Վարդավառ է
17:38 | Հուլիս 17, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Եթե կիրակի հանկարծ Ձեզ վրա դույլով կամ բաժակով ջուր լցնեն, մի զարմացեք կամ վախեցեք: Ժպտացեք, քանի որ Վարդավառ է:

Ըստ հնագույն լեգենդի, հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո եւ ջրի աստվածուհի Աստղիկին, որը վարդաջրեր ցողելով եւ վարդեր նվիրելով, սեր էր պարգեւում մարդկանց:

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը փոփոխություններ է կրել :

Այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է' Քրիստոսի պայծառակերպության տոնը:

Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս, Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները: Երբ Մովսեսն ու Եղիան խոսում էին Հիսուսի հետ, մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի է լինում ու ամպից մի ձայն լսեցին. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրան լսեցեք»: Աշակերտները սաստիկ վախեցան եւ երեսի վրա ընկան: Հիսուսը մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի ելեք եւ մի վախեցեք», նրանք աչքերը բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան:

Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր կամ 14 շաբաթ հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Ի դեպ, Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Այդ իսկ պատճառով կառավարության որոշմամբ' ոչ աշխատանքային օր:

http://www.a1plus.am/am/society/2009/07/17/vardavar

ԱՅՍ ԿԻՐԱԿԻ ՎԱՐԴԱՎԱՌ Է

Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող Սուսաննա Մելիքյանն, ասուլիսում խոսելով «Վարդավառ» ավանդական հայկական տոնի մասին, նշեց, որ տոնի մշակութային ժառանգության տարրերը պահպանվել են հայ մշակույթի տարբեր համակարգերում, նույնիսկ հարսանեկան արարողություններում:

Վարդավառի տոնը, ըստ նրա, շատ մասնագետներ կապում են Անահիտ աստվածուհու պաշտանմունքի հետ, շատերն էլ` Աստղիկ դիցուհու: Այս տարի վարդավառի տոնը նշվելու է հուլիսի 19ին:

«Եկեղեցական մեկնաբանությամբ, վարդավառը հիմնականում Քրիստոսի պայծառակերպության գաղափարի հետ են կապում: Մեկ այլ բնորոշմամբ էլ, տոնը կապում են ջրհեղեղի հետ, երբ Նոյան տապանն իջել է Մասիսի վրա: Սակայն երբ ուսումնասիրում ենք 18-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերն ընկած ժամանակահատվածում մեր կենցաղում պահպանված նյութերը, տեսնում ենք, որ վարդավառի տոնն իր ծիսական համակարգով մտնում է Նավասարդի տոնաշարի մեջ»,-նշեց Ս. Մելիքյանը:

Մասնագետի խոսքերով, Վարդավառը համընկնում է բերքի աճի` հունձքի ժամանակաշրջանին: Տոնի ծեսերում արտահայտվում է պտղաբերության, բերքի հասունացման և ջրի պաշտամունքի գաղափարը:

Վարդավառի տոնական համակարգի կենտրոնական ծեսերից մեկը «Նուրի» ծես-խաղն է:
Նուրին ցորենի նոր հասկերից պատրաստված տիկնոջ տիկնիկ է: Սակայն, Ս. Մելիքյանի խոսքերով, «Նուրի» տիկնիկը կարող է հանդիպել նաև խաչի և ծառի տեսքով:

«Վարդավառի տոնին միմյանց վրա ջուր ցանելու ծեսը եկել է վաղուց, երբ հնում մարդիկ առատության, պտղաբերության համար ջուր էին ցանում Անահիտ աստվածուհու արձանի ոտքերին: Վարդավառի ջուրն աճեցնող է, բուժող է, սբազան է ու ավանդույթի համաձայն, եթե քեզ ջրում են վարդավառի օրը, ապա ասվում է, որ տվյալ մարդու հաջողությունն ու բարեկեցությունն ապահովված է»,-հավելեց մասնագետը:

Նշենք, որ վարդավառի տոնը հիմնականում նշվում է հունիսի վերջերից օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում: Իսկ հայ առաքելական եկեղեցու հաշվարկներով, Վարդավառի տոնը նշվում է Զատկի տոնից հետո 98-րդ օրը:

Աղբյուր` Panorama.am