Ձայնս կտրվել է, բայց փոխարենը ձեռքով ողջույններ եմ փոխանցել անկրկնելի օպերատորին, ով իր ոստիկանական մեքենայից անխոնջ նկարում էր ինձ: Հուսով եմ վարպետը օսկարի կարժանանա վավերագրական հրաշալի ֆիլմի համար: Ժողովուրդս ինչպես միշտ իր բարձունքում է, միշտ անկոտրում, հպարտ, տոկուն, վճռական, հաղթական, ազատ
Ավտոմեքենաների շչակները շարունակ ողջունում էին մեզ, չնայած կողքից անցնող բարձրաստիճան ոստիկանը ուշադիր նրանց համարներին էր նայում, ապա վարորդների դեմքերին (երևի որ վերջին վախենա ու իր շչակով մեզ չողջունի): Ինչպես միշտ ժողովուրդը կազմակերպված էր, անգամ սադրիչին, որն ինչ-որ կերպ հաջողացրել էր հասնել խոսափողին, արագ չեզոքացրին: Ելույթները տպավորիչ էին, հատկապես Բագրատյան Հրանտի վերլուծությունները անկրկնելի: Ինչպես միշտ քար լռություն էր Տեր-Պետրոսյանի խոսելուց: Իսկ երթը շատ երկար էր ձգվում: Ես դեռ Մաշտոցի պողոտայում էի, իսկ երթի սկիզբն արդեն հատել էր հրապարակն ու հասել Սախարովի հրապարակին: Մինչդեռ ես վերջում չէի, մեզնից հետո դեռ շատ եկողներ կային: Հայրենասիրական երգերն ու մեր անկոտրում կոչերը երթի ժամանակ մեր ուղեկիցներն էին, ժողովրդի ուրախ ժպիտներով ու ձեռքով ողջույները մեզ նոր ոգևորություն էին տալիս: Արդեն տուն վերադառնալուց վարորդը պիտի անհամբեր հարցներ, թե ինչ են խոսել հանրահավաքին, ու ափսոսանք հայտներ, որ աշխատանքի լինելու պատճառով չէր կարողացել գալ:
Իսկ մեր պայքարը շարունակվում է, այն անկասելի է: Կհանդիպենք այսքան բոլորով սեպտեմբերի 5-ին, իսկ մինչ այդ ավելի փոքր խմբերով բոլորին էլ կտեսնենք Հյուսիսային պողոտայում:
Պայքար, պայքար, մինչև վերջ![]()
Էջանիշներ