Դաշնակցությունը «վիզ կտրելու» մասին հրահա՞նգ է տվել
17:42 Yerevan | 13:42 GMT | Thursday 10 July 2008
Հեղինե Մանուկյան

Հուլիսի 6-ի երեկոյան ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի Բրոդվեյ եւ Հարվարդ փողոցների խաչմերուկում գտնվող սրճարաններից մեկում «Վարագույր» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ռուդիկ Հովսեփյանի վրա է հարձակվել նույն քաղաքում ապրող դաշնակցական Րաֆֆի Բոյաջյանն ու «աշխարհի տակի հայհոյանքները» տեղացել Հովսեփյանի հասցեին:

Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում Ռ.Հովսեփյանը մանրամասնեց իր գլխին եկածը. «Այդ մարդու անսանձ վարքի ու հայհոյանքների մեջ կար 14 տարվա այն մաղձը, որն այդ դաշնակցականը եւ ՀՅԴ-ն ընդհանրապես կուտակել են իրենց մեջ իմ հաղորդաշարը դիտելիս: Այդ հաղորդաշարում անդրադառնալով հայաստանյան քաղաքական կյանքին` ես միշտ քննադատաբար եմ արտահայտվում ՀՅԴ-ի մասին, որովհետեւ այդ կուսակցությունն իրեն կարգին չի պահել իր պատմության ողջ 118 տարիների ընթացքում: Եվ ահա, այդ մարդը սկսեց հայհոյել ինձ, ասելով` դաշնակցությունը քեզ ի՞նչ է արել, որ քննադատում ես, ու մասսայի առաջ տեղաց աշխարհում հայտնի բոլոր հայհոյանքները: Ես եւ ինձ հետ սրճարան եկած ազատամարտիկ Հրանտ Թումասյանն ու Համաժողովրդական Շարժման Լոս Անջելեսի կենտրոնի անդամ Գարիկ Բարսեղյանը փորձեցինք հանգստացնել նրան, ասելով` հանգիստ տեղդ նստիր, իսկ նա էլ ավելի ընդլայնեց իր հայհոյանքների «տեսականին» ու ամեն ինչ անում էր, որպեսզի մտնենք իր հետ կռվի մեջ ու խփենք իրեն: Բայց մենք չգնացինք այդ պրովոկացիային, նույնիսկ հեռու գնացինք, իսկ նա անդրդվելի մնաց ու հայհոյանքներին զուգահեռ այսպիսի արտահայտություն արեց, թե երեք տարի առաջ մեքենադ վառեցինք, քեզ վախեցրեցինք, չխրատվեցի՞ր, նորից դաշնակցության դե՞մ ես խոսում, ա~յ...: Դաշնակցությունը հրահանգել է, որ քո վիզը կտրենք...Քեզ սպանելու ենք: (Հովսեփյանը հավաստիացրեց, որ երեք տարի առաջ Լոս Անջելեսում գտնվող հայկական հեռուստատեսության շենքի առաջ կայանած իր մեքենայի վրա անհայտ անձինք այրող ներկ էին լցրել եւ վրան գրել` «Քեզ սպանելու ենք»: Հովսեփյանը դիմել էր ոստիկանություն, սակայն վանդալիզմի հեղինակներին չէր հաջողվել պարզել): Երբ խոսակցությանը խառնվեց սրճարանի անվտանգության աշխատակիցն ու ասաց` չշարժվել, հիմա ոստիկանությունը պիտի գա, մենք մնացինք մեր տեղում կանգնած: Բոյաջյանը փորձեց փախուստի դիմել` հրմշտելով անվտանգության աշխատակցին ու ասաց` թող, ես դրան պիտի սպանեմ ու նորից հայհոյանքներ տեղաց, թե ձեզ էլ, ձեր ընդդիմությանն էլ, ձեր առաջնորդին էլ, սաղիդ իրար հետ...: Անվտանգության աշխատակիցը մի հարվածով գետնին գցեց խուլիգանին, իսկ քիչ անց սրճարան եկան ոստիկանության 6 մեքենա եւ մի ուղղաթիռ ու բռնեցին խուլիգանին: Նա անմիջապես փափուկ բարձ դառավ, սկսեց լացել, գոռալ, թե իբր ինձ ինքը ոչինչ չի ասել, ընդամենն ասել է կոմունիստ»: Նշենք, որ Ր.Բոյաջյանը կալանավորված է: Ռ.Հովսեփյանը վստահեցրեց, որ սրճարանում պատահածը միակ դեպքը չէ, տարիներ շարունակ իրեն են զանգահարել անհայտ անձինք ու սպառնացել են, թե սպանելու են դաշնակցությանը քննադատելու համար: «Սա պատերազմ էր ոչ միայն իմ դեմ, այլ բոլոր նրանց դեմ, ովքեր այսօր Լոս Անջելեսում ազատ խոսքի իրավունք ունեն: Այն մթնոլորտը, որն այսօր տիրում է Երեւանում` ՀՅԴ-ն ցանկանում է հաստատել նաեւ Լոս Անջելեսում, վախեցնել լրագրողներին, ազատ խոսք արտահայտող մարդկանց, քանի որ ամերիկահայության 90 տոկոսը կողմ է եւ անվերապահորեն սատարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի ապացույցն են Լոս Անջելեսում տեղի ունեցող բազմահազարանոց միտինգները»:

Ռ.Հովսեփյանը վստահեցրեց, որ այժմ իր փաստաբանի հետ նյութեր է նախապատրաստում եւ նախատեսում է մոտ օրերս դիմել դատարան: «Եթե Բոյաջյանն ասում է, որ հրաման ունի ինձ սպանելու, նշանակում է` ինչ-որ մի կենտրոնից է ստացվել այդ հրամանը: ՀՅԴ-ն գրանցված չէ եւ իրավունք չունի գրանցվել Լոս Անջելեսում, եւ եթե այդ մարդն ասում է, որ իրեն հրաման են տվել ինձ սպանելու համար, ապա ԱՄՆ-ի իրավապահները պետք է պարզեն, ովքե՞ր են հրաման տվողները` տեռորիստական խու՞մբ, կուսակցությու՞ն, թե՞ մեկ այլ խմբավորում: Բոյաջյանի վրա երեք-չորս հոդվածով մեղադրանք է առաջադրվելու. առաջինը` անձին սպանելու մասին սպառնալիք, երկրորդ` նա խոստովանեց, որ ժամանակին վառել է իմ մեքենան, երրորդ` նա մասսայական վայրում վիրավորել է ինձ` հայհոյանքներ տեղալով: Ինձ հետ պատահածը ԱՄՆ-ի օրենսդրությունը բնորոշում է «տեռորիստական ակտ» տերմինով, եւ եթե ես ապացուցեմ, իսկ ես հաստատ կապացուցեմ, որ ինքը խոսել է ոչ թե իր անունից, այլ կուսակցության անունից, Բոյաջյանը 10-15 տարի ազատազրկման կդատապարտվի: ...Համոզված եմ, որ ինչպես Նաիրի Հունանյանի դեպքում էր, այնպես էլ հիմա` Բոյաջյանի դեպքում, ՀՅԴ-ն կկանգնի ու կասի, որ Բոյաջյանը ժամանակին է եղել դաշնակցական եւ որ հիմա վռնդվել է կուսակցությունից»:

Ռ.Հովսեփյանը հիշեցրեց նաեւ տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպը եւ դրա մասին «Առավոտ» օրաթերթի հրապարակումը. «2001թ.-ի հունվարի 2-ին Ազատության հրապարակի շրջակայքում, ժամը 4.30-ին, ինձ մոտեցել է Նարեկ անունով անձնավորություն, որը, ներկայանալով որպես ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի թիկնապահ, ինչպես նաեւ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդի, իր վրդովմունքն է հայտնել 2000թ. հոկտեմբերի 27-ին «Ա1+» հեռուստաընկերության «PS» հաղորդաշարով Հայաստանի ներկայիս իշխանությունների եւ ՀՅ Դաշնակցության գործունեության վերաբերյալ իմ արտահայտած գնահատականների առթիվ եւ սպառնացել, որ եթե մեկ էլ համարձակվեմ քննադատել ՀՅ Դաշնակցությանը, իմ նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն: ...ՀՀ գլխավոր դատախազ պարոն Նազարյանին խնդրում եմ հայտարարությունս ընդունել որպես հաղորդում հանցագործության վերաբերյալ եւ ՀՀ քր. դատ. օր.-ի պահանջներին համապատասխան կարգադրել նյութեր նախապատրաստել քրեական գործ հարուցելու համար»: «Առավոտի» այդ օրվա համարում ասվում էր նաեւ, որ «ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդի Նարեկ Առուշանյանը նկարիչ է եւ որեւէ մեկի թիկնապահ աշխատելու ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ հոգեբանական տվյալներ ու հակումներ չունի»:

Zhamanak.com