Երեկ մինչև գիշերվա 4-ը նայեցի, հետո գնացի քնելու` մտքով, որ ոչ մի բան չեմ հասկացել, բայց շատ տպավորված եմ... Մեկ էլ, որ Նիկոլ Քիդմանին շատ ավելի սիրեցի ու համոզվեցի, որ նա շատ լայն ու խորը ներաշխարհի տեր դերասանուհի է... Իսկապես նրա անունը պետք է գրվի կինոյի ոչ այնքան երկար պատմության Մեծ դերասանուհիների կողքին
Չկարողացա քնել, սկսեցի ինքս իմ մեջ վրերլուծել ֆիլմը (կամ սկսեցի վերլուծել, էդ պատճառով էլ 2 ժամ էլ արթուն մնացի)...
Սկսեցի մտածել, որ... շատ բան մտածեցի, սկզբից էլ գրեմ, որ չեմ սիրում, երբ մարդիկ նյութի տեղը ինչ-որ վերացական բաներ են տեսնում, բայց էս անգամ ես էդ օրն եմ ընկել... Համ էլ, համաձայնեք, որ ֆիլմում ռեժիսորն ամեն բան արել է, որ իմաստը նյութականից, շոշափելիի մակարդակից վերացնի...
Մի խոսքով, տարբեր եզրակացություններ արեցի, որոնք արդյունքում դուրս շատ եկան () ու որոնք ամբողջ օրը մեջս եփում էի, ու ինքս էլ եփվում էի, որովհետև ձեռքիս տակ Ինտերնետ չկար, որ գրեի...
Դեռևս որևէ վերլուծական չեմ կարդացել, հեսա իմ մտքերը կգրեմ, հետո կնայեմ էստեղի կարծիքները, Ի-նետում կգտնեմ վերլուծականներ, կկարդամ ու կհասկանամ, որ շատ եմ խորացել, բայց դե, ինչ անեմ, չէի կարողանում քնել...![]()
Վերջը եզրակացրեցի, որ ֆիլմը կարելի է 2 ձև ընկալել`
անհատական կոնֆլիկտ
գլոբալ, համամարդկային, համաշխարհային կոնֆլիկտ
Դոգվիլ կամ Անհատական կոնֆլիկտ
Սկսեմ հիմնականից`
Ինձ թվում է, որ շունը հերոսուհու խիղճն է (հավանաբար Մովսես անունն էլ ընտրված է ենթագիտակցորեն 10 պատվիրանների հետ ասոցացվելու համար), Դոգվիլը` ներաշխարհը (դե պարզ է, երբ Դոգը խիղճն է, Դոգվիլը դուրս է գալիս խղճի քաղաք, որը նույնն է` հոգի, ներաշխարհ): Շունը (խիղճը) հաչում է 2 անգամ, երբ հերոսուհին` Գրեյսը, հանցանք է անում նրա դեմ` գողանալով ոսկորը, և երբ նա ոչնչացնում է ողջ Դոգվիլը...
Գրեյսը, տարածված արտահայտությամբ ասած, "վարդագույն ակնոցով է նայում աշխարհին", նա իր սիրտը բացում է աշխարհի համար, սիրում է աշխարհը ու մեծ արժեքներ է իր համար կառուցում, որոնց երկար ժամանակ մտքով էլ չի անցկացնում դավաճանել... սեր, բարություն, գթասրտություն , օգնելու պատրաստակամություն... էս բոլորը բուն են դրել նրա սրտում ու նա հավատում է դրանց... Նա ունի իդեալ, այս դեպքում` սիրո իդեալ, որը առանձին է մնացած ամբողջ վարդագույն աշխարհից, դա նրա լրիվ մաքուր ու անկեղծ անկյունն է... Գրեյսը ներում է, ներում է բոլորին, արդարացնում է մարկանց սխալները ու սխալվելու իրավունք չի տալիս միայն իրեն... Բայց այն ժամանակ, երբ ինքը շատ հաշտ է ու ներդաշնակ իր բոլոր արժեքների, իդեալների ու երևակայական աշխարհի հետ (ֆիլմում նրանց հետ նշում է հուլիսի 4-ը), կամաց-կամաց ներս է խուժում ռեալիզմը... Սկզբում ոստիկանական հայտարարության տեսքով, հետո սպառնալիքի... այնքան, որ վերջապես Գրեյսի ու նրա ստեղծած աշխարհի միջև է կանգնում կասկածը... Գրեյսը չի ուզում հավատալ այդ կասկածին, բայց այն ինքնըստինքյան աճում է... Որքան Գրեյսը փորձում է ինքն իրեն խաբել, այնքան "դառը իրականությունը" նորանոր հարվածներ է հասցնում` փշրելով նրա բարի ու եթերային պատկերացումները... Այն էլ` կոտրելով ու հեգնելով, թե հենց Գրեյսը լացի, այդ ամենը կվերջանա... Բայց անգամ արցունքները իզորու չեն կանգնեցնել այդ պայքարը իդեալների` ցանկալի ու անհնարին լինելու միջև... դա շատ ցավոտ է... Վերջապես Գրեյսն ուզում է ազատվել, փախչել իր աշխարհից, բայց նրան ուղեկցողն էլի իր աշխարհից է ու, բնականաբար, նույն տեղն է վերադարձնում` ավելի մեծ ցավ պատճառելով... Կոտրված, անհույս հավատը մեծ բեռի պես կախվում է Գրեյսի վզից, բայց նա վերջին ուժերով էլ փորձում է պահել իր ստեղծած աշխարհի բեկորները, նույնիսկ այդ վիճակում արդարացնում է իրեն սպանող "ռեալիզմը"` այլևս չմտածելով, թե այդ ամենն իրեն ուր կտանի... Նա պարզապես կառչում է նրանից, ինչ մի ժամանակ իր կյանքն էր ու առանց որի, ըստ նրա, էլ ուժ չի ունենա ապրելու... թեև այդ աշխարհը ի սկզբանե ինքնախաբեություն է եղել. այնտեղ կույր մարդը շարունակ խոսում է արևի լույսի նշանակությունից` իբրև թե թաքցնելով իր կուրությունը; իդեալական սերը միայն խուճուճ-մուճուճ արտահայտություններ է փիլիսոփայում` հեռու լինելով անկեղծ, մարդկային սիրուց ու վերջում ամենամեծ հարվածն է հասցնում` խաբելով Գրեյսին: Մի օր Գրեյսը որոշում է անկեղծանալ ինքն իր հետ, հասկանալ, թե ինչ է կատարվում... նա ինքն իրեն խոստովանում է այն ամբողջ պատմությունը, որն անցել է գլխով Դոգվիլում, նա բարձրացնում է ինքնախաբեության վարագույրը, և այդ ժամանակ Դոգվիլում թեթև-թեթև ձյուն է գալիս ու ծածկում ողջ քաղաքը... Գրեյսի ներաշխարհը վերջապես մաքրվում է կասկածներից ու խաբկանքներից... Բայց անցած մեծ հավատի կոտրվելու ցավը դեռ կա ու այն երևում է սև գծով, որ ճերմակ ձյան վրա քաշում է Գրեյսի վզից կախված անիվը...
Վերջապես, կոտրված երազներն իրենք որոշում են լքել Գրեյսին, օգնության են կանչում հայրիկին, ում հետ շարունակվող խոսակցությունը, թվում է, թե չէր էլ ընդհատվել երկար ամիսներով... կարծես այդ ներքին պայքարը տեղի է ունենում հենց մեքենայում հոր հետ զրուցելիս... հայրը ռեալիզմի այն մարմնացումն է, ով վերջնականապես բացում է Գրեյսի աչքերը իրական աշխարհի վրա, ստիպում վերջապես սթափ նայել իրեն, իր հորինվածքին... Գրեյսը մի պահ ցանկանում է վերադառնալ, բայց արդեն ճշմարտությունը լցրել է նրա աչքերը "լուսնի լույսի" պես... Նա որոշում է լուծել "քաղաքի" բոլոր խնդիրները... բայց ինչպե՞ս, չէ՞ որ ոչ ոք այնպիսին չէ, ինչպես ինքն էր պատկերացնում, ոչ ոք իր օգնության կարիքը չէր զգում, նա միայն հավելյալ, բայց օգտակար աշխատանք էր կատարում... "եթե նորից մեկը գա, նույն բանը կկրկնվի... կա մի քաղաք, առանց որի աշխարհն ավելի խաղաղ կլինի..."... նա այրում է բոլոր պատրանքները, որ ինքն էր կառուցել ու որոնք վաղուց արդեն չկային, միայն կար դրանց մասին հուշը... եթե ինքը փորձեր դրանք վերակառուցել, միայն հող կնախապատրաստեր իր նոր տառապանքների համար, երբ նորից կբախվի վաղուց մոռացած իրականության հետ... Վերջում իր ձեռքով գնդակահարում է սիրո իր իդեալին... փշաքաղվելու բան է... ամբողջ Դոգվիլը` հոգին, ներաշխարհը ամայանում է... Գրեյսն արդեն ուզում է հեռանալ, երբ լսում է շան հաչոցը... խիղճը դեռ արձագանքն է այն անսահման սիրո ու բարության, որ մի ժամանակ կար նրա սրտում...
Մի խոսքով, այս ֆիլմը սեփական պատրանքները վերահսկելու անկարողության, կոտրված իդեալներով չխաբվելու, ինքդ քեզ հետ արդար լինելու... մեծ, շատ մեծ կամքի ուժի մասին է...
դե հիմա ասեք, շատ-շատ ե՞մ խորացել, թե՞ մի քիչ
իսկ Համաշխարհային կոնֆլիկտ-ը, կարծում էի, թե շատ պարզ կլինի, բայց, ամեն դեպքում, ռեժիսորն ամենավերջում ցույց է տալիս տարբեր-տարբեր աղքատների նկարներ... Թեև, կարծում եմ դա ամենաուղղակի տարբերակն է. աշխարհն ու մարդիկ իրենք են մեղավոր Երկրի վրա մարդկային բոլոր դժբախտությունների համար... բայց ամեն բան այնքան լուրջ տեսք է ընդունել հիմա, որ հնարավոր չէ վերահսկել... կա մի ելք. պետք է ամեն բան զրոյացնել, ոչնչացնել ու փորձել սկսել սկզբից... բայց այդ դեպքում ո՞վ պիտի վերսկսի... չգիտեմ...
Էջանիշներ