ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀՔԾ ՊԵՏԻ «ՔՆՆՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008թ. մարտի 5-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանը «քննչական հանձնարարություն» է ուղարկել Վայոց Ձորի մարզի դատախազ Հ.Պալյանին: Գրության բովանդակությունից երևում է, որ նույն «հանձնարարությունն» ուղարկվել է նաև դատախազության բոլոր տարածքային մարմիններին: Դա Ա1 պլյուս կայքում տեղակայված հաղորդագրությամբ հաստատել է նաև ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ.Հարությունյանը:
Նշված փաստաթուղթը բացահայտում է նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործ հարուցելու իրական նպատակները, հիմնավորում ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվող մասսայական հետապնդումների քաքաղական բնույթը:
Փաստաթուղթն ի ցույց է դնում նաև այն կազմողների իրավական անգրագիտությունը:
Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ այս ստեղծագործության նաև ձևական, ֆորմալ կողմին, այնուհետև` իրավական-բովանդակային:
Այս «քննչական հանձնարարությամբ» խախտվել է իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը` գործադիր իշխանության մարմնի` Հատուկ քննչական ծառայության պետը հանձնարարություն է տվել դատական իշխանության մաս կազմող դատախազության տարածքային մարմնի ղեկավարին:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավաuու են կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Uահմանադրությամբ կամ oրենքներով:
ՙԴատախազության մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, մարզի դատախազին ցուցումներ, հանձնարարություններ տալու լիազորությամբ օժտված են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու նրա տեղակալները:
ՙՀատուկ քննչական ծառայության մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, Հատուկ քննչական ծառայությունն առանձին ստորաբաժանում է, իրականացնում է նախաքննություն, որևէ վերադաս լիազորություն չունի և չի կարող ունենալ ՀՀ դատախազության որևէ ստորաբաժանման նկատմամբ, դեռ ավելին, ՀՔԾ կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված են ՀՀ գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները: Տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներին ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործերով հանձնարարություն կամ ցուցում կարող է տալ միայն գլխավոր դատախազը: Փաստորեն ՀՔԾ պետն իր ՙքննչական հանձնարարությամբ՚ գերազանցել է իր լիազորությունները և յուրացրել գլխավոր դատախազինը:
Ըստ նշված փաստաթղթի, ՀՔԾ պետը մարզի դատախազին ՙհանձնարարություն՚ է տվել ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածով: Մինչդեռ նշված հոդվածի համաձայն. ՙայլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավունք ունի այդ գործողությունները կատարել անձամբ կամ դրանց կատարումը հանձնարարել տվյալ վայրի քննիչին կամ հետաքննության մարմնին՚:
Դեռևս 2008թ. մարտի 2-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կոպիտ խախտումներով ՀՔԾ պետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ներգրավվել են տարբեր մարզերում գործող ստորաբաժանումների քննիչներ և հետաքննության մարմնի աշխատակիցներ: Մինչդեռ քննչական ստորաբաժանման ղեկավարն իրավասու է ձևավորել միայն նման քննչական խումբ` դատախազի ցուցումի առկայության պայմաններում և ոչ երբեք օպերատիվ-քննչական: Այս դեպքում էլ յուրացվել են ՀՀ ոստիկանության, ԱԱ ծառայության, հարկային մարմինների օպերատիվ խմբեր ձևավորելու լիազորությունը:
Նույնիսկ ոչ իրավաբանների համար պարզ է, որ մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ քրեական գործը հարուցելուց հետո Հատուկ քննչական ծառայությանը վերապահվել են հավելյալ արտոնություններ և լիազորություններ, որոնցից օգտվելով Հատուկ քննչական ծառայությունը ներազդում է իշխանության բոլոր թևերը ներկայացնող կառույցների և պաշտոնատար անձանց վրա:
Դրա հետևանքներից ամենաակնառուն այն է, որ արդարադատություն իրականացնելուն կոչված դատարանները և անխտիր բոլոր դատավորներն այսօր դարձել են Հատուկ քննչական ծառայության քննիչների վարորդների տեղակալների օգնականների քարտուղարներ:
Այս ՙքննչական հանձնարարությունը՚ ևս մեկ ապացույց է, որ ՀՔԾ-ն չի էլ փորձում թաքցնել կամ քողարկել իր ունեցած ազդեցությունը նշված կառույցների և անձանց վրա:
Հիշատակված քրեական գործի շրջանակներում հարյուրավոր մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչների կողմից դատարաններին ներկայացված և ոչ մի միջնորդություն չի մերժվել, այն դեպքում, երբ դրանց զգալի մասը կատարվել են միջին ծանրության հանցանքների գործերով: Դատարանների որոշումները ընդհուպ մինչև ստորակետները կրկնում են ՀՔԾ քննիչների կողմից ներկայացրած միջնորդությունները: Մեղադրյալների և նրանց պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքներից և ոչ մեկը վերաքննիչ դատարանի կողմից չի բավարարվել, իսկ նախադեպային իրավունքի նորմեր ստեղծելու մոլուցքով տարված վճռաբեկ դատարանը մինչ օրս չի համարձակվել վարույթ ընդունել որևէ բողոք:
Եթե որևէ մեկի նկատմամբ փոփոխվել է խափանման միջոց ընտրված կալանավորումը, ապա դա արվել է միայն ՀՔԾ քննիչների կողմից կայացված և գլխավոր դատախազի կողմից հաստատված որոշումներով:
Հատուկ մարտի մեկի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով հայտնագործվում է նոր իրավագիտություն, ավելի ճիշտ քրեական իրավունքի և քրեական դատավարության հանրաճանաչ այնպիսի ինստիտուտների, կամայական, որպես կանոն տարածական մեկնաբանություն, ինչպիսիք են հանցակազմը, մեղադրյալների պաշտպանական իրավունքը, բերման ենթարկելը, ձերբակալումը: Նպատակահարմարությունից ելնելով այս կամ այն դրույթը մեկնաբանում են ինչպես խելքներին փչում է:
Հանձնարարության առաջին մասը կրկնում է քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշված ՙԼևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհներ ու աջակիցներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և այլոք՚ շարադրանքը: ՙՔննչական հանձնարարության՚ հաջորդ մասերը բացահայտում են, որ նախաքննական մարմնի կարծիքով ՙև այլոք՚-ը հենց Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերն են, նրանց ընտանիքի անդամները, հարևանները, ինչպես նաև ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք մասնակցել են հանրահավաքներին:
Էջանիշներ