ԾԵԾՈՂՆԵՐԸ ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԻ ՈՒ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՏՂԱՆԵՐՆ ԷԻՆ

[21:48] 02 Հուլիսի, 2008


Հյուսիսային պողոտայի հանգիստն այսօր խաթարեցին մի խումբ կանայք եւ երիտասարդներ, որոնք հարձակվել են Հյուսիսային պողատայի քաղաքական զբոսանքի մասնակիցների վրա եւ անխնա ծեծել բոլորին` ընդհուպ տարեցներին: Հյուսիսային պողոտայի մասնակիցները ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեցին, որ երիտասարդների խումբը, որոնց արտաքին տվյալները հուշել են, որ նրանք սպորտսմեններ են, Հյուսիսային պողոտայից Աբովյան փողոց հատվածում ժամը 19.00-ից հավաքվել են մի խումբ բարձրաստիճան ոստիկանների հետ:

՚Ոստիկանության ներկայացուցիչ Կիրակոսյան Աղասը իր շքախմբով բարձրացավ Հյուսիսային պողոտայով, հետո նրանց հետեւից բարձրացավ այս հանցավոր խումբը եւ սկսեցին ծեծել մարդկանցՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց ականատեսներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը` ասելով. ՚Աղասն ինձ շատ լավ է ճանաչում, եւ ես ինչ պետք էր նրան ասացիՙ:

Մյուս ականատեսները չթաքցրեցին իրենց անունները:

՚Փոխգնդապետ Օսիպյանը ինձ ասաց, թե չկողմնորոշվեցին, բայց մենք տեսել ենք, թե ինչպես համախմբվեցին այդ ստահակները ոստիկանների հետ եւ բարձրացան Հյուսիսային պողոտայովՙ,- ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց ականատեսներից Մուշեղ Պողոսյանը: Ծեծի ենթարկվածներից ոմանք անձամբ ճանաչել են իրենց վրա ձեռք բարձրացնողներին: ՚Մեզ վրա հարձակվողները Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի ու Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի տղաներն էին: Նրանք մտան ժողովրդի մեջ, սկսեցին քաշքշել: Նրանց հետ նաեւ կանայք կային, որ ասում էին.՚Զզվացրել եք ձեր Լեւոնով ու հավաքներով: Ժողովրդին ծեծի ենթարկելուց հետո ոստիկանները էդ խուլիգաններին ապահով ճանապարհեցինՙ,- ասաց Քնքուշ Մելիքյանը:

Ոմանք պատմեցին, որ իրենց վրա հարձակվողները ակտիվացել են հատկապես այն ժամանակ, երբ Հյուսիսային պողոտայում ավելացել են ոստիկանների թիվը:

՚Նրանք ակտիվացան, երբ ոստիկանները հայտնվեցին պողոտայում Ծեծի ենթարկվածներից մեկը հայտնեց, որ իրեն ծեծի է ենթարկել Երեւանի 16 թաղամասի 30 շենքի բնակիչ 26-27 տարեկան էդգար անունով մեկը:

՚Վրաներից երեւում էր, որ ֆիզիկապես ուժեղ են: Նրանք մոտեցան իմ կողքի կանգնած տղաներին եւ հայհոյեցին: Ես ասացի, որ դա սադրանք է եւ տղաներին փորձեցի հետ պահել: Այդ պահին ինձ թվաց, որ նրանց ձեռքին դանակ կա, ես վախեցած կանգնեցի մեր տղանաերի եւ այդ խուլիգանների միջեւ: Այդ պահին նրանցից մեկը ինչ-որ բութ բանով հարվածեց մեջքիսՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց Էլյա Չիլոյանը, որ դժվարությամբ էր շնչում:

Հյուսիսային պողոտայի անսպասելի ՚հյուրերըՙ չեն խնայել նաեւ 77 -ամյա Լուսիկ Հարությունյանին, որ լացելով մեզ պատմեց. ՚Իմ աչքի առաջ մի մարդու գցեցին գետնին եւ հարվածում էին գլխին: Ես փորձեցի պաշտանել, բայց էդ լակոտը ինձ վերցրեց եւ ինչքան ուժ ուներ գետնին տվեց: Հիմա չեմ կարողանում շունչ քաշել:Բա սա երկիր էՙ:

Ծեծի է ենթարկվել նաեւ Ռիմա Խաչատրյանը. ՚Ես 4 ամիս է ամեն օր գալիս եմ Հյուսիսային պողոտա, որեւէ մեկին վնաս չեմ տվել: Իմ վրա հարձակվեցին իմ թոռան տարիքի 5-6 երիտասարդ եւ սկսեցին հարվածել մեջքիս, փորիս` ամենավերջին հայհոյանքները թափեցին գլխիս: Էս լկտիությունը չափ ու սահման չունիՙ:

Համաժողովրդական շարժման անդամներից Մարտին Պողոսյանը պատմեց, որ վիճաբանությունը հրահրել է մի կին.՚Այդ կինը խուլիգանների խմբից էր` տարեց, ցածրահասակ, շատ գռեհիկ հայհոյանքներ էր տալիս եւ վարկաբեկում ընդդիմության առաջնորդներին: Մենք նրան զգուշացրեցինք, որ հեռանա, սակայն այդ կինը շարունակում էր բարձրաձայն հայհոյել եւ մարդկանց քաշքշել այնքան ժամանակ, մինչեւ 40-50 քաղաքացիական հագուստներով երիտասարդներ հայտնվեցին Հյուսիսային պողոտայի կենտրոնում եւ մոտեցան մեզ` վիճաբանության առիթ փնտրելով: Երբ նրանք պատասխան չստացան` հայհոյելով հարձակվեցին եւ սկսեցին ծեծել հանգիստ կանգնած մարդկանց: Այդ ընթացքում ոստիկանները հանգիստ կանգնած նայում էին: Մեր տղաներից մի քանիսի դեմքերը արյունլվա արեցին, էս պահին ստեղ չեն, նրանց տարան տուն: Իսկ ոստիկանները հանդարտեցնելու փոխարեն, ավելի էին բորբոքումՙ:

Ծեծի ենթարկվածներց Ներսես Պողոսյանն ասաց. ՚Իմ վրա ձեռք է բարձրացրել Կարեն Կարապետյանը` Հանրապետական կուսակցությունից` ծնված 1979թ., իմ հետ է սովորել: Ածական անուն էլ Ձմերուկ է: Ձմերուկ եղել է, Ձմերուկ էլ կմնա, բայց իմ վրա այսօր ձեռք բարձրացրեցՙ:

Հյուսիասային պողոտայում ներկա գտնվողները ՚Ա1+ՙին նաեւ տեղեկացրեցին, որ երբ կանանց եւ երիտասարդների խումբը հարձակվել էր իրենց վրա եւ անխնա ծեծում էր, այդ ընթացքում ոստիականների ՚Վիլիսՙ մակնիշի 268 SL01 համարանիշով մեքանան կանգնած էր Հյոսիսային պողոտայում, որի մեջ քաղաքացիական համազգեստով անձինք կան, որոնք հանգիստ նստած նայում էին եւ չմիջամտեցին:

Քաղաքական զբոսանքի մասնակիցները նաեւ նշեցին, որ միջադեպից 15 րոպե առաջ ոստիկանների հրահանգով Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարանների աթոռները հավաքել են եւ ներս տարել:

՚Թոխմախի Մհերի ու Բեգլարյանի թիկնապահներն են: Ես անձամբ Մհերի թիկնապահներից մեկ անունը գիտեմ` Վահան է: Ես դեմքով ճանաչում եմ նաեւ Բեգլարյանի բոլոր թիկնապահներինՙ,- ասաց Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքի մասնակիցներից մեկը:

՚Ա1+ՙ-ը նաեւ փորձեց պարզաբանումներ ստանալ Ոստիկանության Արաբկիրի բաժնի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից, որը մեզ ասաց. ՚Մենք չհասկացանք, թե ինչ կատարվեց: Մենք բաժանում էինք: Մեզ թվաց, որ Հյուսիսային պողոտայի մարդիկ են միմյանց ծեծում: Ես անձամբ այլ ինֆորմացիա չունեմՙ: Ինչ վերաբերում է քաղաքական զբոսանքի մասնակիցների տված այն ինֆորմացիային, որ ոստիկանների հրահանգով են իրենց վրա հարձակվել, ապա պարոն Օսիպյանն ասաց. ՚Ես համամիտ չեմ այդ տեսակետի հետՙ: Ծեծվածներից շատերը ճանաչում են իրենց ծեծողներին եւ անուններ են տալիս, ի՞նչ կասեք այս կապակցությամբ` ՚ Ա1+ՙ-ի հարցին` պարոն Օսիպյանը պատասխանեց.՚Ես նման ինֆորմացիա չունեմ, թող հայտնեն անունները, համապատասխան մարդիկ կզբաղվենՙ:

՚Ա1+ՙ-ի ունեցած ամբողջ ինֆորմացիան տեղադրված է մեր կայքում:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=62266