Սուրբ Սարգիս
Հունաստանում քրիստոնյա ամուսիններ էին ապրում, որոնք ունեին Սարգիս անունով մի որդի: Տղան գեղեցկատես էր, ամրակազմ, բարի, ազնիվ ու քաջ: Լավ ծանոթ էր Աստվածաշնչին: Բոլորի սիրելին էր նա, որովհետև պաշտպանում էր թույլերին, աղքատների ու կարիքավորների համար ուտելի էր հայթայթում: Սարգսին օգնում էր մոտակա ամրոցում բնակվող իշխանի դուստրը: Նրանք մտերիմ ընկերներ էին, և տարիների ընթացքում այդ մտերմությունը վերածվեց սիրո: Եկավ ժամանակը և Սարգիսը ծառայության կանչվեց հռոմեական բանակ: Կռիվների ցուցաբերած արտակարգ քաջության համար նրան շնորհվում է իշխանական տիտղոս և հայրենի տուն վերադառնալու իրավունք: Սանը նա տեղեկանում է, որ իշխանն արգելել է աղջկան հանդիպել իր հետ` քրիստոնյա լինելու պատճառով: Սարգիսը որոշում է հանդիպել աղջկա հորը: Քաջարի իշխանը` ոսկեզօծ սախավարտով ու սպառազեն, հեծնում է ճերմակ ձին ու գնում իշխանի ապարանք: Օրիորդի հայրը պահանջում է, որ տղան հրաժարվի իր հավատից, եթե ուզում է ամուսնանալ իր աղջկա հետ:
-Կա միայն մեկ ճշմարիտ Աստված: Եթե իմանանք Հիսուսի մասին, ապա ինքներդ կհորդորեք բոլորին պաշտել նրան, - պատասխանում է Սարգիսը:
-Ինչպես կարելի է ուրանալ Զևսին, Արտեմիսին, Աֆրոդիտեին, - բարկանում է իշխանը:
Երիտասարդը հեռանում է ամրոցից: Իմանալով հոր պայմանը` աղջիկը հուսահատվում է և տխրում, որովհետև լավ գիտեր Սարգիսի անկոտրում կամքը:
Օրերը անցնում էին, իսկ օրիորդը տանջվում էր. <<Մի թե սիրեցյալը մոռացավ իրեն>>: Կասկածները տանջում էին գեղանի օրիորդին: Բարեպաշտ հայ աղախինը, տեսնելով աղջկա ապրումները, խորհուրդ է տալիս հինգ օր պահք պահել, իսկ վերջին գիշերը անցկացնել աղոթքով` խնդրելով, որ Աստված հայտնի իր կամքը: Աղջիկը հետևում է աղախնի խորհրդին: Պահեցողությանհինգերորդ գիշերը, երբ նա աղոթում էր, հանկարծ սենյակը լուսավորվում է և հայտնվում է Աստծո հրեշտակը.
-Մի վախեցիր և մի հուսահատվիր, որովհետև ում համար, որ աղոթում ես` Սարգիսը, հաճելի է Աստծուն և քեզ սիրում է: Աստված, որ սեր է, օրհնել է ձեր կապը. Նա պիտի վերացնի բոլոր այն խոչընդոտները, որ կան ձեր սիրո ճանապարհին: Առավոտյան վեր կաց և գնա դիմացի բլուրը, այնտեղ կտեսնես Սարգսին:
Լույսը բացվելուն պես հագնելով իր աղախնի շորերը` իշխանի աղջիկը ծածուկ դուրս է գալիս ամրոցից և շտապում նշված վայրը` դիմացի բլուրը:
Այդ ժամանակ Սարգիսը տուն էր վերադառնում: Նա ողջ գիշերն անցկացրել էր հիվանդի մոտ, հոգնած էր ու անքուն: Նա կանգ առավ բլրի լանջից բխող աղբյուրի մոտ` ծարավը հագեցնելու: Այնուհետև հենվեց հաստաբուն ծառին ու անթարթ հայացքն ուղղեց դեպի դիմացի ամրոցը, ուր իր սիրելին էր: Ծանրացած կոպերը փակվում էին, և Սարգիսը ննջեց:
- Սարգիս… Սարգիս…
Մի հարազատ ձայն արթնացրեց նրան: Երազ էր, թե իրականություն: Սարգիսը շրջվեց և տեսավ իր սիրելիին:
Նրանք կարոտով գրկախառնվեցին:
-Հավատս երբեք չեմ փոխի: Հավատս է նաև, որ ես քեզ սիրում եմ,-ասում է Սարգիսը:
Աստծու կամոք նրանք ամուսնանում են և ունենում են որդի:
Էջանիշներ