Progress-ի խոսքերից
Ռուսալեզու թերթերից մեկը վերջերս ակնարկ էր արել Հայաստանի Առաջադիմական Կուսակցության ընդդիմադիր գործունեության վերաբերյալ` շոշափելով ՀԱԿ ղեկավարության իշխանական օղակներում չհայտվելու հանգամանքը:
Արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում եմ ինձ հեռու պահել արդեն լրիվ այլանդակված ներքաղաքական, ավելի ճիշտն ասած` «պաշտոնամոլական» խաղերից ու մանր-մունր կուսակցությունների (ընդ որում որոնցից մեկն էլ ես եմ ղեկավարում) կամ իշխանության կամ էլ ընդդիմության ղեկավարների հետ «բազարներից»: Բայց դե արի ու տես, որ չի ստացվում: Հոգնել եմ արդեն երկար տարիներ կրկնելուց, որ երբևէ Առաջադիմական կուսակցությունը իշխանությունից կամ անհատից չի ակնկալել ո՛չ պաշտոն, ո՛չ փող, ո՛չ էլ ինչ-որ մի այլ բան, երբևէ ըստ այդ չափանիշների չի կողմնորոշվել ու դրանցից կախված չի փոխել իր դիրքորոշումն ու գործելակերպը:
Ինքս, որպես ՀԱԿ ղեկավար երբևէ որևէ մեկի հետ չեմ բանակցել և նույնիսկ քննարկել ինչ-որ պաշտոնի հարց, հերթ չեմ կանգնել պատգամավորական ցուցակներում տեղ ունենալու համար և այլն: Ավելին, հրաժարվել եմ առաջարկվող պաշտոնից, երբ որ դրա դիմաց ինձանից պահանջվեց թողնել կուսակցությունը: Եվ այդ բոլորը արդեն երկար տարիներ, որոնց ընթացքում մեր կողմից շատ կոշտ քննադատվել են առանց բացառության բոլոր արատավոր երևույթները բոլոր ոլորտներում ու, հատկապես, պետական կառավարման համակարգում: Դրա արդյունքում իշխանության տարբեր օղակներում եղած շատերը բացասական վերաբերմունք, իսկ ոմանք էլ թշնամանք են տածում Առաջադիմական անվանումն իսկ լսելիս: Արդեն երկրորդ տարին է` որևէ էլեկտրոնային լրատվամիջոց ոչ մի կերպ չի լուսաբանում Առաջադիմական կուսակցության գործունեությունը, նույնիսկ եթե ՀՀ Կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում անցնում է ՀԱԿ համագումարը, բայց մյուս կողմից մենք չենք կարողանում մոռանալ ընդդիմությունը ներկայացնողների նախկինում պաշտոնավարած տարիներին տեղի ունեցած անարդարությունը, ապօրինությունները, լկտիությունն ու թալանը: Նորից ուզում եմ ընգծել, որ այդ երևույթները առկա են նաև մեր օրերում ու հենց դրանք մատնանշելու համար այսօր ՀԱԿ-ը ոչ մի կերպ ոչ մի ոլորտում ներկայացված չէ: Իսկ ռուսալեզու թերթը իրեն թույլ է տալիս ակնարկ, թե որևէ պաշտոն չստացան և սկսեցին ավելի ընդդիմադիր կերպով գործել:
Ոչ մի կերպ ինձ կամ իմ կուսակցական ընկերներին պաշտոն կամ որևէ այլ բան առաջարկելու պարագայում, մենք չենք դադարելու խոսել անպատասխանատու չինովնիկների, անապահով մարդկանց, անարդար որոշումների, ապօրինի տուժածների, տգետ կառավարիչների, անորակ շինարարության անբավարար սպասարկման, անտեղի հատկացումների, փոշիացվող պետական միջոցների, կեղծ ու անազնիվ քաղաքական ու պետական գործիչների և այլ նմանատիպ երևույթների մասին, ընդ որում, անկախ նրանից` կունենանք պաշտոններ թե ոչ: Այդ կերպ վարվել ենք 1999-ից մինչև 2008թթ.` չնայած շատ-շատերը համառորեն մեզ կպցնում էին «իշխանամետ» պիտակը, շատ ժամանակ նույն իշխանության մեջ եղածների փոխանցմամբ: Էլ «սրա բարեկամ», էլ «նրա քավոր կամ սանիկ», էլ «սա են խոստացել», էլ «նա են խոստացել», էլ «գումար են տալիս»: Այս տեսակ կարծիքներ էին հնչում իմ և ՀԱԿ-ի մասին այնքան, մինչև բոլորին պարզ չդարձավ, որ պաշտոն չկա, փող չկա, լծակներ չկան, իշխանական հովանավորչություն չկա: Այստեղ բոլորի մոտ հարց առաջացավ` բա էլ ինչի՞ համար է Տիգրան Ուրիխանյանը պաշտպանում Սերժ Սարգսյանին: Հերթական անգամ ուզում եմ կրկնել` ես չեմ պաշտպանել ու չեմ պաշտպանում Սերժ Սարգսյանին, ես պաշտպանել ու պաշտպանում եմ նրա բռնած կուրսը, նրա բարի ցանկություններն ու առանց ցնցումների կտրուկ փոփոխություններ իրականացնելուն միտված քայլերը: Եվ որևէ բան այդ հարցում չի փոխվել ու չի փոխվելու, չնայած` թերի ու շատ ժամանակ զարմանալի կադրային քաղաքականության, չնայած շատ ու շատ անարդար դրսևորումների, իշխանության միջին, երբեմն էլ բարձր օղակներում տարբեր մարդկանց դժկամ կամ շահադիտական գործողությունների և այլն:
Սա՛ է իրականում մեր մտածելակերպն ու մոտեցումը, և այսպիսինն է անձամբ իմ համոզմունքը, որքան էլ որ դա կարող է դուր գալ կամ չգալ իշխանություններին կամ ընդդիմությանը, կամ էլ լրագրողական եղբայրությանը: Իսկ եթե այս վիճակը որևէ մեկին ձեռնտու չէ, ապա առաջարկում եմ . . . ի՞նչ կմտածեիք` այո՛, «վերցնել 30 արծաթը և շարունակել . . .»
Հայաստանի Առաջադիմական
Կուսակցության նախագահ` Տ. Ուրիխանյան
Էջանիշներ