:
Այդուհանդերձ կուսակցության վարչության որոշման մեջ նշված է, որ իրենք շարունակում են մնալ ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբված գործելակերպի ջատագով, ողջունում են Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնման գաղափարը, կարևորում են տարիների ընթացքում բոլոր առողջ քաղաքական ուժերի բյուրեղացած անհատական և հավաքական ինքնությունը և արժևորում քաղաքական ու քաղաքացիական իրավունքների և ժողովրդավարության համար ընդդիմադիր ուժերի կազմում իրենց ծավալած համատեղ պայքարը:
«Մենք համաժողովրդական շարժման հետ ենք, Շարժման քայլերն ու նպատակները մեզ հոգեհարազատ են, նրանց պայքարի բոլոր պահանջները մեզ համար ընդունելի են, ինչը մենք ապացուցում ենք գործով»,- իր խոսքում նշեց «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության նախագահ Անահիտ Բախշյանը, հավելելով, որ իրենք միանշանակ կողմ են Համաժողովրդական շարժման առաջ քաշած պահանջներին,
որոնց շարքում են քաղբանտարկյալների ազատ արձակումը, մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտումն ու մեղավորների պատժելը, որից հետո հնարավոր է նաև երխոսություն ծավալել գործող իշխանությունների հետ:
Իսկ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված «Ժառանգության» վարչության նման որոշումը հարցին, կուսակցության մամուլի խոսնակ
Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ քանի որ համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում պարզ չեղավ նոր ստեղծվելիք կառույցի ծրագրային մանրամասները, կանոնակարգը, ինչպես նաև որոշումների ընդունման մեխանիզմները, այդ պայմաններում, իրենք ժամանակավրեպ են համարում «նման պատասխանատու որոշում կայացնել և մտնել մի կառույցի մեջ, որի ռազմավարական ծրագիրը դեռ պարզ չի»:
Արդյո՞ք այդ ծրագիրը նաև Ձեր օգնությամբ չպետք է ստեղծվի, հարցին էլ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Այդ խնդիրները հավասարապես նաև մերն են, հետևաբար կարիք չկա մտնել այդ կառույցի մեջ` նոր աշխատել: Մենք իրար սատարելու ենք, օգնելու ենք և շարունակելու ենք համագործակցել այս խնդիրների լուծման ճանապարհին»:
«Մեր տեսանկյունից այդ ծրագիրը պետք է քննարկվի, վերջնական պատրաստվի, նոր միայն` որոշումներ կայացվեն, բայց քանի որ կա նաև ժամկետի խնդիր, և նախաձեռնողները, իմ պատկերացմամբ, կարծում են, որ ճիշտ է նախ միավորվելը, հետո միասին որոշելը, թե ինչ ծրագրերի շուրջ է կայանալու այդ միավորումը, այդ թվում նաև կանոնակարգի, որոշումների ընդունման մեխանիզմների մասով, դրա համար «Ժառանգությունը» որոշեց առայժմ ձեռնպահ մնալ դրան միանալուց, մինչև խնդիրների հստակեցումը»,- ընդգծեց Հ. Խուրշուդյանը:
Էջանիշներ