Ժողովուրդ, էս ինչքան լավ պատմություններ էիք գրել, լիքը ծիծաղեցի
Մի բան էլ ես պատմեմ, որ հիմա հիշում եմ լայն ժպիտով, բայց այդ պահին... Ավելի լավ է կարդացեք։
Պատկերացրեք մի 5 տարի առաջ, ձմեռ, ցուրտ, երեկոյան ժամը 6–ն է արդեն, կիսամութ։ Ես էլ նստեցի երթուղային, նեղ մասով մի կերպ անցա՝ իմ՝ համեմատաբար բարակ «դուբլյոնկայով» ճեղքելով մի քանի հոգու հաստ վերարկուներով, մուշտակներով կազմված պատը, ու նստեցի վերջին 4 տեղանոց նստարանին։ Արդեն հանգիստ շունչ քաշեցի, որ հաջողացրի նստել... մեկ էլ հենց դիմացս նստած մարդը, որ 45–50 տարեկան կլիներ, հավանաբար մի քանի բաժակ էլ խմած էր, շրջվեց ու լուրջ ձայնով ասեց. «Բալիկ ջան, ճիշտ ա, շատ սիրուն ա, որ երկար մազեր ունես, բայց չե՞ս մտածում, որ կարող ա ուրիշներին տհաճ ա, որ իրանց քսվում են մազերդ»։
Բայց ախր մի երկար էլ լինեին, ուսիցս երևի մի 10 սմ էին երկար, ալիքաձև թափված էին ուսերիս։ Ձայն չհանեցի։ Շրջվեց, մի քանի վայրկյանից նորից նույն բանը ասեց մի քիչ ուրիշ բառերով։ Ես էլ մտածում էի, խմած մարդ է, ավել–պակաս խոսում է էլի, որ մի բան ասեմ, էլի շարունակելու է, նորից լռեցի։ Հիմա որ հիշում եմ՝ ոնց էի բերանս ջուր առել, նստել, ծիծաղս գալիս է, դե շատ ամաչկոտ էի
։ Մի քանի րոպեից էս մարդը սկսեց կողքինի հետ բարձրաձայն քննարկել, հետո շրջվեց կողքիս նստած տղային հարցրեց. «Բա քեզ տհաճ չի՞, որ իրա մազերը քո ուսին էլ են կպնում»։ Էս տղան էլ թե. «Չէ՛, ինչի՞ պտի տհաճ ըլնի»։
Ես կարմրել–կապտել, նստել եմ։ Մեկ էլ մի տղա է նստում երթուղային ու անմիջապես միանում է խոսակցությանը։ Ասում է . «Իր մազերը չեն, կուզի կթափի, չի ուզի, չի թափի, քո ի՞նչ գործն է»։ Մի քիչ էլ որ կրքերը թեժացան, էս նոր նստած տղան ասեց խմածին. «Բա՞ն ա եղել, արի իջնենք, խոսանք»։
Էս պահին ոնց որ եռման ջուրը լցնեին գլխիս։ Վարորդը կանգնեցրեց մեքենան, ու երթուղայինում գտնվող արական սեռի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ վարորդը, մի ակնթարթում հայտվեցին մի քանի մետր հեռավորության վրա։ Այդ պահին իմ վիճակը չեմ էլ կարող նկարագրել, թողնում եմ Ձեր երևակայությանը, միայն որպես հուշում ասեմ, որ երթուղայինում մնացած տարբեր տարիքի կանանց թարս հայացքներն ու հոգոցները պատկերավոր ձևով ասում էին. «Տեսա՞ր՝ ինչ եղավ...»
Բախտի բերմամբ վարորդը շուտ հիշեց իր պարտականության մասին ու մի քանի հոգու հետ վերադարձավ, իսկ վեճի հիմնական մասնակիցները այդպես էլ մնացին հազարամյակի ամենակարևոր հարցը քննարկելու։
Հ.Գ. Չեմ կարծում, որ դրա հետ կապ ունի, բայց դրանից հետո մազերս միշտ մաքսիմում ուսիցս են եղել։![]()
Էջանիշներ