Անհանգիստ եմ…
Հիշողությանս դարակներն եմ էլի տակնուվրա անում… իսկ ամեն մեկում…
Դարակ մեկ. հոգեբան էի, բոլոր խնդիրներդ ու մտածմունքներդ պատմում էիր, իսկ ես միշտ լսում էի ու խորհուրդ տալիս, բայց ոչ որպես հոգեբան, այլ որպես ընկեր… բայց էլ չկա, հիմա նույնիսկ հոգեբան չեմ… մինչև հիմա էլ չհասկացա՞ր ինչու դադարեցի քեզ մտերիմ մարդ համարել. դու գիտես, ասել եմ, մի անգամ չէ, որ ասել եմ… այլ հարց է, որ չես ուզում ընդունել, որ էգոիզմդ թույլ չի տալիս հասկանալ, որ սխալը դու ես եղել, ոչ թե ես…
Դարակ երկու. չէ, քեզ քննարկելու ոչ ցանկություն ունեմ, ոչ նյարդեր… շարունակիր վայելել խաղացածդ կյանքը…
Դարակ երեք. խիղճս միշտ տանջելու է… նրա համար, ինչ չարեցի, նրա համար, որ ընդունակ չեղա… բայց դու կունենաս այն, ինչի արժանի ես, ես գիտեմ, որ կունենաս… միայն մի բան. շնորհակալ եմ, նրա համար, որ… չէ, ուղղակի շնորհակալ եմ, ամեն ինչի համար…
Դարակ չորս. ստեղ երկու հոգի են… մեկը մյուսին խաբում է, հետո դերերով փոխվում են, խաղում են սեր, խանդ, հեռավորություն, անկարելություն, տառապանք, լավ են խաղում… ու այդպես էլ ստի մեջ ապրում են, բայց երջանիկ են, կամ էլ ձև են տալիս, թե երջանիկ են… ամեն դեպքում ինչ-որ բանով լցնում են իրար կյանք…
Դարակ հինգ. մի փոքր հիասթափություն, մի փոքր սեփական մեղքի զգացում, մի փոքր սառնություն… մի օր կներես ինձ, նրա համար, ինչ չկա…
Դարակ վեց. խոստումս չեմ խախտել, անհանգստանում եմ, սիրում եմ, կարոտում… քեզ միշտ ներել եմ, ամեն ինչ, ու դեռ ներում եմ… ու էլի Մայքլ Ջեքսոնը կերգի, ու էլի կժպտամ… ու աչքերի փայլ… տաք շոկոլադ եմ ուզում…
Դարակ յոթ. ինչ-որ լուսավոր բան, խաղաղություն ու պաշտպանվածության զգացում… լավ է, որ կաս էդտեղ…
Մի պահ դադարեցի դարակները բացել…
ու հասկացա. միշտ աշխատել եմ անել այնպես, որ կողքիններիս, սիրելիներիս, ընկերներիս, բոլորի համար լավ լինի… բայց բոլորի համար միշտ չի կարող լավ լինել. արդյունքում բացի ինձնից բոլորին էլ լավ էր լինում… իսկ ես…
հիմա գիտեմ ինչու եմ անհանգիստ, իմ համար եմ անհանգիստ…
շնչելու օդ եմ ուզում, մի խմբվեք շուրջս… խնդրում եմ…
Էջանիշներ