Օքսֆորդի գիտնականները ուսումնասիրում են Քարահունջը
Սեպտեմբերին Օքսֆորդի համալսարանից մի խումբ գիտնականներ Հայաստանում ուսումնասիրելու են Քարահունջն ու շրջակա բնակավայրերը:
Հայկական Քարահունջը նմանություններ ունի անգլիական Սթոնհենջի հետ։ Եվրոպայում այսպիսի շատ ուրիշ «հենջներ» կան, որոնք գիտնականների կարծիքով, ընդհանուր շատ բան ունեն: Քարահունջի ուսումնասիրությունը այդ շղթայի բացահայտման մի մասն է:
«Իրենց հետաքրքիր է, որովհետեւ անունը «հենջերին» նման է։ Քարահունջը հետաքրքիր է նրանով, որ շատ նման է Սթոնհենջի կառուցվածքին, երկուսն էլ արեւադարձի օրը նայում են արեւին», - ասում է Միհրան Վարդանյանը՝ «Աստղերն ու քարերը» կոչվող այս ուսումնասիրության նախաձեռնողը։
Երեւանում ավարտելով պետական համալսարանի ֆիզիկայի ու ինֆորմատիկայի ֆակուլտետները՝ երիտասարդ գիտնականը հրավեր է ստացել Օքսֆորդից աստղաֆիզիկայի ոլորտում դոկտորական աշխատանք անելու: Քարահունջի այս նոր ուսումնասիրությամբ Միհրանն ուզում է շարունակել Պարիս Հերունու սկսած աշխատանքը, նոր մեթոդներով չափել Քարահունջի տարիքը, քննել տեղանքի յուրահատկություններն ու հայտնի դարձնել դրանք աշխարհին:
Նախագծին աջակցում են Համաշխարհային աշխարհագրական ասոցիացիան ու Օքսֆորդի համալսարանը: Գիտնականների խմբում լինելու է հինգ հետազոտող Բրիտանիայից, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը՝ Հայաստանից ու հայաստանցի ուսանողներ:
Դեռ տարիներ առաջ հայ անվանի գիտնական, աստղագետ Պարիս Հերունին պնդել եւ գիտական ապացույցներ է ներկայացրել, որոնց համաձայն հայկական Քարահունջը եւ անգլիական Սթոնհենջը կառուցվածքային նմանություններ ունեն, թեեւ անգլիական Սթոնհենջը շատ ավելի հին է։
Աղբյուրը՝
azatutyun.am
Միայն թե, եթե հիշողությունս չի դավաճանում, ըստ Հերունու Քարահունջը Սթոունհենջից հին ա՝ հոդվածում հակառակն ա գրած:
Էջանիշներ