Հուլիսի 1-ին անակնկալ մամուլի ասուլիս է հրավիրել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հրապարակելով մի փաստաթուղթ, որը հայտնվել է համաժողովրդական շարժման տրամադրության տակ: Փաստաթուղթը հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի նամակն է Վայոց Ձորի մարզի դատախազին, որը սակայն, ինչպես ենթադրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նամակ-շրջաբերական է բոլոր մարզերի դատախազներին: Այն պարունակում է հրահանգներ, որոնք փաստացի ենթադրում են տոտալ ռեպրեսիաներ քաղաքացիների հանդեպ:

Մասնավորապես, հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը այդ փաստաթղթում հիշատակելով, որ մարտի 2-ին, հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հանդեպ, մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում եւ կենտրոնական փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, Վայոց ձորի դատախազին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ էլ` բոլոր մարզերի դատախազներին, հանձնարարական է տվել հայտնաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքների մասնակից անձանց եւ պարզել, թե հանրահավաքների ժամանակ ինչ է խոսվել օտար պետությունների ցուցաբերած աջակցության մասին, կամ պարզել, թե արդոյք հանրահավաքների մասնակիցները չեն խոսել Հայաստանից Ռուսաստանի “ներկայությունը հանելու օգտին”, եւ նաեւ պարզել այն, թե արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին գիտակցում, որ “անկայուն այդ իրավիճակը ձեռնտու է հարեւան երկրներին, ինչպես նաեւ այլ գերատեսչություններին”:

Դրանից բացի, Ա. Միրզոյանի նամակ շրջաբերականի մեջ հանձնարարվում է հարցաքննել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների պետերին, ակտիվիստներին, նրանց հարեւաններիին, հանրահավաքներին մասնակից անձանց, հանրահավաքներին մասնակցելու նպատակով մարզից քաղաքացիներին Երեւան տեղափոխած երթուղայինների վարորդներին, դրա համար վճարողներին, բնակության վայրերից վերցնել Տեր-Պետրոսյանի շտաբների պետերի եւ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ եւ բնութագրեր, պարզել, թե հանրահավաքներին մասնակցած անձինք եւ Տեր-Պետրոսյանի շտաբների պետերն ինչ գույք ունեն, ինչպես նաեւ պարզել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների պետերի եւ ակտիվիստների հեռախոսահամարները, դրանց մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար միջնորդությամբ դիմել դատարան:

“Ինչ կարելի է ասել այս փաստաթղթի մասին”, դա լրագրողներին ներկայացնելուց հետո ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, այդ փաստաթուղթը հրաշալի պատկերացում է տալիս իշխանության էության մասին, մյուս կողմից այն բռնապետական պետության հրեշավոր վկայություն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, դժվար է պատկերացնել, որ Ստալինի ժամանակ անգամ լինեին նման փաստաթղթեր, եւ ներկայացվածը հատուկ է թերեւս ցարական “օխրանկային”:

Լեւոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ, այդ փաստաթուղթը հստակ քաղաքական բնույթի է, այլապես ինչ գործ ունի հատուկ քննչական ծառայության պետը այնպիսի հարցադրումների հետ, ինչպես օրինակ Հայաստանից Ռուսաստանի հեռանալու մասին խոսակցությունները պարզելուն վերաբերող հանձնարարականը: Ըստ առաջին նախագահի, այդպիսով իշխանությունն ուզում է հակառուսական երանգ տալ համաժողովրդական շարժմանը, ինչը ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայաստանի իշխանությունն անում է արդեն ութ ամիս, բայց անհաջող:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ ներկայացված փաստաթղթի հստակ քաղաքական բնույթի մասին են վկայում նաեւ նամակ-շրջաբերականի մեջ տեղ գտած թիրախները` Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների ակտիվիստներ, պետեր, հանրահավաքների մասակից անձինք, նրանց Երեւան տեղափոխած վարորդներ: Այդ ամենի նպատակը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այն է, որպեսզի հայտնաբերեն գեթ մեկ հանցանքի ապացույց, որ արդեն չորս ամիս չեն կարողանում ներկայացնել իր համախոհներին, որոնց զգալի մասը ենթարկվում է այդօրինակ ռեպրեսիաների, իսկ մի մասն էլ ուղղակի բանտում է: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ նրանց հանցանք ապացուցող որեւէ բան չեն կարողանում հայտնաբերել եւ բանը հասել է այնտեղ, որ Արարատ Զուրաբյանին, ում արդեն չորս ամիս պահում են անազատության մեջ, չեն կարողանում ներկայացնել որեւէ մեղադրանք, որեւէ հանցանքի ապացույց եւ սկսել են արդեն նրա թաղապետ եղած տարիները քրքրել, փորձելով հայտնաբերել արած գեթ մեկ սխալ մակագրություն:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ինքը վստահ է, որ փաստաթղթի իրական հեղինակը հատուկ քննչական ծառայության պետը չէ, այլ նրան նշանակող Ռոբերտ Քոչարյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ հիմա առաջին քայլը Սերժ Սարգսյանինն է, ով պետք է պարզի, թե ով է հեղինակել այդ նամակը` Աղվան Հովսեփյանը, Ռոբերտ Քոչարյանը, ով: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, նման փաստաթուղթը խայտառակություն է ցանկացած պետության համար եւ օրինակ եթե որեւէ երկրում, ասենք Միացյալ Նահանգներում հրապարակվի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի նման մի փաստաթուղթ, ապա ՀԴԲ ղեկավարը կդատապարտվի ցմահ բանտարկության, իսկ եթե պարզվի էլ, որ նա այդպիսով կատարել է երկրի նախագահի հանձնարարական, ապա անմիջապես կսկսվեր նախագահի իմպիչմենտի գործընթաց:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել է, որ փաստաթուղթը ներկայացվելու է բոլոր միջազգային կառույցներին: Ըստ առաջին նախագահի, խեղկատակություն է ստացվում, երբ այդ կառույցների ներկայացուցիչները գալիս են Հայաստան, ցույց են տալիս, թե իշխանության հետ լուրջ դեմքով հարցեր են քննարկում, իշխանության ներկայացուցիչներն էլ` նախագահից, մինչեւ խորհրդարանի նախագահ եւ Դավիթ Հարությունյան, ժպտում են, անգլերեն խոսում, մինչդեռ իրականում այդ ամենը ծաղրուծանակ է:

“Իրենք իրենց համար ստեղծել են մի վիրտուալ պետություն: Ես ուրախ եմ, որ այս փաստաթուղթը հայտնաբերվեց: Չգիտեմ, թե սա ինչ ազդեցություն կունենա: Սա մենք տարածելու ենք ամբողջ աշխարհում, բոլոր ինստանցիաներին, բոլոր այն պաշտոնյաներին եվրոպական, որոնք այսօր վճռում են Հայաստանի բախտը: Տեսնենք սրանից հետո ինչ են ասելու այդ մարդիկ: Սրանից հետո այդ մարդիկ հասկանալու են արդյոք, որ Հայաստանի իշխանությունները նրանց պարզապես ձեռ են առնում, որ նրանց ծաղրում են, որ նրանց խաբում են` սկսած նախագահից, Ազգային Ժողովի նախագահից, Դավիթ Հարությունյանից, մյուսներից, մյուսներից: Բոլորը”, ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լրագրողների հարցին, թե երբ է այդ նամակ-շրջաբերականը հայտնվել համաժողովրդական շարժման տրամադրության տակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ եթե նոր է հրապարակվում, ապա պետք է ենթադրել, որ հայտնվել է նոր: Նա նշել է, թե փաստաթղթի հրապարակումը որեւէ կապ չունի հուլիսի 4-ին հրավիրված հանրահավաքի հետ: Ըստ Տեր-Պետրոսյանի, հրապարակված փաստաթուղթը չափազանց լուրջ եւ կարեւոր բան է, Հայաստանի իշխանության փաստացի Սահմանադրությունը:

Լրագրողների հարցին, թե բացառում է արդյոք ինքը, որ իր իշխանության տարիներին էլ եղած լինեն նման նամակ-շրջաբերականներ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ բացառում է եւ ասել, որ թող Աղվան Հովսեփյանը փնտրի եւ ցույց տա իր իշխանության տարիների գեթ մեկ այդօրինակ փաստաթուղթ: Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր իշխանության տարիներին դատախազությունը ղեկավարում էին բարձր մակարդակի իրավաբաններ:
lragir.am