Մենք արդեն խոսել ենք, թե ինչ վերաբերմունք ունենք բժիշկների նկատմամբ: Թույլ տվեք մի քիչ էլ հայ հիվանդներից խոսել: Նրանք բժիշկներին լսելու սովորություն բացարձակապես չունեն: Իրենք իրենց ամենագետ են համարում, իսկ հետո երբ ինչ-որ բան այնպես չի լինում, միանգամից բժշկին են մեղադրում: Մի քանի օրինակ կարող եմ բերել:
Վերջերս հիվանդանոցում հերթապահում էինք: Մտանք մի հիվանդի մոտ, տեսանք, որ մի դեղ է խմում: Հետո նայեցինք նրա մահճակալին փակցված նշանակված դեղերի ցուցակին և տեսանք, որ այդ հիվանդի խմած դեղն այնտեղ չկար նշված: Հարցրեցինք, թե արդյոք նշանակել են այդ դեղը, պատասխանեց, որ ոչ: Քիչ անց հերթապահ բժիշկը եկավ, հարցրեց, թե արդյոք բժշկի նշանակումներից դեղ ինչ-որ դեղեր է ստանում, ասաց, որ ոչ…
Հետո, երեկ հայտնաբերեցի, որ տատիկս մի դեղ է խմում, որը հիպերտոնիկ հիվանդներին սիստեմատիկ օգտագործման համար խորհուրդ չի տրվում: Նրան ասացի այդ մասին: Նա ասաց, որ իր բժշկուհին էլ է նույնն ասել, սակայն, միևնույն է, խմելու է, որովհետև այդ դեղն օգնում է:
Մի դեպք էլ եմ հիշում: Դասախոսս իր հիվանդին պատվիրել էր, որ իր սննդից հանի աղի գործածումը: Մտանք հիվանդասենյակ, տեսանք, որ այդ հիվանդն սպիտակ պանիր է ուտում:
Ու ընդհանրապես, բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ բժիշկը կոնկրետ սննդակարգ է նշանակել, սակայն հիվանդը չի հետևել դրան (ի դեպ, տվյալ դեպքում բժիշկն ասել էր, որ մինչև չհետևի իր նշանակած սննդակարգին, դեղ չի նշանակի, որովհետև դա գումարի անիմաստ կորուստ կլինի): Էլ չեմ խոսում դեղերի մասին: Ասենք, հիվանդը կոնկրետ մի ժամի մոռանում է դեղը խմի, հաջորդ ընդունման ժամանակ որոշում է կրկնակի դոզայով ընդունել: Չեմ խոսում դրա հետևանքների մասին:
Մեկ էլ էս հայ ժողովուրդը բժշկին դիմելու կուլտուրա չունի: Իրենք իրենց չափից դուրս խելացի կարծելով՝ զբաղվում են ինքնաբուժմամբ:
Չգիտես ինչու, բժիշկներին չեն վստահում: Ինչ խոսք, ունենք անորակ բժիշկներ, բայց լավերն էլ քիչ չեն: Հաճախ դիմում են այն ժամանակ, երբ արդեն դանակը ոսկրին է հասել, և այլևս որևէ բան անել հնարավոր չէ: Հետո էլ բողոքում են, թե բժիշկն էր մեղավոր:
Էջանիշներ