Գիտակցում եմ հիմա, որ ապրում եմ կյանքը,
Բայց ապրում եմ կյանքին անգիտակից…
Եվ ինչքան էլ ձգվի ժամանակս,
Գիտեմ, որ քիչ կապրեմ ժամանակից…
…
Կորուստները վախենալով կզգամ
Ու կկորցնեմ հենց գտնելու պահին,
Բայց լավատես իրատեսը «անզգա»
Ինձ կփախցնի այս անողոք ահից…
…
Մե՛կ անցյալին դատապարտված կապրեմ,
Մե՛կ ամենը մոռացության մատնած,
Բայց հետոյի համար գուցե չափեմ,
Ներկաների ուղին ՝ հատված-հատված…
…
Շարան-շարան հայտնվում են մտքեր,
Դեռ չհնչած խլանում են ներսում,
Ու մնում են արձագանքի հետքեր,
Որ գողեգող տարածվում են դրսում…
…
Եվ այստեղ է, որ ինձ չհասկացան,
Իսկ իրական կյանքում ի՞նչն է հստակ…
Քո իմաստուն ուղիներով անցա,
Որ ժպիտով հայտարարեմ վստահ…
Ես եմ ասում՝ ոչինչ իմաստ չունի…
Ահա «իմաստ», որ Ոչինչն էլ ունի…
Էջանիշներ