Ես տեսա նրան գիշերվա դալուկ ստվերում պարելիս,
Թույլ շարժումներով, անօգնական ու այնպես մենակ,
Ինչպես պոետը մոխրամանի մեջ մտքեր վառելիս,
Ինչպես ծեր կինը հին ձեռնափայտին նյարդերը հենած...
Ես տեսա նրան ժամանակներում իր տեղը կորցրած,
Հիասթափության տված դասերում սխալ որոնելիս,
Ես տեսա նրան սեփական հոգու աճուրդից փրկված,
Հուսահատ, լքված հավատքի վրա խաչեր գամելիս...
Ես հետևում էի , մտքովս անգամ չէր անցնում օգնել,
Ես հետևում էի մի պախարակված լրտեսի նման,
Զգում էի, որ այդ մենակությունից նա շատ է հոգնել,
Որ իմ ստերը հանգիստ կարող եմ վստահել նրան...
Եվ ինձ թվում էր, թե ես կորցնում եմ տեսողությունս,
Ասես օտարի տխրությունն արդեն վարակիչ դարձավ,
Կամ մոռացությամբ խնամքով պատված հիշողությունս,
Արագ տարածվող ժանտախտի նման ինձ էլ տիրացավ...
Նա հիշեցնում էր ինչ-որ ընկերոջ հեռու անցյալից,
Ինչ որ հին երազ կամ կարոտ , որ դեռ գուցե արթուն էր,
Եվ թվում էր, թե մի քիչ էլ ու ես կգտնեմ ցավից,
Իմ ներսում լքված, բայց նրա համար թողած անկյունը...
...
Իսկ երբ մոտեցա...ես տեսա նրան...նա էր...իմ եսը,
Գիշերվա դալուկ ստվերում այդ ես էի իմ իսկ լրտեսը...
03/06/2011©Ծ



Մեջբերել
:

Էջանիշներ