ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ
[16:09] 07 Հուլիսի, 2008
Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.
՚Այսօր, ժամը 15:15-ի սահմաններում Աբովյան-Թումանյան խաչմերուկից 11 887 արծաթագույն ՚Մերսեդեսՙ մակնիշի մեքենայով առեւանգվել է Հյուսիսային պողոտայում ընթացող շուրջօրյա նստացույցի մասնակից ` Համաժողովրդական Շարժման ակտիվիստ Արսեն Ներսիսյանը: Առեւանգիչները փորձել են գողանալ նստացույցի եւս 2 մասնակցի, ինչը նրանց չի հաջողվել:
Սա դիտարկելով որպես բանդիտիզմի հերթական դրսեւորում, խստորեն պահանջում ենք ոստիկանությունից` անհապաղ հայտնաբերել եւ պատասխանատվության կանչել առեւանգիչներինՙ:
Ավելացվել է 9 րոպե անց
ՍԿԶԲՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ԵՆ, ՀԵՏՈ ՊԱՐԶՈՒՄ
[18:35] 07 Հուլիսի, 2008
Աբովյան-Թումանյան խաչմերուկից այսօր ժամը 15:15-ի սահմաններում առեւանգել են Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչ Արսեն Ներսիսյանին:
Նա վանատուրցիների հետ միասին եկել էր Սասուն Միքայելյանի դատավարությանը մասնակցելու համար եւ դատական նիստից հետո մյուսների հետ միասին երթով գնացել է Հյուսիսային պողոտա: Հենց այնտեղից էլ քաղաքացիական հագուստով մոտ 10 անհայտ անձինք առանց բացատրության հարձակվել են Արսեն Ներսիսյանի եւ եւս 2 վանատուրցիների վրա եւ փորձել մտցնել 11...887 արծաթագույն ՚Մերսեդեսՙ մակնիշի մեքենան:
՚Մինչեւ մեզ վրա հարձակվելը ինձ մոտեցավ Հյուսիսային պողոտայից մի տղա եւ ասաց` ՚Հորեղբայր, ոստիկանները ուզում են քեզ եւ Արսենին տանեն: Այդ պահին Հյուսիսային պողոտայում մոտ 30 ոստիկան կար, եւ 30-ն էլ մեզ հետ երթով եկել էին Կենտրոնի դատարանից: Այդպես էլ եղավ: Մենք մեր գյուղի մոտ 10 բնակիչների ՚Գազելովՙ ճանապարհեցինք Վանատուր եւ Արսենի հետ մնացինք կանգնած Աբովյան- Թումանյան խաչմերուկում եւ հենց այդ պահին էլ մեր կողքին կանգնեց 2 մեքենա` սեւ ՚Ջիպՙ եւ արծաթագույն ՚Մերսեդեսՙ: Մենք փախանք, իսկ Արսենը չհասցրեց, ձեռքերը ոլորեցին եւ մտցրեցին մեքենա: Այդպես էլ չիմացանք, թե ովքեր էին եւ ինչի համար տարանՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց Արսեն Ներսիսյանի ընկերներից Ժորա Ստեփանյանը: Դեպքից անմիջապես հետո առեւանգված Արսեն Ներսիսյանի ընկերները մոտեցել են Հյուսիսային պողոտայի ոստիկաններին եւ օգնություն խնդրել:
՚Ոստիկանները մեզ ասացին, որ դա իրենց գործը չէ եւ այդ հարցերով նրանք չեն զբաղվում: Ինչ ասենք, ոստիկանների աչքի առաջ մարդ են գողանում, նրանք ել հանգիստ նայում են ու ասում, որ իրենց գործը չէՙ,-ասաց նա:
Դեպքից 15 րոպե հետո Արսեն Ներսիսյանին հաջողվել է զանգահարել վանատուրցի իր ընկերներից մեկին եւ տեղեկացնել, որ իրեն առեւանգած քաղաքացիական հագուստով անհայտ անձինք իրեն տարել են Ոստիկանության կենտրոնի բաժին: Կենտրոն բաժնից ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեցին, որ Արսեն Ներսիսյանն իսկապես իրենց մոտ է: Նրանք թույլ տվեցին Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի մոտ բարձրանալ միայն ՚Ժառանգությանՙ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
՚Մեհրաբյանն ասաց, որ Արսեն Ներսիսյանին բերման են ենթարկել իրենց բաժին, սակայն թույլ չտվեց հանդիպել նրա հետ` ասելով, որ ես նրան կսովորեցնեմ չպատասխանել ոստիկանների հարցերին եւ կխոչընդոտեմ նրանց աշխատանքը: Մեհրաբյանը մոռանում է, որ եթե մարդուն բերման են ենթարկել եւ կասկածում են ինչ-որ հանցանքի մեջ, ապա նա փաստաբան ունենալու իրավունք ունիՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց տիկին Փոստանջյանը: Արթուր Մեհրաբյանը տիկին Փոստանջյանին նաեւ հայտնել է, որ Ներսիսյանին մեղադրում են դիտավորյալ գույքի ոչնչացման մեջ, իսկ գույքը` ոստիկանության մեքենա է: Ընդամենը մի քանի րոպե հետո Ոստիկանության Կենտրոնի բաժնից դուրս եկավ նաեւ անձամբ Արթուր Մեհրաբյանը:
Նա ՚Ա1+ՙ-ին ասաց, որ խորհրդակցության է շտապում եւ խոսելու ժամանակ չունի, եւ մինչեւ իր ծառայողական մեքնան հասնելը փորձեց պատասխանել մեր այն հարցին, թե ինչու են առեւանգել Արսեն Ներսիսյանին. ՚Մենք չենք առեւանգել, մենք բերման ենք ենթարկել, որովհետեւ նա այսօր հարվածել է ոստիկանության մեքենայինՙ: Իսկ բերման ենթարկելու որոշում ունե՞ք. ՚Ա1+ՙ-ի մեկ այլ հարցին` Մեհրաբյանը պատասխանեց.՚Ի՞նչ որոշում, մենք փաստեր ունենք, որ նա է հարվածել մեքենային: Եթե պարզվի, որ անմեղ է, բաց կթողնենքՙ:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ոստիկանության այս գործելաոճի մեջ հանցակազմ կա, քանի որ ոստիկանները չարաշահում են իրենց պաշտոնական դիրքն ու լիազորությունները: Ինչ վերաբերում է Արսեն Ներսիսյանի` ոստիկանության մեքենային հարվածելուն, ապա վանատուրցիները ՚Ա1+ՙ-ին պատմեցին, որ Սասուն Միքայելյանի դատավարությունից հետո, վանատուրցի կանանցից մեկը զայրացած ոտքով հարվածել է Կենտրոնի դատարանի մոտ կանգնած ոստիկանության ՚Գազելՙ մակնիշի մեքենայի անիվին, իսկ Արսեն Ներսիսյանն այդ մեքենայի մոտով անգամ չի անցել:
Էջանիշներ