Հայաստանի Հանրապետության
Սփյուռքի նախարարություն


Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան


ՀՀ սփյուռքի նախարարությունը 2009 թվականից սկսում է իրականացնել «Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան» ծրագիրը` «Արի տուն» խորագրով (այսուհետ` «Արի տուն» ծրագիր):

Ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Հայաստան-հայրենիքը, նպաստել սփյուռքահայ երիտասարդության` հայրենիքի զգացողության ձեւավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանը իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:

Ծրագիրը մեկնարկում է 2009թ. մայիսին` 6 ամիս տեւողությամբ, որի ընթացքում ամեն ամիս Սփյուռքի տարբեր հատվածներում նախապես ձեւավորված 14-25 տարեկան երիտասարդների 2 խումբ 2 շաբաթով կհյուրընկալվի հայաստանաբնակ հայ ընտանիքներում:

Հյուրընկալող ընտանիքների ընտրությունը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով. երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անշահախնդիր եւ անհատույց: Դրանում ներգրավված են Երեւան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության մի քանի մարզերի (Կոտայք, Արարատ, Արմավիր, Արագածոտն) համապատասխան կառույցները եւ դրանց կողմից առանձնացված կրթական հաստատությունները: Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձեւավորումն ու Հայաստան տեղափոխումն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների աջակցությամբ: Հայաստան այցելող երիտասարդները իրենց ճանապարհածախսը պետք է հոգան սեփական կամ այլ հովանավորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը եւ ճանապարհումը, իրականացվելու է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են Սփյուռքի եւ հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ, հայրենակցական կապերի ստեղծում, ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների, ցուցահանդեսների, փառատոների դիտումներ: Կիրականացվեն նաեւ ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմություն, մասնակցություն երգի, պարի, գեղարվեստի խմբակներին: Կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ:

Համոզված ենք, որ «Արի տուն» ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը եւ հայադարձությանը, երիտասարդների միջեւ հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպական միջոցառումների իրականացումը կապահովեն ՀՀ սփյուռքի նախարարությանը կից ձեւավորված միջգերատեսչական համակարգող խորհուրդը եւ աշխատանքային խմբերը:



Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
ՀՀ սփյուռքի նախարարություն

Հասցե` ՀՀ ք.Երեւան 0010, Վ. Սարգսյան 26/1,
Հեռ.` (+37410) 58-56-01/117/
Հեռապատճեն` (+37410) 58-91-57
էլ.հասցե: [email protected]