Wednesday 25 June 2008
|25.06.2008|Ընդդեմ ապատեղեկատվության
--------------------------------------------------------------------------------
Posted by: Admin
Date: June 25, 2008 04:39PM
Under: ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր կալանավոր Կարեն Թարխանյանի աչքը կուրացել է քրեակատարողական հիմնարկում` վերջինիս երեք ամիս շարունակ հիվանդանոց չտեղափոխելու և բուժօգնություն չտրամադրելու պատճառով: Հայտնվում է, որ Կ.Թարխանյանը քրեակատարողական հիմնարկ է ընդունվել սույն թվականի մարտի 10-ին, աչքը վիրահատված վիճակում: Կ.Թարխանյանին բուժող բժիշկը, հետվիրահատական բուժսպասարկում կատարելու նպատակով, հիվանդին բժշկական կենտրոն է կանչել մայիսի 2-ին: Քանի որ նշանակված օրը Կ.Թարխանյանը գտնվել է քրեակատարողական հիմնարկում, հիմնարկի ղեկավարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ և վերջինիս տեղափոխել բժշկական կենտրոն: Հիմնարկը կալանավորին բժշկական կենտրոն է տեղափոխել նաև հաջորդ օրը, մայիսի 3-ին` բժշկական հսկողություն իրականացնելու և համապատասխան բուժում նշանակելու նպատակով: Բժշկի կողմից նշանակվել է դեղորայք, ինչը քրեակատարողական հիմնարկում տրամադրվել է, և հիմնարկի բժշկական ծառայության մշտական հսկողության ներքո կազմակերպվել է բուժումը:
Տեղեկացնում ենք նաև, որ հունիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական ծառայության ղեկավարի կողմից անցկացվել է հատուկ բժշկական հետազոտություն, որի արդյունքում տրվել է եզրակացություն այն մասին, որ Կ.Թարխանյանի տեսողությունը չի վատացել և վերջինս ողնաշարի որևէ հիվանդություն չունի: Կ.Թարխանյանի բուժող բժիշկը, ոչ հիվանդին, ոչ էլ հիմնարկի վարչակազմին, երբևէ չի հայտնել ստացիոնար բուժում անցնելու նպատակահարմարության կամ անհրաժեշտության մասին:
Բացի այդ, լրատվության որոշ միջոցներ բովանդակում են ակնհայտ անհիմն և իրականության որևէ աղերս չունեցող տեղեկատվություն այն մասին, թե իբր ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում 30 հոգի հացադուլ են հայտարարել: Ընդ որում, խեղաթյուրվել են անգամ այնպիսի փաստեր, որոնց մասին մինչ այդ սահմանված կարգով արդեն իսկ հստակ ու մատչելի պաշտոնական տեղեկատվություն էր տրվել մամուլին և, բնականաբար, միակողմանի սուբյեկտիվ կարծիքները կամ իբր ՙհավաստի տեղեկությունները՚ հիմք ընդունելու փոխարեն, լրագրողը կարող էր տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգել պաշտոնական աղբյուրից:
Մասնավորապես, ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում հացադուլ են հայտարարել ոչ թե 30, այլ` ընդամենը 6 դատապարտյալ, այն էլ ոչ թե երեկ, այլ այսօր, հունիսի 25-ին, լրատվության միջոցներում տեղեկատվություն տարածելուց հետո:
Ցավում ենք, որ թերթը տվյալ դեպքում նախապատվությունը տվել է չստուգված բնույթի տեղեկատվությանը և անուղղակիորեն դրդել հացադուլների:
Առաջարկվում է լրատվության հիշյալ միջոցներին ձեռնպահ մնալ ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների խախտումից և հասարակությանը չտարամադրել ակնհայտ սուտ տեղեկատվություն: Ընդ որում, հիշյալ տեղեկատվությունը առաջացրել է նաև նշված կալանավորի արդարացի դժգոհությունը:
ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Աղբյուրը`
http://lraber.info/news.php?item.2033.101
Էջանիշներ