Ժառանգություն խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը, ով հոկտեմբերի 26-ին եղել է Հայելի ակումբի հյուրը, ներկայացրել է որոշ մանրամասներ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների պատգամավորների հանդիպման վերաբերյալ, որ օրերս տեղի է ունեցել Ռուսաստանի Պետդումայում: Այդ հանդիպմանը կողմերը, ըստ Վարդան Խաչատրյանի, քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերության խնդիրներ, մասնավորապես, առաջարկ է հնչել սահմանամերձ առեւտրի իրականացման վերաբերյալ: Առաջարկի հեղինակը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Ըստ Վարդան Խաչատրյանի, Վահան Հովհաննիսյանը հնչեցրել է այդ միտքը, իսկ ինքն էլ հետո կոնկրետացրել է, առաջարկելով Հայաստանի հյուսիսային մասում որեւէ տարածք առանձնացնել եւ ստեղծել հայ-ադրբեջանական ազատ առեւտրի գոտի: Լրագրողների հարցին, թե արդյոք դա էլ կարելի է համարել հայ-ադրբեջանական սահմանի բացման գործընթացի սկիզբ, Վարդան Խաչատրյանը նշել է, թե որեւէ մեկի մոտ թող չստեղծվի տպավորություն, թե երկու օր անց այդ ամենն իրականություն է դառնալու: Նրա խոսքով, ընդամենը հնչել է առաջարկ, առաջարկն արել է Վահան Հովհաննիսյանը, իսկ ինքը կոնկրետացրել, ու դա դեռ պետք է քննարկվի, ծանրութեթեւ արվեն դրական եւ բացասական կողմերը, դրա շուրջ քննարկումներ ծավալվեն, նոր խոսվի իրականացնելու հեռանկարի մասին:
Էջանիշներ