Ինչպե՞ս ստանալ շենգեն վիզա
Եվրամիությունում 5 տարվա կեցության իրավունք` բանկային ավանդների դիմաց
Լատվիական Rietumu բանկը աննախադեպ քայլի է դիմել ներդրողներ ներգրավելու համար: Վարկային կազմակերպությունը սկսել է օգնել Եվրամիությունում հինգ տարվա կեցության իրավունք ստանալու հարցում բոլոր նրանց, ովքեր բանկում կներդնեն սուբորդինացված ավանդներ: Ըստ բանկի հաշվարկների` հիմնական պահանջարկը կառաջանա ԱՊՀ երկրների ներդրողների մոտ:
Rietumu-ի փոխնախագահ Վադիմ Ալեքսեևը RBC daily-ի հետ հարցազրույցում նշել է, որ բանկի հաճախորդների համար բանկի նոր` «ԵՄ-ում կեցության իրավունք» ծրագրի ստեղծման խթանը դարձել է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ներգաղթի մասին օրենքը: Այն ներդրողներին հնարավորություն է տալիս Լատվիայում ստանալ կեցության իրավունք, ինչն օտարերկրացուն թույլ է տալիս ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտու բոլոր երկրներում:
«Մենք կեցության իրավունք ենք առաջարկում ամենապարզ և արագ եղանակով` բանկում սուբորդինացված ավանդ ներդնելով»,- ասել է Ալեքսեևը: Այդպիսի գործարքը, նրա խոսքով, կարող է ձևակերպվել ընդամենը մեկ-երկու օրում, իսկ լրացուցիչ պարգևավճարը ներդրողի տոկոսային եկամուտը կլինի, ինչը մի փոքր ավելի բարձր կլինի, քան սովորական ավանդների դեպքում: «Հունիսին մենք առաջին անգամ սկսեցինք զանգեր ստանալ և կեցության իրավունքի ստացման հետ կապված խորհրդատվություն տրամադրել, իսկ այս շաբաթ արդեն առաջին հաճախորդը ստացել է այն»,- ասել է Ալեքսեևը:
Նրա խոսքով` կեցության իրավունքի ստացման գործընթացն ընդամենը մեկ ամիս ժամանակ է պահանջել, ընդ որում` հաճախորդից պահանջվել է Լատվիայում մնալ ընդամենը երկու օր, իսկ սեպտեմբերի 13-ին նա արդեն քաղաքացիության և ներգաղթի բաժանմունքում ստացել է անձնագրի համապատասխան կնիքը: Ալեքսեևը ենթադրում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կեցության իրավունք կստանա Rietumu-ի ևս մի քանի հաճախորդ: Իսկ մինչև տարեվերջ Եվրամիության երկրներում ազատ տեղաշարժի իրավունք կունենա բանկի մոտ հարյուր հաճախորդ:
«Հաճախորդների շրջանում կան օտարերկրացի ներդրողներ, որոնք գերադասում են միջոցներ ներդնել լատվիական անշարժ գույքի շուկայում: Որպեսզի նրանց օգնենք այդ հարցում, մենք սկսել ենք համագործակցել էլիտար անշարժ գույքի վաճառքով զբաղվող Baltic Sothebys international realty ընկերության խորհրդատուների հետ: Աջակցելով նրանց և խորհրդատվություն տրամադրելով` մենք առաջարկում ենք նաև կեցության իրավունքի ստացման մեր ծառայությունները»,- հավելել է Rietumu-ի փոխնախագահ Ռուսլան Ստեցյուկը:
Էջանիշներ