ՆՈՒՅՆԻՍԿ ՌՈՒՍՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ

Ինչպես եւ ենթադրում էինք, օրեր առաջ ռուսական մամուլում հնչած այն տեսակետը, թե Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ ելքը սեպտեմբերի 21-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելն է, հենց այնպես «օդում հնչած» կարծիք չէր:
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Կրեմլի փորձագետները, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այն եզրակացությանն են հանգել, որ իրավիճակը չի կայունանում, եւ դա ամենեւին էլ Ռուսաստանի շահերից չի բխում: Որպես փորձագիտական եզրակացություն` առաջարկվել է սեպտեմբերի 21-ին Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Ընդ որում, փորձագետները նաեւ հիմնավորել են այս առաջարկը, այսինքն` հիշեցրել են Սերժ Սարգսյանի այն պնդումները, թե իրականում Հայաստանում ընդդիմությունը մի խումբ ծայրահեղականներ են, ժողովրդի 70 տոկոսի համակրանքն իր կողմն է եւ այլն: Նաեւ զուգահեռներ են անցկացրել. հիշեցրել են, թե ինչպես Վրաստանում Սահակաշվիլին լեգիտիմության պրոբլեմ ուներ եւ գնաց արտահերթ նախագահական ընտրությունների, հաղթեց ու մասամբ թուլացրեց ներքաղաքական լարվածությունը:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ փորձագիտական այս եզրակացությունը դրվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի սեղանին, եւ վերջինս արտահայտել է բառացիորեն հետեւյալ կարծիքը. «Քանի որ իրավիճակը չի կարգավորվում, սեպտեմբերի 21-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկը ճիշտ եւ արժանապատիվ լուծում է»: Այս կարծիքը, բնականաբար, հասցվել է Սերժ Սարգսյանին, ինչից հետո իշխանությունները խուճապի մեջ են հայտնվել ու պատրաստակամություն են հայտնել գնալ ցանկացած զիջումների, միայն թե սեպտեմբերի 21-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկը հանվի: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, շարունակում են պնդել, որ դա է Հայաստանում իրավիճակը կայունացնելու միակ ճանապարհը:
Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան շահագրգռված Հայաստանի ներքաղաքական կայունության վերականգնմամբ: Ռուսաստանն, ի վերջո, տասը տարի շարունակ լավ էլ հանդուրժում էր Հայաստանի իշխանությունների «լեգիտիմության պակասը», եւ օգտվելով առիթից` «պարտքի դիմաց» վերցնում էր իրեն դուր եկածը: Ուրեմն ի՞նչն է փոխվել:
Պատճառները մի քանիսն են: Նախ` Ռուսաստանն ինքը իմիջի փոփոխության եւ «Պուտինյան ավտորիտարիզմի» տպավորությունը մեղմելու խնդիր ունի: Երկրորդ` պրոբլեմն այստեղ Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը չէ: Ռուսների համար այնքան էլ մեծ նշանակություն չունի` լեգիտի՞մ է նախագահը, թե ոչ: Շատ ավելի կարեւոր է` ի վիճակի՞ է ղեկավարել երկիրը, թե ոչ: Սերժ Սարգսյանն ակնհայտորեն չի կարողանում ղեկավարել երկիրը, իսկ այդպես երկար շարունակվել չի կարող. նա կամ պիտի վերականգնի լեգիտիմությունը (եւ վերահսկի իրավիճակը), կամ պիտի հեռանա: Երրորդ` ռեժիմին այդպես էլ չհաջողվեց Ռուսաստանի իշխանություններին համոզել, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն արեւմտամետ է եւ ակնհայտ հակառուսական քաղաքականություն է իրականացնելու:
Եվ, ի դեպ, ամենեւին պատահական չէ, որ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններին Կրեմլը պատասխանեց մեզ համար ամենանվաստացուցիչ ձեւով. հայտարարվեց, որ ՌԴ արտգործնախարարը Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցն է քննարկելու: Թե ինչ գործ ունեն ռուսներն այդ հարաբերությունների հետ` անհասկանալի է, բայց փաս տ է, որ այդ քայլով ռուսները Սերժ Սարգսյանին պարզապես հրահանգեցին «քիթը չխոթել իրեն չվերաբերող գործերի մեջ»: Խռովել չարժե` դա է պետությունը կամովին ֆորպոստ դարձնելու գինը:
Հ.Գ. Ի դեպ, եւս մի հետաքրքիր դետալ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների հարցով քննարկումներից: Երբ հարց է ծագել, թե ինչո՞ւ է նախընտրելի, որպեսզի այդ ընտրությունները հենց սեպտեմբերի 21-ին լինեն, Մեդվեդեւը կատակել է. «Եթե Սերժ Սարգսյանին Հայաստանի խորհրդայնացումն ավելի է դուր գալիս, թող նոյեմբերի 29-ին անեն»:

ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ