ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ինչն էր պատճառը, որ պատմական փաստերի ուսումնասիրման հայ-թուրքական համատեղ հանձնաժողովին կողմ լինելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո այդ հարցում բավական սկզբունքային դիրքորոշում ունեցող Դաշնակցությունը հանդես չեկավ որեւէ մտահոգիչ հայտարարությամբ: Այդ հարցը հուլիսի 4-ին Հայացք ակումբում լրագրողներն ուղղել են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանին:
“Մենք ժամանակին բազմիցս մտահոգություն արտահայտել ենք եւ հիմնավորել ենք, որ ճիշտ չէ այդ ճանապարհով գնալը, որովհետեւ դա ապացուցված փաստ է, այսօր այդ գործընթացը բավականին առաջ է գնացել, տարբեր երկրներ ընդունել են եւ այդ գործընթացը շարունակվում է, եվ ճիշտ չէ գնանք նորից ելման կետ: Այդ իմաստով մտահոգվելու բան կա իհարկե, եւ այդ առումով մենք համաձայն չենք: Բայց ուզում եմ նաեւ ասել, որ պարոն նախագահի այդ ելույթին հետեւեցին իր մամլո խոսնակի եւ արտգործնախարարի մեկնաբանությունները, որոնք մի քիչ այլ պատկեր են ստեղծում: Ուրեմն ուզում եմ հուսալ, որ դա գուցե մի մոտեցում է, ոչ շատ հաջող արված միտք է, գուցե այլ տանող, ոչ այն իմաստով, որ մենք ենք հասկանում: Համենայն դեպս պիտի կարողանանք հետեւել շարունակությանը: Եթե եղել են այդպիսի բացատրություններ, ըստ էության հերքող բացատրություններ, որ ճիշտ չի հասկացվում, այն իմաստով, որ մենք հասկանում ենք այդպես չէ, այսինքն պատմական իրողության փաստը Հայաստանի բարձրագույն իշխանությունը կասկածի չի ենթարկում եւ քննության նյութ չի համարում ցեղասպանության փաստը, ուրեմն կարողանանք հետեւենք շարունակությանը, որովհետեւ դրանով չի ավարտվի: Շարունակություն, թե ինչպիսին կլինի արտաքին քաղաքականության այդ ուղղությանը մեր նոր նախագահի մոտ, որովհետեւ ասվեց, որ շարունակական է լինելու այդ քաղաքականությունը, ուրեմն նախկինը այլ է եղել: Եվ մենք ուշադիր հետեւելու ենք”, ասում է Արտյուշա Շահբազյանը (Ա.Շահբազյանի խոսքը բերված է բառացի – խմբ.):
Նրա խոսքով, դժվար է պատկերացնել, թե ինչ պատմական փաստեր կան, որ պետք է ուսումնասիրվեն, եթե Ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ: “Լայն քննարկումներ կարող են լինել, բայց ցեղասպանության խնդրի, բուն խնդրի վերաբերյալ պատմական ուսումնասիրության, այսպես ասած, հարց չկա եւ դա ճիշտ չեմ համարում”, ասում է ՀՅԴ խմբակցության քարտուղարը:
Այդուամենայնիվ, լրագրողները հարցրել են, թե ինչու գոնե նման դիրքորոշում ՀՅԴ-ն չարտահայտեց Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Արտյուշա Շահբազյանը նշել է, թե ինչ էլ որ աներ ՀՅԴ-ն, միեւնույն է քննադատելու էին, օրինակ եթե անգամ կոշտ արձագանքեր նախագահի հայտարարությանը, այս անգամ էլ կասեին, ըստ Շահբազյանի, որ Դաշնակցությունն անընդհատ նույնն է եւ չի կարողանում փոխվել: Բացի այդ, Արտյուշա Շահբազյանը ասում է, թե Դաշնակցությունը կոլեգիալ որոշումներ կայացնող կուսակցություն է եւ չի կարող հապշտապ, հուզական արձագանքներ տալ: Նույն կերպ ոչ հապշտապ, ոչ հուզական եւ կոլեկտիվ որոշման վրա հիմնված արձագանք էլ կլինի այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը իսկապես վարի հայ-թուրքական հարաբերության հանդեպ այնպիսի քաղաքականության, որին դեմ լինի Դաշնակցությունը:
Էջանիշներ