ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԱՍԵԼ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԽՈՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Քաղաքագետ Իգոր Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նրանց խնդրանքով մեկնաբանել է կառավարող կոալիցիայից ՀՅԴ դուրս գալու պատճառները, ասելով, թե իրականում Դաշնակցությունը լավ էլ գիտեր, որ ստորագրվում է հայ-թուրքական համատեղ հայտարարություն:
“Նրանք ամեն ինչ շատ լավ գիտեին: Այստեղ խորն է խնդիրը: Բանն այն է, որ Մոսկվայում եւ Շվեյցարիայում, գուցե ուրիշ այլ տեղ այդ փաստաթղթերի ստորագրությունը ապահովում է արտաքին ռակուրսը նրա, որ ներկայիս իշխանությունը կմիանա ակտուալ ընդդիմության հետ, որովհետեւ Տեր-Պետրոսյանական թիմը մտածում է հենց նույն ձեւով, նրանք չունեն այլ սցենար: Եթե այդ միավորումը տեղի ունենա, իսկ դա տեղի կունենա անպայման, մենք դեռ կհասցնենք խոսել այդ մասին, ապա Դաշնակցությանը ոչ միայն Հայաստանում, պատմության մեջ, այլ ոչ մի տեղ չի մնում տեղ: Դրա համար էլ նրանք շտապեցին դուրս գալ այնտեղից: Ես շատ լավ գիտեմ, թե ում ձեռքն է գծել Ղարաբաղի ապագայի քարտեզը: Ես շատ լավ գիտեմ, որ դաշնակ առաջնորդները գծում էին նոր սահմանները, ինձ անձամբ բացատրում էին, որ սա լավ է, սա նույնպես վատ չէ”, հեգնում է Իգոր Մուրադյանը:
Այդուամենայնիվ, Իգոր Մուրադյանն ասում է, որ պետք է գնահատել Դաշնակցության քայլը, քանի որ ՀՅԴ-ն կայացրեց մի որոշում, որին գնաց մեծ զոհողության գնով` պաշտոններ, բիզնես: Նրանց եկամուտը կպակասի, ասում է Իգոր Մուրադյանը, նշելով, որ նրանց մոտ հարկային ստուգումներ կսկսեն, այնպես որ Դաշնակցությունը մեծ զոհողության է գնացել՝ կայացնելով իշխանությունից հրաժարվելու որոշում: “Իսկ գիտեք ինչը դարձավ խթան: Բանն այն է, որ արտասահմանի ընկերները, որոնք իրապես զբաղված են գործով, քաղաքականությամբ, նրանք ասացին, որ մենք հայտարարություն կանենք այն մասին, թե ինչով եք դուք այնտեղ զբաղված: Դա շատ լուրջ մտադրություն էր”, ասում է Իգոր Մուրադյանը:
Էջանիշներ