ՄԻ ՀԱՏ ԷԼ ՍԿԱՆՎՈՐԴ ՈՒՂԱՐԿԵՔ
ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ 23 կետից բաղկացած հարցաշար է ուղարկել կառավարությանը եւ հիմա սպասում է դրա պատասխանին:
«ՉԻ» - Այ սա արդեն իսկապես վճռական գործողություն է: Թե չէ անիմաստ տեղը Էդուարդ Նալբանդյանի հրաժարականն էին պահանջում: Հարցաշարի գաղափարը, համաձայնվեք, իսկապես լավն է: Այլեւս որեւէ մեկը «մուննաթ չի գա», թե ինչու դաշնակները Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում: Կասեն «սպասում ենք հարցաշարի պատասխանին»: Կառավարությունն էլ, բնականաբար, չի ուղարկի պատասխանները: Գլուխները խառն է:
Այսինքն, եթե նույնիսկ պատասխանի էլ, պրոբլեմ չկա: Մի շաբաթ հետո ՀՅԴ-ն նոր հարցեր կուղարկի, հետո` հայ-թուրքական արձանագրությունների թեմայով խաչբառ, հետո հոգեբանական թեստ, հետո կառավարության անդամներից արյան եւ մեզի անալիզ կպահանջի եւ այդպես շարունակ: Մի խոսքով` ամեն ինչ կանի, որպեսզի հանկարծ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չբարձրացնի:
Հ.Գ. Ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է նման մի բան արել: Բայց նա գոնե այնքան «դուխ» ուներ, որ հարցերը Ռոբերտ Քոչարյանին էր ուղարկել:
Էջանիշներ