Բազմիցս չարչրկված երրորդ ուժի թեման նորից սկսում է գլուխ հանել: Օրեցօր ավելանում են տարբեր կալիբրի քաղ. գործիչներ, ովքեր սկսում են վերլուծել ու ներկայացնել ընդդիմափոխության, երրորդ ուժի գոյության անհրաժեշտության այդպես էլ չապացուցված, սին տեսությունը: Ունեմ ներքին համոզմունք, որ առաջիկայում այս թեմայով «վերլուծություններն» ու հոդվածները ավելանալու են, կամա թե ակամա դառնալու է հանրության մեջ քննարկվող առարկա: Եթե առաջանում է մի տեսություն, ապա կա դրա անհրաժեշտությունը:

Բայց ու՞մ է դա անհրաժեշտ: Արդյոք ժողովրդի՞ն, թե՞ իշխանությանը: Հավանաբար իշխանությանը: Առաջնահերթ այն պատճառով, որ երրորդ ուժի գոյությունը, երկու «տարբեր ընդդիմությունների» գոյությունը նշանակում է, որ երկրում խիստ ճգնաժամային վիճակ չէ: Շարժում գաղափարն ինքը հենց ճգնաժամ է նշանակում: Եթե ունենք տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, ուժեր, կուսակցություններ, խմբավորումներ, ովքեր հավաքվել են մի դրոշի տակ ու մի ընդհանուր նպատակ են հետապնդում, դա արդեն իսկ նշանակում է, որ կա խորը ճգնաժամ, որի միակ լուծումը մեր դեպքում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն են, ժողովրդի կամոք իշխանափոխությունը: Երրորդ ուժի արհեստական ծնունդը իշխանություններին հնարավորություն կտա թե երկրի բնակչությանը, թե արտաքին աշխարհին ցույց տալ, որ իբր այդ ճգնաժամը չկա:

Բացի դրանից պոպուլիստական, ականջը շոյող խոսքեր ասող երրորդ ուժի ծնունդը կկարողանա հաճոյանալ, ապակողմնորոշել, խաբել շարժման մասնակիցների մի որոշ, ոչ մինչև վերջ կողմնորոշված մասսայի, այդպիսով փոքր-ինչ թուլացնել շարժումը:

Ի՞նչ խնդիր կարող է լուծել այդ երրորդ, մտացածին ուժը: Կարո՞ղ է արդյոք իր դրոշի տակ հավաքել սթափ դատող, քաղաքացիական հստակ գիտակցություն ունեցող մարդկանց այնպիսի բանակ, ում օգնությամբ կարելի է փոփոխություններ անել: Ո՛չ: Հիմնական սթափ դատող մարդիկ արդեն այլ դրոշի տակ են ու հստակ գիտակցում են, թե այդ երրորդ ուժն ում է անհրաժեշտ: Կարո՞ղ է արդյոք իր դրոշի տակ հավաքել գոնե ոչ այնքան սթափ դատող մարդկանց, բայց գոնե շատ մեծ թվով մարդկանց, որ միայն առաջնորդների «խելքով» ու այդ մարդկանց բազմությամբ հասնեն փոփոխությունների: Ո՛չ: Գրեթե բոլոր այն մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարելու, արդեն այլ դրոշի տակ են:

Հետևաբար երրորդ ուժը միայն մի խնդիր կարող է լուծել. հնարավորինս քաոսացնել ներկա քաղաքական դաշտը, կատարել իմիտիցա և... ամրապնդել իշխանության հիմքերը:

Այս երրորդ ուժ գովերգող և այն ստեղծելու փորձ անող մարդիկ կամ կատարած կլինեն իշխանության պատվերը, կամ էլ շարժվելով ազնիվ մղումներով, իրենք էլ դա չգիտակցելով, ծանր վերք կհասցնեն մեր երկրին, կդժվարացնեն ելքի միակ ճանապարհը, որն է ներկայիս կազմավորված, կայացած, կուռ շարժումը:

Ովքե՞ր կկազեն այդ երրորդ ուժը: Մի քանիսն արդեն սկսել են գործը. Ռուբեն Հակոբյան, Տիգրան Ուրիխանյան... ովքե՞ր կշարունակեն այս գործը: Կարծում եմ, որ սխալված չեմ լինի, եթե տամ Սամվել Բաբայանի, Ալբերտ Բազեյանի (ովքեր բացառված չէ, որ ներկայումս էլ ընդհատակից գործում են), Արտաշես Գեղամյանի (չնայած գուցե այս մեկին գործի դնել արդեն չհամարձակվեն՝ չբացահայտվելու համար), Վազգեն Մանուկյանի (գուցե ոչ իր անունով, այլ ասենք Ալբերտ բաղդասարյանի), գուցե Պարույր Հայրիկյանի, այլքի անունները:

Մեզ՝ հասարակ ժողովրդիս, ներկա պարագայում ոչ միայն պետք չէ «երրորդ ուժի» ծնունդը, այլև ցանկալի է նրա չլինելը:


Հ.Գ. Երրորդ ուժի հետևից գնալու են նրանք, ովքեր իսկապես Լևոնի կողմնակիցներ չեն և ատում են նրան, ու հենց միայն այդ պատճառով էլ ատում են շարժումը, և որոնք չեն կարող բացահայտ ընդունել, կամ գուցե իսկապես չեն ընդունում ներկայիս իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Սրանք մեծ մասամբ միջին մասնագիտական կրթություն ունեցող, կամ բարձրագույն ավարտ մարդիկ են, որոնք կյանքում հասել են շատ որոշակի կենցաղային պայմանների, գուցե նաև ունեն փոքր պաշտոններ, ավելիին չեն ձգտում, և ուզում են ունենալ կայուն, հաստատուն կյանք: Այսօր նրանք ապահով են մասամբ, շատ լավ դա հասկանում են, բայց ուզում են պահպանել հենց այդ մասամբը, որովհետև քաղաքական վայրիվերումներից վախենում են: Եվ դա շատ բնական բան է: Բոլոր քաղաքացիներից պահանջել հերոսություն հնարավոր չէ: Այ սրանցից էլ օգտվելու են նրանք, ովքեր երրորդ ուժի գովերգությունն են անում և հենց դրանով էլ վտանգավոր են: